Լրահոս
Օրվա լրահոսը

Լռեցնելու փո՞րձ. Սեւանում այրել են քաղաքապետին քննադատող քաղաքացու մեքենան. «Հայկական ժամանակ»

Հունիս 17,2020 11:02

Հունիսի 16-ի առավոտյան՝ ժամը 4-ի սահմաններում այրել են Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի բնակիչ Արտակ Տեր-Գրիգորյանի մեքենան (Toyota camry): Քաղաքացին արթնացել է տագնապած հարեւանների դռան թակոցից, որոնք էլ վերջինիս հայտնել են այդ լուրը:

«Հնարավոր է, որ դա արվել է մի քանի օր շարունակ իմ կողմից արված տարբեր տեսաուղերձների պատճառով, որոնք ուղղված են եղել Սեւանի քաղաքապետի անգործությանը: Փաստորեն, օրեր շարունակ որեւէ արձագանք չստացած իմ բարձրացրած խնդիրների արձագանքն այսպիսին էր: Սա եղավ, երբ սկսեցի խոսել Սեւանի քաղաքապետի անգործության, ներդրումների ներգրավմանը խոչընդոտելու ու քաղաքի թշվառ վիճակի մասին»,- վրդովված պատմեց Արտակ Տեր-Գրիգորյանը: Վերջինս ՀԺ-ի հետ զրույցում մանրամասնեց նաեւ իր տեսաուղերձներն ու վերջին շրջանում Սեւան քաղաքում կատարվող խնդրահարույց երեւույթները:

Արտակ Տեր-Գրիգորյանը Թավշյա հեղափոխությունից հետո արտերկից Հայաստան ներգաղթած քաղաքացիների թվին է պատկանում: Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է վերադարձել 2018 թվականի մայիսին: Մեծ ներդրումային ծրագրով ու բազմաթիվ նպատակներով, որոնք սակայն մինչեւ օրս չի կարողանում իրականացնել: Ըստ նրա՝ խոչընդոտում են տեղի քաղաքային իշխանությունները:

«Սեւանի համար հսկայական ներդրումային ծրագիր էինք բերել, որը տեղի համայնքապետարանի կողմից որեւէ աջակցություն չստացավ, մեզ անգամ չուղղորդեցին, թե որ պատական մարմններին դիմենք: Ահռելի մեծ սոցծրագիր էինք անելու: Ներդրումային ծրագրով ստեղծվող կազմակերպությունն ամեն տարի 1 միլիոն դոլար էր նվիրաբերելու քաղաքին, բայց դա տապալվեց: Մարզպետարանը, որտեղ գնացել ու տեղեկացրել էի ծրագրի մասին, ոչինչ չարեց, եւ իրենք, եւ Սեւանի քաղաքապետարանը շահագրգռված չեն որեւէ լավ բան անելու: Երեկ մարզպետի մոտ էի, լսեցի, որ անգամ դա չի զեկուցվել իրեն, հանցավոր անգործություն է տիրում»,- ասաց մեր զրուցակիցը:

Քաղաքացու համոզմամբ՝ Սեւանի քաղաքապետ Սարգիս Մուրադյանի «տիրապետության» տակ գտնվող քաղաքում ոչինչ էլ հնարավոր չի լինի անել: Ավելին՝ այստեղ չեն լուծվում անգամ մարդկանց ֆիզիկական անվտանգության հետ կապված տարրական խնդիրները: Քաղաքի հրապարակից դեպի շուկա գնացող գլխավոր ճանապարհի հետիոտնային անցումի մասին է խոսքը, որտեղ անգամ նորմալ լուսացույց չկա, ինչն էլ վրաերթերի պատճառ է դառնում:

Քաղաքացին պատմեց, որ անցումի թերի լինելու պատճառով 2019 թվականին վրաերթի են ենթարկվել վերջինիս կինն ու 10 տարեկան երեխան, կինը ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դրանից հետո եւս երկու նման դեպք է գրանցվել այլ անձանց երեխաների հետ:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930