Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը հյուրընկալվել է 42, ընդդիմությունը՝ 4-5 անգամ. սա Հանրայինում ապահովե՞լ է կարծիքի բազմազանություն». Սամսոնյան

Հունիս 17,2020 11:12

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ այսօր ԱԺ նիստում «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը նկատեց, որ զեկույցում ասված է՝ Հանրային հեռուստաընկերությունը հիմնականում ապահովել է քաղաքական, տնտեսական, սոցիալական խնդիրների վերաբերյալ տեսակետների ներկայացումը լրատվական թողարկումներում եւ հարցազրույցներում: «Քաղաքական հարցազրույցի ժանրի հաղորդումներից մեկում իշխանության ներկայացուցիչները հյուրընկալվել են մոտ 42 անգամ, իսկ ընդդիմությունը՝ 4-5: Դուք կարծում եք, որ այս հարաբերակցությունն ապահովո՞ւմ է քաղաքական կարծիքի բազմազանությունը»,-հարցրեց Սամսոնյանը ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին:

«Լուրերում եղել են ռեպորտաժներ, որոնցում հակադիր կարծիք չի ներկայացվել, պարզաբանելու հնարավորություն չի տրվել, իսկ հասարակական-քաղաքական քննարկումներում կողմերի հավասարակշռությունը չի պահպանվել»,-հավելեց պատգամավորը:

Տիգրան Հակոբյանը նախ նկատեց, որ իր զեկույցը վերաբերում է նախորդ տարվան. «Չեմ բացառում, որ այս տարի վիճակն ավելի բարվոք է եղել, եթե դուք գտնում եք, որ շեղում կա: Բացի այդ, մենք չենք խոսում ընդդիմության եւ իշխանության ներկայացուցիչների հավասարության մասին, եւ որեւէ երկրում նման օրենսդրական պահանջ չկա: Մենք խոսում ենք կարծիքի բազմազանության մասին: Վստահեցնում եմ, անգամ ձեր խմբակցությունում երկու տարբեր անձինք տարբեր կարծիքներ կարող են ունենալ երեխաների սեռական դաստիարակության մասին: Խնդիրը ոչ թե տարբեր ուժերի ներկայացումն է, այլ բազմակարծությունը, որի մասին մենք նշել ենք: Ըստ օրենքի՝ հանձնաժողովը հետեւում է բազմազանությանը եւ իրավասու չէ ներքաշվել խմբագրական քաղաքականության մեջ: Վստահեցնում եմ, որ ըստ մեր ուսումնասիրությունների՝ նախորդ տարում Հանրայինը հիմնականում կարողացել է ապահովել տարբեր տեսակետների ներկայացումը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930