Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ապահովել է ֆինանսական թափանցիկության պայմանները. ԱՄՆ-ի Պետդեպարտամենտ. «Ամերիկայի ձայն»

Հունիս 16,2020 23:13

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը հրապարակել է 2020 թվականի ֆինանսական թափանցիկության մասին ամենամյա զեկույցը: Զեկույցը կազմելիս հաշվի է առնվում այն հանգամանքը, թե արդյոք տվյալ երկրի կառավարությունը կատարել է ֆինանսական թափանցիկության համար անհրաժեշտ նվազագույն պայմանները, թե ոչ: Ֆինանսական թափանցիկության նվազագույն պայմանները կատարելու նպատակով տվյալ երկրի կառավարությունը պետք է ժողովրդին հասանելի դարձնի ազգային բյուջեի հետ կապված փաստաթղթերը եւ բնական պաշարներն արդյունահանելու շուրջ կառավարության կնքած պայմանագրերը:

Այս տարի Պետդեպարտամենտն ուսումնասիրել է աշխարհի 140 երկրների ֆինանսական թափանցիկությունը, որն ընդգրկում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածը: Ուսումնասիրության ենթարկված 141 երկրներից միայն 76-ն է կատարել այդ պահանջները: Այսինքն` 65 պետություններ չեն կատարել ֆինանսական թափանցիկությունն ապահովելու նպատակով ընդունված պայմանները:

Հայաստանն այն երկրների շարքում է, որոնք ապահովել են այդ պայմանները, այսինքն` հանրությանը հասանելի են դարձրել բյուջետային փաստաթղթերն ու բնական հանածոների արդյունահանման հետ կապված պայմանագրերը: Հայաստանի հարեւաններից այս խմբի մեջ են մտնում Վրաստանն ու Թուրքիան:

Նվազագույն պայմանները չի ապահովել Ադրբեջանը:

Ուսումնասիրությունն անցկացնելու ժամանակահատվածում Ադրբեջանում բյուջետային փաստաթղթերը և պարտքային պարտավորությունները հրապարակայնորեն հասանելի են եղել: Սակայն այն չափանիշներն ու ընթացակարգերը, որոնց միջոցով այս երկրի կառավարությունը շնորհում է պայմանագրեր կամ լիցենզիաներ բնական ռեսուրսների, մասնավորապես` նավթի արդյունահանման համաձայնագրերի համար, միայն մասնակիորեն են սահմանված օրենքում, կանոնակարգում կամ հանրային փաստաթղթերում: Թե որքանով է կառավարությունը հետևել գործող օրենսդրություններին և կանոնակարգերին բնական ռեսուրսների արդյունահանման համար լիցենզիաներ կամ լիցենզիաներ տրամադրելու համար, պարզ չէ:

Ռուսաստանն ու Իրանն ընդգրկված չեն զեկույցում:

Զեկույցը հենվում է ամերիկյան դեսպանությունների, ամերիկյան տարբեր այլ գործակալությունների, միջազգային կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացրած հաշվետվությունների վրա:

Պետդեպարտամենտը կարեւորում է ֆինանսական թափանցիկությունը` այն համարելով ֆինանսական բնագավառը կառավարելու կարեւոր պայման: Այս զեկույցներից է նաեւ մեծապես կախված լինում ԱՄՆ-ի կողմից այդ երկրներին հատկացվող օգնությունը: Եվ Միացյալ Նահանգները ցանկանում է վստահ լինել, որ իր հատկացումներն այս երկրներում օգտագործվում են խելամտորեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930