Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան․ Իշխանությունը համաճարակն օգտագործում է քաղաքական հաշվեհարդար տեսնելու համար

Հունիս 16,2020 20:45

Aravot.am-ը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանին խնդրեց անդրադառնալ երեքշաբթի Ազգային ժողովի հարակից տարածքում ոստիկանության իրականացրած գործողություններին։

Նա նշեց, որ արտակարգ իրավիճակը բացի դիմակ կրելուց, վերաբերվում է միայն խաղաղ հավաքների արգելքներին․ «Այստեղ շատ հետաքրքիր է, թե ինչպե՞ս են որոշում հավաք է, թե հավաք չէ։ Մասնավորապես՝ 1 հոգու բողոքը հավաք չէ, ըստ «Հավաքների ազատության մասին» օրենքի, բայց փաստորեն ոստիկանությունը նաև այդ բողոքներն է ճնշում։

Եթե ասում են սոցիալական հեռավորություն չպահպանելն է պատճառը խաղաղ հավաքների արգելանքի, ապա բավականին զարմանալի է։ Եթե մենք համեմատենք վերջին շրջանում այդ խաղաղ հավաքները և Երևանի փողոցները, ապա շատ դժվար կլինի ասել, թե որտեղ ավելի շատ կա սոցիալական հեռավորություն՝ խաղաղ հավաքների ընթացքո՞ւմ, որոնք կատարվում են, թե՞ փողոցում զբոսնող և սրճարաններում նստած մարդկանց միջև։ Այսինքն՝ այն պատճառաբանությունը, թե խաղաղ հավաքները վտանգավոր են զուտ վարակի տարածման տեսակետից որևէ քննադատության չի դիմանում, որովհետև փողոցներում շատ մարդիկ կան նույնիսկ ավելի վտանգավոր սոցիալական հեռավորության վրա, քան այդ հավաքների ժամանակ է եղել։ Այս ամենի տակ կարելի է մի բան հասկանալ, որ քաղաքական նպատակներով են հավաքները արգելված։ Եվ փաստորեն, այս իրականությունում իշխանությունը համաճարակը օգտագործում է քաղաքական հաշվեհարդար տեսնելու համար՝ թույլ չտալով հաշվեհարդարի ենթակա մարդկանց հավաքներով աջակցելը»։

Ավետիք Իշխանյանը ընդգծեց, որ նույնիսկ, եթե հավաքն արգելված է ըստ օրենքի, գործում է խաղաղ հավաքների մի կարևոր սկզբունք․ «Անկախ ամեն ինչից խաղաղ հավաքը արգելված է, թե ոչ, եթե այն խաղաղ է, ապա ոստիկանությունը միջամտելու իրավունք չունի։ Եվ այդ դրույթը վերաբերվում է նաև տվյալ դեպքում արգելանքին»։

Իսկ Ազգային ժողովի հարակից տարածքում ոստիկանության իրականացրած գործողությունները, ըստ նրա, անհամաչափ էին․ «Կարծես, թե ինչ-որ մի օպերացիա էին իրականացնում։ Ոստիկանության քանակը նույնպես խաղաղ հավաքների կարևոր սկզբունքներից մեկն է։ Այսինքն՝ նախապես իմանալով, որ հնարավոր է, որ բողոքի հավաք լինի, ոստիկանությունը հսկայական ուժեր է կուտակել»։

Անդրադառնալով ոստիկանության՝ ուժի կիրառմանը, Ավետիք Իշխանյանը շեշտեց, որ այն անհարկի էր և ոչ իրավական․ «Մի քանի անգամ տեղի է ունեցել անհամաչափ ուժի կիրառում, հատկապես՝ կանանց նկատմամբ։ Եվ այստեղ կարևոր սկզբունք գոյություն ունի, որ կանանց նկատմամբ, եթե նույնիսկ ուժ ես կիրառում, ապա ցանկալի է, չեմ ասում՝ պարտադիր է, որ դրանք լինեն կին ոստիկաններ։ Տվյալ դեպքում՝ մենք տեսանք, թե մի քանի տղամարդիկ ինչպես էին այդպիսի ուժ գործադրում։ Ինչ վերաբերվում է այսօրվա հավաքին, եթե հաշվի առնենք, որ Սիրահարների այգում թերևս Ծառուկյանի կողմնակիցներն էին հավաքված, փաստորեն, դուրս է գալիս, որ զբոսայգիներում նստելու իրավունք չունեն, որովհետև դա համարվել էր հավաք, և բերման էին ենթարկվել շատ մասնակիցներ։ Էլ չեմ ասում ըմբիշ Ռոման Ամոյանի նկատմամբ բռնի գործողությունները, նույնիսկ կարելի է ասել նաև վայրենի գործողությունները ոստիկանության կողմից։ Ուղղակի անհարմար էր այդ ամենը նայել»։

Ամփոփելով իր խոսքը Ավետիք Իշխանյանն ասաց․ «Առաջինը՝ եթե մինչ այս կասկածում էի, արդեն վստահաբար կարող եմ ասել, որ խաղաղ հավաքների արգելանքը պատրվակ է, իբր համաճարակի դեմ պայքարելու համար։ Որովհետև նույն այդ ոստիկանության կողմից հրահրված, պայմանական ասած, ընդհարումները ավելի էին սաստկացնում հնարավոր վարակի տարածումը։ Երկրորդը՝ փաստորեն, այն օգտագործվում է քաղաքական նպատակներով։ Երրորդը՝ խաղաղ հավաքի նկատմամբ անհարկի ուժի, որոշ դեպքերում էլ անհամաչափ ուժ է կիրառվում»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930