Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամերիկայի Ձայն»-ի տնօրենը հրաժարական տվեց լրագրողների անկախությունը Սպիտակ տան քննադատությունից պաշտպանելուց հետո. «Ամերիկայի ձայն»

Հունիս 17,2020 10:18

Ամերիկայի Ձայն. Ամանդա Բենեթը, ով չորս տարի շարունակ ղեկավարել էր Ամերիկայի Ձայնը, հրաժարական տվեց երկուշաբթի ամերիկացի հարկատուների ֆինանսավորող լրատվամիջոցի ղեկավարի պաշտոնից՝ կառույցի լրագրողների անկախությունը Սպիտակ տան քննադատությունից պաշտպանելուց հետո:

Սպիտակ տունը մեղադրել էր Ամերիկայի Ձայնին` չինական քարոզչություն տարածելու մեջ: Աշխատակիցներին ուղղված հրաժեշտի ուղերձում Բենեթը և նրա տեղակալ Սենդի Սուգավարան, ով նույնպես հրաժարական է տվել, խուսափել են Թրամփի վարչակազմի հետ լարված հարաբերությունների խնդրին անդրադառնալուց: Փոխարենը, երկուսն էլ գրել են, որ վերջերս Թրամփի կողմից նշանակված Մայքլ Փաքը, ով գլխավորում է Ամերիկայի Ձայնի վերադաս Գլոբալ մեդիայի ԱՄՆ գործակալությունը (USAGM), իրավունք ունի «փոխարինելու մեզ» և որ «ժամանակն է եկել հեռանալու»:

Իր հրաժեշտի խոսքում Բենեթն ընդգծել է, որ ոչինչ չի փոխվում կառույցի լրագրողների, նրանց առաքելության և նվիրվածության տեսանկյունից, քանի որ USAGM նորանշանակ ղեկավար Մայքլ Փաքը երդվել է Կոնգրեսի առջև՝ պարտավորվելով հարգել Ամերիկայի Ձայնի անկախությունը և երաշխավորել այն, քանի որ դա, իր հերթին, կարևորագույն դեր է խաղում աշխարհի բոլոր ունկնդիրների հանդեպ կառույցի վստահության հարցում:

Ամերիկայի Ձայնի անկախության հարցը և մտավախությունները, որ վարչակազմը կարող է վերածել կառույցը սեփական լրատվական գործիքի, առաջ եկան վերջին ամիսներին, երբ նախագահը հորդորեց արագացնել Փաքի թեկնածության՝ Սենատի կողմից հաստատման գործընթացը, որը երկու տարի շարունակ սառեցված էր:

Ամերիկայի Ձայնի կանոնադրությամբ, լրատվամիջոցը պետք է իր օտարերկրյա լսարաններին Ռուսաստանում, Իրանում, Չինաստանում և այլուր, որտեղ առկա է գրաքննություն և բռնաճնշումներ, տրամադրի «ճշգրիտ, օբյեկտիվ և համապարփակ» տեղեկատվություն՝ ներկայացնելով ողջ Ամերիկան, այլ ոչ թե ամերիկյան հասարակության մեկ առանձին հատված:

Հակասություններ Սպիտակ տան հետ

Ապրիլին Սպիտակ տունը իր կայքի միջոցով Ամերիկայի Ձայնին մեղադրում էր չինական քարոզչություն իրականացնելու մեջ՝ տեղադրելով տեսանյութ համաճարակից հետո Վուհանի վերաբացման մասին: «Ամերիկայի Ձայնը չափազանց հաճախ խոսում է ի նպաստ Ամերիկայի հակառակորդների, այլ ոչ թե նրա քաղաքացիների», – հայտնել էր Սպիտակ տունը:

Նախագահի սոցիալական լրատվամիջոցների ղեկավար Դեն Սկավինոն Twitter- ում առաջ է քաշել այն մոտեցումը, ըստ որի՝ «Ամերիկացի հարկատուները վճարում են Չինաստանի քարոզչության համար ԱՄՆ կառավարության կողմից ֆինանսավորվող «Ամերիկայի Ձայնի» միջոցով: Ամոթ է»,_ նշել է նա իր գրառման մեջ:

Սակայն այդ տեսահոլովակը Ամերիկայի Ձայնի պատրաստածը չէր, այլ պատկանում էր Associated Press- ին, իսկ Ամերիկայի Ձայնի մեջբերած վիճակագրությունը Չինաստանում զոհերի թվաքանակի մասին՝ Ջոն Հոպկինսի կորոնավիրուսային կենտրոնին: Սպիտակ տունը քննադատել էր նաև այդ վիճակագրությունը, որը հայտնի էր որպես ամենահուսալի տեղեկության միջոց կորոնավիրուսի դեպքերի ու մահերի մասին:

Բենեթը խստորեն վիճարկեց քարոզչության մասին մեղադրանքը և տրամադրեց Ամերիկայի Ձայնի պատրաստած տեսանյութերը, որոնք մարտահրավեր էին նետում Չինաստանին: Սակայն, դա չհամուզեց Սպիտակ տանը:

