«Ապրիլի 21-ից Երեւան համայնքի ենթակայության տակ գործող հիվանդանոցային հաստատությունների պացիենտների եւ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող պոլիկլինիկաներում հաշվառված քաղաքացիների համար իրականացվում է շրջիկ եղանակով նմուշառում»,-այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Նա հայտարարեց՝այս պահին 5628 նմուշառում է արվել. «Պոլիկլինիկաները տանում են 4493 պացիենտի, որից 1053-ը կորոնավիրուսով հաստատված դեպքեր են: Երեք պոլիկլինիկա հերթապահություն են անում լավագույն միջոցներով եւ ռենտգեն ապարատներով»:
Քաղաքապետն ասաց, որ չնայած մանկապարտեզների վերաբացման համար մեծ գումարներ են ծախսվել, բայց այս պահին երեխաների այցելությունը 6-7% է,մինչդեռ մանկապարտեզներ հաճախող երեխաների ընդհանուր թիվը 30500 է, որից այս պահին 1800-1900 երեխա է այցելում մանկապարտեզ.« Արդեն քննարկում ենք մանկապարտեզների բաց պահելու նպատակահարմարությունը՝ ամեն վարչական շրջանում մեկ մանկապարտեզ թողնելու հարցը»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