Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօրվանից բելգիացիներն արդեն կարող են ճամփորդել Եվրոպայում, սահմանները բացվում են». ֆոտոշարք

Հունիս 17,2020 12:30

Ասում է Բելգիայում բնակվող, «Ազգ»-ի լրագրող Արաքս Սաֆարյանը

– Ինչպե՞ս սկսվեց արտակարգ դրությունը, ի՞նչ սահմանափակումներ արվեցին այդտեղ:

– Բելգիայում արտակարգ դրություն սահմանվեց մարտի 11-ից: Ամեն շաբաթ վարչապետ Սոֆի Վիլմեսը հանրությանն իրազեկում էր սահմանափակումների առավել խստացման ռեժիմի անհրաժեշտության մասին: Բելգիացիներն օրինապահ են եւ գիտակցաբար, համբերատար ենթարկվեցին արտակարգ ռեժիմի կանոններին: Սկզբնական շրջանում մինչեւ ապրիլի 18-ն էր նախատեսվում արտակարգ դրություն, սակայն հետո, ըստ իրավիճակի, երկարացվեց մինչեւ մայիսի կես: Մայիսի կեսերից Բելգիան սկսեց մեկուսացումից դուրս գալու աստիճանական միջոցառումների գնալ, իսկ այս ամսվանից աստիճանաբար կյանքը նախկին հունին է վերադառնում: Այսօրվանից նույնիսկ ծերանոցի բնակիչները շենքից դուրս գալու, ազատ տեղաշարժվելու, շաբաթական չորս այցելու ընդունելու իրավունք ունեն: Համավարակն այսօր Բելգիայում բավականին նվազել է: Բաց են ռեստորանները, սրճարանները, փողոցները մարդաշատ են: Կյանքը նախկին հունով է ընթանում: Իհարկե, մարդիկ պահում են սոցիալական հեռավորություն, կրում են դիմակներ: Թեպետ բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէ, բայց բելգիացիները գիտակցորեն, հատկապես մարդաշատ վայրերում դիմակներ են կրում:

– Հայաստանում, ինչպես տեղյակ ես, առաջին վարակակիրն Իտալիայից էր, Բելգիայում ինչպե՞ս տարածվեց համավարակը:

– Այստեղ հնարավոր չէր ստույգ տեղեկատվություն տալ, թե հատկապես  որ երկրից վարակը հայտնվեց: Բելգիայում ամեն րոպե տարբեր ուղղություններով չվերթներ են կատարվում, հետեւաբար, անհնար էր ստույգ ճշտել, թե հատկապես որ երկրից եկավ: Վարակի շուրջ նախ լրատվամիջոցներից տեղեկացանք, ապա վարչապետը հայտարարեց արտակարգ դրության անհրաժեշտության մասին: Բելգիան շատ արագ հայտնվեց համավարակի ճիրաններում: Թեպետ Բելգիայի կառավարությունը հավաստում էր, որ արվում է հնարավորինը՝ առավել շատ կյանքեր փրկելու համար, սակայն մի կողմից վարակի օրեցօր գերաճի, մյուս կողմից` դիմակների, շնչառական ապարատների, բուժաշխատողների եւ բուժսպասարկման սակավության պայմաններում, հիվանդներին փրկելու կամ մահանալու ընտրությունն ընկնում է բժիշկների խղճին։

– Հայտնի է, որ այդտեղ հանվել են սահմանափակումները: Ի՞նչն է պահպանվել:

– Բելգիայում այսօր սահմանափակումների խիստ ռեժիմը հանվել է: Իհարկե, դա չի նշանակում, որ վիրուսն ամբողջովին անհետացել է: Պարզապես պետք է պահպանել սոցիալական հեռավորություն, փակ տարածքներում դիմակ կրել, խանութ մտնելու համար հերթ պահպանել, մինչեւ մեկը դուրս չգա խանութից, հաջորդը չի կարող մտնել: Առավոտյան ժամը 8- 9-ը խանութ կարող են գնալ միայն մեծահասակները: Սննդի բոլոր վայրերում, հիմնարկություններում, սոցիալական սպասարկման ոլորտներում տեղադրված են ախտահանիչներ՝ հիգիենայի պահպանման համար: Դեռեւս չի կարելի շատ մեծ քանակով միջոցառումներ կազմակերպել, բայց որոշակի սահմանափակ թվով հավաքներն արդեն թույլատրելի են:

