Լրահոս
Օրվա լրահոսը

Պողոս Պողոսյանի սպանության գործով Սթիվեն Ջոն Նյութոնի հայտարարությունում նոր ի հայտ եկած հանգամանք չկա. Ռոբերտ Բեջանյան

Հունիս 16,2020 22:44

«Դատախազ Խաչատրյանն իր անհիմն և մտացածին ենթադրություն­ներով ո՞ւմ է ցանկանում հաճոյանալ, որ 18 տարվա վաղեմություն ունեցող քրեական գործով կատարել է օրենքին հակասող գործողու­թյուն­ներ»

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանի պաշտպան Ռոբերտ Բեջանյանն այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանին խնդրեց իր պաշտպանյալի դեմ ներկայացված բողոքն ամբողջությամբ մերժել այն` ժամկետանց, հիմնազուրկ և իրավազուրկ լինելու պատճառաբանությամբ։

Խոսքը, հիշեցնենք, 2001 թվականի սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվտանգության աշխատակից Աղամալ Հարությունյանի (Կուկու) և Պողոս Պողոսյանի միջեւ «Առագաստ» սրճարանում տեղի ունեցած միջադեպի մասին է, որի հետեւանքով Պողոս Պողոսյանը սպանվել է: Տեսնելով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին`Պողոսյանն ասել էր`«Պրիվետ, Ռոբ»: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Աղամալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված՝ հանցավոր անփութությամբ անզգույշ սպանություն կատարելու համար:

Դեպքի վերաբերյալ, վերջերս դատախազությանն ուղարկված դիմումով նոր հանգամանքներ են ներկայացրել միջադեպի ականատես, վկա Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչները: Հայտարարության ուսումնասիրությամբ պարզվել է, որ այն էական նշանակություն ունեցող այնպիսի տեղեկություններ է պարունակում դեպքի մասին, որոնք առերևույթ վկայում են Պողոս Պողոսյանի՝ կյանքից ոչ թե անզգուշությամբ զրկվելու, այլ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանության մասին: Ելնելով վերոգրյալից՝ Պողոս Պողոսյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով կայացված դատական ակտը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայելու համար Երևան քաղաքի դատախազությունում հարուցվել է համապատասխան վարույթ. կատարվել են մի շարք գործողություններ, հարցաքննվել են վկաներ, որոնք հաստատել են Պողոս Պողոսյանին մի քանի հոգով ծեծի ենթարկելու հանգամանքը: Հարցաքննվել է նաև Ջոն Սթիվեն Նյութոնը, ով տվել է ներկայացված վերոնշյալ վկայությանը նույնաբովանդակ ցուցմունք: Նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, որի արդյունքներն էականորեն տարբերվում են նախկինում քրեական գործով տրված եզրակացության տվյալներից: Նշված հանգամանքը, քրեական գործով ձեռք բերված այլ փաստական տվյալների, այդ թվում՝ գործով հարցաքննված անձանց՝ մի խումբ անձանց կողմից Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հիմնականում գլխին հարվածներ հասցնելու վերաբերյալ ցուցմունքների հետ համակցությամբ, հաստատում են, որ մի խումբ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Պողոս Պողոսյանի մարմնի տարբեր մասերին, հատկապես գլխին, և պատճառել փակ բութ գանգուղեղային վնասվածք:

ՀՀ վերաքննիչ դատարանում`նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, կազմով՝ Կարեն Մարդանյանի, Արմեն Բեկթաշյանի, սկսվել է դատախազության բողոքի քննությունը՝ Պողոս Պողոսյանի սպանության գործով դատապարտված Աղամալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը բեկանելու և նոր դատաքննություն նշանակելու պահանջով:

