Լրահոս
Օրվա լրահոսը

Կուսակցականների հավատարմության երդումների մասին

Հունիս 17,2020 10:00

Այն, որ Գագիկ Ծառուկյանը, օրենքը խախտելով, զբաղվում է բիզնեսով, որ նա, ըստ երեւույթին, վերջին երկու տասնամյակների ընթացքում, խուսափում էր ամբողջությամբ հարկերը վճարելուց (ինչպես եւ՝ բոլոր մնացած խոշոր գործարարները), իսկ ԲՀԿ-ն, ենթադրաբար, ընտրակաշառք էր բաժանում, ինչպես նաեւ այն, որ այդ գործարարը չի տիրապետում հայոց լեզվի բոլոր նրբություններին՝ այդ ամենը ներկայիս իշխանությանը եւ նրա կողմնակիցներին հայտնի էր երկու տարի առաջ: Սակայն այդ բոլոր հանգամանքները, որքան հասկանում եմ, չխանգարեց նրանց՝ դաշինք կնքել Ծառուկյանի հետ, ԲՀԿ-ն համարել պատկառելի քաղաքական ուժ, իսկ իրեն՝ գործարարին համարել ոչ թե օլիգարխ, այլ խոշոր սեփականատեր:

Արժեքային տարբերությունները եւ «վերջին օլիգարխին ասպարեզից հանելու» խնդիրը, հավանաբար, չէր հուզում «Իմ քայլին» 2018-19 թվականներին, իսկ այժմ նույն խնդիրները դարձան չափազանց հրատապ: Քաղաքականության մեջ, իհարկե, ամեն ինչ պատահում է:

Բայց կա մի հարց (եւս «արժեքային» սերիայից), որին ուզում եմ անդրադառնալ առանձին: Առնվազն 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հայտնի է, որ ԲՀԿ ցուցակում հայտնվածները մի ստորացուցիչ թուղթ են ստորագրում, ըստ որի, նրանք պարտավորվում են Ծառուկյանի պահանջով չվերցնել կամ վայր դնել մանդատները: Որտեղի՞ց էր դա հայտնի դարձել: Նրանց, ովքեր չեն հիշում, հիշեցնեմ այդ ժամանակ աղմուկ հանած պատմությունը. կային «ցուցակագրվածներ», որոնք բուռն ցանկություն ունեին պատգամավոր դառնալու, իսկ Ծառուկյանը ցուցակից ընտրեց այլ մարդկանց, եւ դժգոհներին դեմ տվեց իրենց իր ստորագրած թուղթը: Այժմ այդ թղթերը հայտնվել են իրավապահների ձեռքում, վերջիններս դրանք, բնականաբար, տրամադրել են իշխող թիմին, որը եւ տարածում է այդ նյութերը՝ որպես սենսացիոն հայտնագործություն:

Թղթերն իսկապես տհաճ տպավորություն են թողնում: Բայց արդյոք ԲՀԿ-ում կառավարման ձեւը բացառի՞կ է Հայաստանի եւ մեր նման երկրների համար: Կարծում եմ՝ ոչ. պարզապես «Բարգավաճի» դեպքում ամեն ինչ արվում էր տգեղ, գեղջկական, «քրեական ենթամշակույթին» հարիր ձեւով: Բայց խոսքը հենց ձեւի եւ ոչ թե բովանդակության մասին է: Կա՞ արդյոք Հայաստանում (եւ հետխորհրդային մի շարք այլ երկրներում) մի կուսակցություն, որտեղ ամեն ինչ կախված չէ կուսակցական «շեֆի» որոշումից, եւ կուսակցականները կարո՞ղ են ձեռնարկել քայլեր եւ արտահայտել կարծիքներ, որոնք հակասում են «գլխավորի» ցանկություններին: Այո, «հայհոյանք դնող» թղթեր, թերեւս, չեն ստորագրվում, բայց նման «թղթերը» կուսակցականների ուղեղներում են: Այդպես չէ, օրինակ, Միացյալ Նահանգներում, որտեղ հանրապետական կոնգրեսականներն ու սենատորները հաշվետու են առաջին հերթին իրենց ընտրողներին, եւ ոչ թե Դոնալդ Թրամփին: Էլ չեմ խոսում Հյուսիսային Եվրոպայի երկրների մասին: Բայց դա, համաձայնեք, ժողովրդավարության բոլորովին այլ մակարդակ է:

«Ի՞նչ եք առաջարկում՝ ցրե՞լ կուսակցությունները», – կհարցնի ընթերցողը: Իհարկե՝ ոչ: Պարզապես պետք չէ դրանց չափից դուրս լուրջ ընդունել:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930