– Պետությունն ի՞նչ միջոցառումներ արեց խոցելի խմբերի պաշտպանության հետ կապված. ծերեր, երեխաներ, անաշխատունակներ…

– Համավարակի հիմնական խոցելի խումբը տարեցներն էին: Ծերանոցներում այցելություններն արգելված էին: Բայց սպասարկող անձնակազմը երաժշտական, զվարճացնող խաղերի միջոցով նրանց համար քաջալերող միջոցառումներ էր կազմակերպում, իսկ միայնակ տարեցների համար յուրաքանչյուր համայնքում բարեգործական ծառայություններ էին գործում: Միայնակներին սննդով եւ այլ անհրաժեշտ պարագաներով օգնություն էին տալիս:  Խանութից գնումներ էին կատարում, հարեւաններն էին օգնում:

– Արաքս, լրատվամիջոցներն անխափան գործեցի՞ն:

-Մամուլն ու այլ լրատվամիջոցներ, հատկապես հեռուստատեսությունը լայնորեն լրատվություն էր ապահովում: Հեռուստատեսությամբ համապատասխան մասնագետների տեսակետներն ու կարծիքներն էին քննարկվում: Ամեն օր տեղեկացվում էր համավարակի հետեւանքների, հնարավոր կանխարգելման անհրաժեշտության մասին: Համապատասխան մասնագետների մասնակցությամբ ամեն օր մամուլի ասուլիսի միջոցով հանրությանն ապահովել են լրատվությամբ: Ամեն շաբաթ ուղիղ եթերով հեռարձակվել է վարչապետի մամուլի ասուլիսը: Լրագրողներն ամենօրյա ռեժիմով առողջապահության նախարարի, կառավարության այլ պատասխանատուների տեսակետն ու որոշումները հանրությանը հասանելի են դարձրել:

– Ինչպիսի՞ն է վիճակագրությունը հունիսի տասնչորսի՝ մեր հեռավար զրույցի օրվա դրությամբ:

– 9655 մահ: 11 միլիոն բնակչություն: Վերջին քսանչորս ժամում վարակի 111 նոր դեպք է գրանցվել, մինչ օրս ընդհանուր 60.029 դեպք: 16,589 դուրս են գրվել հիվանդանոցից, 660 060-ը՝ թեստավորվել: Վարակի կտրուկ աճն ու հանրության արտասովոր խուճապը մեղմելու հնարավոր տարբերակը մարդկանց ազատ տեղաշարժվելու սահմանափակումներն են, ինչը արվեց գերխստացված ռեժիմով, ինչը դանդաղ, բայց այսօր արդեն նկատելի հուսադրող են: Բելգիացիներն օրինապահ են, եթե անգամ շատ հարցերում դժգոհում էին վարչապետի ու առողջապահության նախարարի որոշումներից, բայց արտակարգ իրավիճակում գտնվող բելգիացիները համբերատար, օրեր հաշվելով, դժվարությամբ, բայցեւ կանոնավոր օրենք պահելով սպասում էին արտակարգ դրության ավարտին:

– Իրավական ի՞նչ կարգավորումներ կան, ի՞նչ պատժամիջոցներ:

– Օրենքին չենթարկվելու համար կիրառվում են առավել խստացված պատժամիջոցներ։ Տուգանքի չափը տեղում վճարելու դեպքում, ըստ իրավիճակի, սահմանված է մինչեւ 500 եվրո, իսկ չենթարկվելու դեպքում անմիջապես հարուցվում է դատական գործ։

