Լրահոս
Օրվա լրահոսը

Զավեշտն այն է, որ Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի օգտին ընդամենը 25 հազար ձայն էր ստացվել. «Հրապարակ»

Հունիս 17,2020 11:34

Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուց հետո իշխանությունը չի պատրաստվում զենքերը վար դնել։ Առաջիկա օրերին ԲՀԿ-ի դեմ սանձազերծված պատերազմը նոր դրսեւորումներ է ունենալու, հնարավոր եւ անհնարին բոլոր ճանապարհներով փորձելու են զսպել երբեմնի այլընտրանք, իսկ այսօր ռադիկալ ընդդիմադիր դաշտը զբաղեցրած ԲՀԿ-ականներին։ Իրավապահներին արդեն իսկ հրահանգ է իջեցվել՝ քրքրել գզրոցները եւ ամեն գնով քրեական գործեր հարուցել։

Ծառուկյանից բացի, արդեն իսկ գործ է հարուցվել ԲՀԿ վարչության նախագահ Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ՝ կրկին ընտրակաշառքի թեմայով։ Թե ինչպես ստացվեց, որ երկու եւ նույնիսկ երեք տարվա ընտրազեղծարարությունների հարցով սկսեցին զբաղվել հենց հիմա, կամ ինչու անցյալի ընտրակեղծիքների բացահայտումը սկսեցին ԲՀԿ-ից եւ ոչ, ասենք, Արտակ Սարգսյանից՝ ՀՀԿ նախկին պատգամավոր ՍԱՍ-ի Արտակից, ով, հայտնի ձայնագրության համաձայն, ՀՀԿ-ի համար ամենաշատ ձայն բերողներին խոստանում էր Իտալիայում հանգստի ուղեգիր տալ, կամ անգամ 1996 թվականի նախագահական ընտրություններից, կարծում ենք՝ հարցի պատասխանը շատերին է հայտնի․ ՍԱՍ-ի Արտակը Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս չի եկել, իսկ Գագիկ Ծառուկյանն իշխանափոխության պահանջ է ներկայացրել։ Այնուհանդերձ, Նաիրա Զոհրաբյանի մասին ԱԱԾ հաղորդագրությունը մի շարք հարցադրումներ է առաջացնում։ Դրանից պարզվում է, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտը տեղեկություններ է ստացել, որ ԲՀԿ-ն խախտումներ է կատարել ոչ միայն 2017-ի խորհրդարանական ընտրություններում, այլեւ Երեւանի ավագանու։ Մասնավորապես պարզել է, որ մոտ 100-120 հազար մարդու գրանցումը փոխելու միջոցով դարձրել են Երեւանի ընտրող եւ ԲՀԿ-ի համար ձայներ ապահովել։ Մինչդեռ ողջ զավեշտն այն է, որ Երեւանի ավագանու ընտրություններին ԲՀԿ-ի օգտին ընդամենը 25 հազար ձայն է ստացվել։ Բայց սա էլ դեռ ոչինչ․ ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ «2004 թ. ապրիլի 30-ին հիմնադրված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամները, մասնակցելով տարբեր տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում անցկացված Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իրենց կուսակցության, թեկնածուների, հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որեւէ մեկի օգտին կողմ քվեարկելու նպատակով, ընտրողներին անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով տրամադրել են կաշառք` դրամ, գույք կամ որեւէ այլ առավելություն, որպիսի ապօրինի գործողություններով տարբեր ընտրություններին կամ հանրաքվեներին ստացել են իրենց համար ցանկալի արդյունքներ»։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930