Այսօր երեք ժամ տեւած նիստում, դատախազի հիմնավորումներին իր առարկությունները ներկայացրեց Աղամալ Հարությունյանի պաշտպանը: Ըստ այդմ, պաշտպանի բնորոշմամբ, գործընթացը իրականացվել է «գաղտնի»`իր պաշտպանյալին պատշաճ չծանուցված: Նախ`վերաքննիչ բողոքը ներկայացվել է ժամկետի խախտումով: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է բողոքի ներկայացում չորսամսյա ժամկետում: Դատախազությունը խախտել է այդ ժամկետը, ավելին, միջնորդություն չի ներկայացվել`բաց թողնված ժամկետը հարգելի համարելու համար: Այս մասով, պաշտպանի հիմնավորումներում նշված է. «ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Հարությունյանը նոր երևան եկած հանգամանքների ի հայտ գալու մասին կարող էր իմանալ 30082019 թվականին, բայց ոչ ուշ քան 05092019 թվականին, երբ ՀՀ գլխավոր դատախազ Ա․Դավթյանին հասցեագրված Ստիվեն Նյութնի լիազորված ներկայացուցիչ­ներ Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի դիմումը մուտքագրվել է 05․09․2019թ․ ժամը 09։50-ին ՀՀ դատախա­զու­թյան աշխատա­կազմի ընդհանուր բաժնում, հետևաբար՝ վերաքննիչ բողոք բերելու 4 ամսյա ժամկետը լրացել է 05012020 թվականին, սակայն նկատի ունենալով, որ նշված օրը հանդիսացել է ոչ աշխա­տանքային(․․․)», ուստի վերաքննիչ բողոք բերելու վերջնաժամկետը եղել է հաջորդ աշխատանքային օրը՝ 08012020 թվականը, հետևաբար «1-12 գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2002 թվականի փետրվարի 21-ի դատավճիռը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու վերաբերյալ» ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա․Հարություն­յանի կողմից 17012020 թվականին վերաքննիչ բողոքը ներկայացվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4263-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ՝ 4 ամսյա ժամկետը լրանալուց հետո։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4268-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Դատարանը դատական ակտը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայում է վերանայման վարույթ հարուցելու որոշման հիման վրա», իսկ նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ «(․․․) 2. Դատարանը վերանայման վարույթի հարուցումը մերժում է, եթե՝ 1) բողոքը ներկայացվել է դրա համար սույն օրենսգրքով նախատեսված ժամկետի խախտմամբ, և այն վերականգնելու մասին միջնորդություն չի ներկայացվել (․․․)»։

Ապա, ըստ պաշտպանի, Սթիվեն Նյուտոնի ներկայացրած հայտարարության մեջ նոր ի հայտ եկած որեւէ հանգամանք չկա, որը նախկինում անհայտ է եղել դատարանին: Այս մասով պաշտպանի հիմնավորումներում ասված է. «(…)Բողոքաբերն իր վերաքննիչ բողոքում թիվ 1-12 գործով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնք­ների առաջին ատյանի (Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրա­վասության) դատարանի 2002 թվականի փետրվարի 21-ի դատավճիռը նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վերանայելու հիմքը նշել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4263-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և այն վերլուծել նույն օրենսգրքի 4265-րդ և 4266-րդ հոդվածների հետ միասին։ Բողոքաբերը նշված հոդվածները մեջբերելուց հետո իր բողոքում նկարագրել է թիվ 13208001 քրեական գործի ուսումնասիրությունը, հիմնական ուշադրությունը դարձնելով այն հանգամանքի վրա, որ դեպքի վայրում է եղել արտասահմանցի տղամարդ, ով ըստ վկաների, բղավել է «սպանեցին, սպանեցին», կամ «սա խայտառա­կու­թյուն է մարդ են սպանում սրճարանում» կամ նմանատիպ արտահայտություններ։

