Վերջին 1 ամսում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը ստուգայց է իրականացրել 4000 տնտեսվարողի մոտ: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը։ Նա տեղեկացրեց, որ այդ 4000-ից խախտումներ են հայտնաբերվել 1000 տնտեսվարողի մոտ եւ կազմվել արձանագրություններ:
Ավետիսյանի խոսքերով. «ՍԱՏՄ-ն հենց առաջին օրվանից լծված էր այն աշխատանքներին, որոնք միտված էին մեր սպառողներին կորոնավիրուսային հիվանդությունից զերծ պահելուն։ Մարտի 19-ից սկսած մենք կատարել ենք 13 067 շրջայց եւ ստուգում, կազմել ենք 1015 արձանագրություն, այս պահին արդեն կա 976 փակված հանրային սննդի օբյեկտ, սննդի արտադրամասեր եւ խանութներ»։
ՍԱՏՄ ղեկավարի ներկայացմամբ՝ ստուգայցերի ժամանակ արձանագրել են՝ հիմնականում հաճախորդները չեն պահպանել սահմանված 1,5 մետր հեռավորությունը, հաճախորդներին մատուցվել է նարգիլե, ինչն արգելված է, աշխատակիցները դիմակները սխալ են կրել, սեղաններին բացակայել են ախտահանող միջոցները, չի վարվել աշխատակիցների ջերմաչափում եւ այլն։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