Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե, աշխարհի եռակի մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 2011 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը Aravot.am-ին պատմեց հունիսի 16-ին առավոտյան ԱԺ մոտակայքից իրեն բերման ենթարկելու որոշ մանրամասներ:
«Ես քաղաքականությամբ երբեք չեմ զբաղվել ու չեմ զբաղվում: Իսկ ԱԺ գնացել էի այն պարզ պատճառով, որ քննարկվում էր ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցը: Մտահոգ եմ, որովհետեւ պարոն Ծառուկյանը շատ բան է արել եւ հիմա էլ անում է հայկական սպորտի զարգացման համար: Եվ մեր մարզիկների վերջին տարիների նվաճումները մեծամասամբ մեր սպորտում հենց նրա ներդրումների արդյունք են:
Ինչ վերաբերում է ինձ բերման ենթարկելուն, երբ ոստիկանները սկսեցին ուժ գործադրել, կողքից շատերը նրանց ասում էին, թե ով եմ եւ բազմիցս հայոց եռագույնը ծածանել եմ աշխարհի տարբեր երկրներում: Բայց դա նրանց չկանգնեցրեց: Ավելին, մի սպա հրահանգեց պառկեցնել գետնին: Ինձ տարան Աշտարակի բաժին ու համապատասխան արձանագրություն կազմելով բաց թողեցին: Արդեն բաժանմունքում իմ հետ նորմալ էին վերաբերվում, ասես, ամաչելով իրենց արածից:
Կարդացեք նաև
Բայց ես ինձ վատ եմ զգում ոչ այնքան իմ նկատմամբ անհարգալից վերաբերմունքից, որքան այն զանգերից, որ ստացվում են աշխարհի տարբեր ֆեդերացիաներից, ակումբներից, անվանի մարզիչներից, մարզիկներից, այդ թվում նաեւ օլիմպիական չեմպիոններից, թե ինչ է կատարվում մեր երկրում»,-ասաց Ռոման Ամոյանը՝ ավելացնելով, որ իր կարծիքով հարված է հասցվում մեր երկրի հեղինակությանը:
https://www.facebook.com/100006975827756/videos/2577511845824651/?t=0
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