Ցանկանում ենք ընդգծել, որ բողոքաբերն անտեղյակ է թիվ 13208001 քրեական գործի նյութերից, ավելի ճիշտ տեղյակ է, բայց վերաքննիչ բողոքի հիմքը նշել է այնպիսի հանգամանք, որը չի կարող հանդիսանալ նոր երևան եկած, քանի որ ինչպես թիվ 13208001 քրեական գործի նախաքննության ընթացքում, այնպես էլ նույն՝ թիվ 1-12 գործով դատաքննության ընթացքում վկաներ՝ Ստեփան Նալբանդյանը, Յուրա Նավոյանը, Լևոն Մալխաս­յանը, Գարեգին Նուշիկյանը, Սաթիկ Սեյրանյանը և այլոք իրենց ցուցմունքներում հայտնել են, որ արտասահմանցի տղամարդը բղավել է այդ արտահայտությունները՝ «սպանեցին, սպանեցին», կամ «սա խայտառա­կու­թյուն է մարդ են սպանում սրճարանում» կամ նմանատիպ արտահայտություններ, հետևաբար Սթիվեն Ջոն Նյութոնի հայտարարությամբ հայտնածը հայտնի է եղել դատարանին դատական ակտ կայացնելիս։ Նշված վկաների ցուցմունքների և դրանցում տեղ գտած վերը նշված արտահայտությունների մասին քրեական գործի նյութերով հայտնի լինելը հաստատում է բողոքաբերը։ Այդ դեպքում, ո՞րն է նոր երևան եկած հանգամանքը, որը բողոքաբերը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4267-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջի համաձայն պարտավոր էր շարադրել, սակայն չի շարադրել իր վերաքննիչ բողոքում, ինչպե՞ս շարադրեր, որ չկա, բայց աղմուկ է բարձրացրել անհիմն ենթադրություններ անելով»։

Սթիվեն Ջոն Նյութոնի հայտարարության մանրամասն վերլուծության արդյունքում պաշտպանը եզրահանգում է`դատախազը ոչ միայն աղավաղել է Սթիվեն Ջոն Նյութոնի հայտա­րա­րու­թյու­նը, այլև չի պարզաբանել, թե հայտարարության այդ ո՞ր էական նշանակություն ունեցող տեղեկու­թյուն­ներն են, կամ ի՞նչ է ուզում ասել` «դեպքի այլ հանգամանքներ» ասելով, կամ ի՞նչն է առերևույթ վկայում. «Այնպիսի տպավորություն է, որ գեղեցիկ բառեր ընտրելով վերացական մտքեր է արտահայտել և առանց նոր երևան եկած հանգամանքներ մատնանշելու որոշում է կայացրել»: Ըստ պաշտպանական կողմի,Սթիվեն Ջոն Նյութոնի հայտարարությունը «չի պարունակում այնպիսի փաստը, որը կարող է հիմք տալ բողոքաբերին, որ վերաքննիչ բողոքում նշեր, որ՝«Պողոս Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ Աղամալ Հարությունյանի և գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ և խուլիգանական դրդումներով», այսինքն Սթիվեն Ջոն Նյութոնը որևէ փաստական հանգամանք չի հայտնում իր տեսածի կամ լսածի մասին, այլ միայն անորոշ կարծիք է հայտնել, այն էլ ոչ դիտավորության մասին»։ Պաշտպանա­կան կողմի մոտ հարց է առաջանում. «Դատախազ Խաչատրյանն իր անհիմն և մտացածին ենթադրություն­ներով ո՞ւմ է ցանկանում հաճոյանալ, որ 18 տարվա վաղեմություն ունեցող քրեական գործով կատարել է օրենքին հակասող գործողու­թյուն­ներ, այդ թվում աղավաղել է Սթիվեն Ջոն Նյութոնի հայտարարությունը դեպքի փաստական հանգամանք­ների կապակցությամբ և 17․09․2019 թվականին անհիմն և անօրինական որոշում է կայացրել «Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին»։

Ի դեպ դատարանում, դատավորի հստակեցնող հարցին`ի՞նչ նոր ի հայտ եկած հանգամանք մասին է խոսքը, դատախազը կրկին հստակ հիմնավորում չի ներկայացրել:

Նաեւ, ըստ պաշտպանի, քննիչը քննչական գործողությունները կատարել է քրեադատավարական օրենքների խախտումներով, մասնավորապես, խախտել է Աղամալ Հարությունյանի ՀՀ Սահմանադրությամբ, Մարդու իրավունքներ եվրոպական կոնվենցիայով եւ քրեադատավարական ու այլ օրենքներով նախատեսված բոլոր իրավունքները. Աղամալ Հարությունյանին տեղյակ չի պահվել քննության մասին, նոր ի հայտ եկած հանգամանքներով քննության որոշման պատճենը չի տրամադրվել, քննությանը մասնակից չի դարձվել եւ այլն:

Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 3-ին, ժամը 17.00-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930