Ամեն օր հետեւում եմ հայաստանյան իրավիճակին: Բելգիայի համեմատ Հայաստանում ավելի հետեւողական են, փողոց առ փողոց բնակիչներին խնդրում, աղաչում, իրազեկում, հորդորում են դիմակներ կրել, սոցիալական հեռավորություն պահել: Բայց Հայաստանում կարծես թե դիմակ չկրելը, օրենքին չենթարկվելը սկզբունքային է դարձել: Այստեղ ոստիկաններն այդքան ջանք չեն թափում, եթե տեսնում են օրինազանց քաղաքացու, նախազգուշացնում են, եթե չեն ենթարկվում, ապա տեղում տուգանում են: Իսկ եթե քաղաքացին հակաճառում է, ապա դատական գործ է հարուցվում: Մինչ օրս 84 000 խախտում է գրանցվել, որից 1 666-ն  է վճարվել: Մինչեւ սեպտեմբեր հարուցված դատական բոլոր գործերը քննության է դրվելու:

Բելգիայի վարչապետը մամուլի ասուլիսների ժամանակ երբեք դիմակ չի կրել, բայց նրան ոչ ոք դրա համար չի քննադատել, բացարձակ որեւէ անգամ այդ թեման քննարկման, առավել ես վիճաբանության առիթ չի հանդիսացել: Իսկ Հայաստանում արտակարգ դրության, համավարակի վտանգի պայմաններում մարդիկ կառավարությանը քննադատելու, հրահրելու առիթ են փնտրում: Այստեղ նույնպես վարչապետի եւ քաղաքական այլ ուժերի միջեւ տարաձայնություններ շատ կան, բայց արտակարգ դրության պայմաններում իրավիճակը սրելու ծայրահեղ քայլեր երբեք չի արվում: Այստեղ մարդիկ հասկանում են, որ դիմակ կրելը նախ կարեւոր է իր եւ ընտանիքի համար: Օրինակ, բաց տարածքում դիմակ կրելը պարտադիր չէ, բայց մեկուսացման ռեժիմից դուրս գալուց հետո  բելգիացիները նախընտրում են նույնիսկ բաց տարածքում դիմակ կրել, քանի որ վարակի վտանգը մշտապես առկա է: Ավելի լավ է հնարավորին կանխել վիրուսի սպառնալիքը, քան՝ հայտնվել հիվանդանոցում: Եթե Հայաստանում համավարակի սկզբնական շրջանում բոլոր ենթադրյալ վարակակիրներին մեկուսացնում էին՝ հուսալով նվազեցնել վիրուսի տարածումը, ապա այսօր Բելգիան մոտ 10 հազար մահերից հետո միայն նույնատիպ ծրագիր է մշակել, որը կոչվում է ՏՐԱՍԻՆԳ: Այսուհետ վարակի տարածումը հնարավորին նվազեցնելու համար, փորձելու են մեկուսացնել բոլոր այն մարդկանց, ովքեր շփվել են վարակակիր հիվանդի հետ:

Համավարակի հետեւանքով Բելգիայի տնտեսական կորուստը շաբաթական կազմում էր 4 միլիարդ եվրո:

– Հայկական համայնքն ի՞նչ արեց այս օրերին:

– Բելգիայում գործում են հայկական կազմակերպություններ, այս օրերին Ֆեյսբուքով անմիջապես բանկային հաշվեհամարներ հրապարակվեցին ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով, որպեսզի ստացված այդ գումարներով օգնեն Բելգիայում ապրող անապահով հայ ընտանիքներին: Սակայն լրագրողական փոքրիկ հետաքննության արդյունքում տեղեկացանք, որ օգնությունը նախատեսվում է միայն իրենց ծանոթ ընտանիքներին, իսկ ուրիշ այլ ընտանիքների չեն կարող օգնել: Բելգիայում շատ կան հայ ընտանիքներ, ովքեր կացության կարգավիճակ չունեն, հետեւաբար պետությունից ընդհանրապես աջակցություն չեն ստանում եւ արտակարգ դրության այս պայմաններում նրանց վիճակն էլ ավելի դժվարացավ:

Հարցազրույցը`

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
16.06.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930