«Եթե դուք լսում եք, թե ինչ է վերարտադրում Ամերիկայի Ձայնը, ապա դա զզվելի է», – ասել էր նախագահ Թրամփը: «Նրանց ասածը մեր երկրի մասին զզվելի է: Եվ Մայքլ Փաքը կգնա այնտեղ ու հիանալի աշխատանք կտանի»:

CDC սև ցուցակը

Կիրակի օրը Ամերիկայի Ձայնը տեղեկացրել է, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) սև ցուցակի մեջ են գցել կառույցի լրագրողներին ՝ ըստ CDC ներքին տեղեկագրի: Կառույցի լրագրողներին հարցազրույցի մեջ մերժելու հիմք էր հանդիսանում Սպիտակ տան մեղադրանքները Չինաստանի վերաբերյալ:

Բենեթը հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել CDC- ին «անհապաղ վերանայել» այդ քաղաքականությունը ՝ ասելով, որ այն հիմնված է «Սպիտակ տան կարծիքի վրա» և «մտահոգիչ է»:

Երկուշաբթի կեսօրին Բենեթը և Սուգավարան հրաժարականի դիմում ներկայացրեցին, չնայած իրենց էլեկտրոնային ուղերձը աշխատակիցներին չէր մասնավորեցնում, թե, արդյոք Սպիտակ տունը կամ Փաքը պահանջել են հրաժարական տալ:

Անդրադառնալով Փաքին՝ նրանք գրել են. «Մենք գիտենք, որ ձեզանից յուրաքանչյուրը նրան կառաջարկի իր ողջ հմտությունները, արհեստավարժությունը, առաքելության նվիրվածությունը, լրագրողական ամբողջականությունը և ձեր անձնական աշխատանքը` երաշխավորելու համար այդ խոստումը »:

Փաքը պահպանողական կինոռեժիսոր է և Թրամփի նախկին խորհրդական Սթիվեն Բեննոնի ասոցիացիայի ղեկավարը: Նա այժմ ղեկավարում է Գլոբալ մեդիայի ԱՄՆ գործակալությունը (USAGM), որը ներառում է նաև «Ազատ Եվրոպա / Ազատություն ռադիոկայանը», «Մերձավոր Արևելքի հեռարձակող ցանցերը», «Ազատ Ասիա Ռադիոն» և «Կուբայի հեռարձակման գրասենյակը»: Ամերիկայի Ձայնը գործակալության ամենամեծ կազմակերպությունն է, որը 47 լեզուներով հեռարձակվում է աշխարհի շատ երկրներում՝ ներառելով ավելի քան 280 միլիոն ունկնդիրներին:

Կիրակի օրը USAGM- ի կազմի մեջ մտնող Open Technology Fund կառույցի ղեկավար Լիբբի Լիուն նույնպես հրաժարական տվեց այն բանից հետո, երբ Բեննոնի YouTube- ի թոք-շոուի ընթացքում պահպանողական հյուրը պնդեց, որ նա ևս պետք է հեռացվի պաշտոնից, հայտնում է The New York Times- ը:

«Մենք քարոզչություն չենք անում»

Բենեթը նշանակվել է նախագահ Բարաք Օբամայի կողմից 2016 թ-ի գարնանը: Նա հանդիսանում է Պուլիցցերյան մրցանակակիր, հեղինակ, հետաքննող լրագրող և խմբագիր, ով որպես լրագրող և խմբագիր աշխատել է մի շարք առաջատար լրատվամիջոցներում, այդ թվում ՝ Bloomberg News-ում, Philadelphia Inquirer- ում , Wall Street Journal- ում:

Նրա կարիերային նվաճումներին անցած տարի անդրադարձավ Մամուլի ազգային ակումբը: Միջոցառմանն իր խոսքում նա նշել է մամուլի ազատության կարևորությանը և Ամերիկյաի Ձայնի առաքելության առջև ծառացած մարտահրավերներն անկախ լրագրության մոդելավորման հարցում երկրներին տեղեկություն մատուցելու համար:

«Մտածեք մի աշխարհի մասին, որտեղ դուք չեք կարող հավատալ ոչ մի բանին, ինչը տեսնում եք կամ կարդում: Մի աշխարհ, որտեղ չկա ազատ մամուլ, դա այնտեղ է, որտեղ ես և իմ գործընկերները ամեն օր աշխատում ենք », – ասել էր Բենեթը: «Ոչ, մենք քարոզչություն չենք անում: … Երբեք չի լինի դա»:

Բենեթի ավագ տեղակալ Սուգավարան նույնպես տասնամյակներ անցկացրել է լրագրության ոլորտում ՝ որպես UPI- ի և The Washington Post- ի լրագրող:

Փաքը հաստատվել է հունիսի 4-ին Սենատի դեմոկրատների առարկություններից հետո: Արձագանքելով պաշտոնաթողություններին՝ նրա գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Գլոբալ մեդիայի ԱՄՆ գործակալությունը բարձր է գնահատում Ամերիկայի Ձայնի տնօրեն Ամանդա Բենեթի և փոխտնօրեն Սանդի Սուգավարանի ծառայությունները և լավագույնը մաղթում իրենց հետագա գործունեության մեջ»:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930