Լրահոս
Օրվա լրահոսը

«Բացառում եմ: Շատերի հետ կարող են շատ բաներ համընկնել». Նաիրա Զոհրաբյանը՝ Միքայել Մինասյանի հետ համագործակցության մասին

Հունիս 16,2020 19:55

«Այդ նույն դատախազը ժամանակին ուզում էր զրկել Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից՝ կատարելով նախորդ իշխանության պատվերը: Հիմա էլ կատարում է այս իշխանության պատվերը»,- ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ վերջին օրերին կատարվող իրադարձությունները իրավական գործընթացի հետ կապ չունեն, այլ քաղաքական են՝ քաղաքական վենդետա, հաշվեհարդար. «Սա շատ վատ տեղ է տանելու երկիրը, քանի որ ՀՀ-ն բռնապետական ռեսուրս չունի, որևէ իշխանություն չի կարող Հայաստանը բլոկադայի ենթարկել և հավերժ երկարացնել արտակարգ ռեժիմը՝ արգելելով մարդկանց իրենց բողոքն ազատորեն արտահայտելու իրավունքից»:

Ըստ նրա՝ գլխավոր դատախազը խորհրդարանում չներկայացրեց որևէ փաստ:

Լրագրողների հակադարձմանը՝ թղթի վրա գրված է եղել Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց. «Հիմա տվեք թղթի վրա գրեմ, որ ես պատվիրել եմ ձեզ ամենաթանկ նկարներից մեկը գողանալ….թղթի վրա գրելը փաստ չէ, փաստաթուղթ չէ: Սա ծիծաղելի է, քանի որ, երբ երկիրը գնում է ռեպրեսիաների ճանապարհով, այդ ամենը կարճ ավարտ է ունենում: Ցավում եմ, որ հեղափոխությունը շատ տխուր վախճան է ունենալու»:

Հարցին՝ փոշմանե՞լ է, որ քվեարկել է Նիկոլ Փաշինյանին օգտին, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ փոշմանելը քաղաքական կատեգորիա չէ:

Այնուհետև ասաց, որ մի քանի քաղաքական ուժեր համատեղ հայտարարություն են տարածել ստեղծված իրավիճակի հետ կապված: Ըստ նրա՝ հիմա պիտի գնա քաղաքական առողջ ուժերի կոնսոլիդացիա. վերջապես պետք է ունենաք օրենքի իշխանություն:

Խոսելով իր հետ կապված ԱԱԾ հրապարակած նյութերի մասին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Նաիրան ասել է՝ էդա էլի, առանց փողի, ընտրակաշառքի ձայն չեք տալիս: Ես քրեական գործ հարուցելու դիմումը ուղարկել եմ գլխավոր դատախազություն: Սա նշանակում է, որ իրենք բնակվում են իմ հեռախոսի մեջ: Մտածում էի, որ այս շենքը ոտով գլխով ականջներով դուրս պիտի գա իմ հեռախոսից, որքան հասկացա՝ ոչ»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, գուցե նման բան ասել է այն համատեքստում, թե չգիտեմ՝ էս ժողովուրդը փաստորեն ընտրակաշառք է ակնկալում մեզնից, ժողովուրդ ջան, չենք տվել, դրա համար քիչ ձայն եք տվել:

Այն տվյալներին, թե Նաիրա Զոհրաբյանը ժողովրդին ասել է աղանդավորներ, նա պատասխանեց՝ մեր հարգարժան վարչապետն իր լեքսիկոնով ինչեր ասես, որ չի ասել ժողովրդի տարբեր սեգմենտներին:

Հարցին՝ եթե Գագիկ Ծառուկյանին կալանավորեն,ո՞վ է ստանձնելու կուսակցության ղեկավարությունը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Կազմկոմիտեում կլինեն տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, կուսակցության ղեկավարության ստանձնելու մասին խոսք չկա, քանի որ հույս ունեմ՝ Գագիկ Ծառուկյանի հետ կապի մեջ կլինենք, մեզնից յուրաքանչյուրն իր անելիքը գիտի: Չեմ պատրաստվում հրապարակել մեր կուսակցության քայլերի բովանդակությունը: Հանգիստ եղեք՝ շարժումը շարունակվելու է: Ում էլ մեզնից ձերբակալեն, չեմ բացառում, որ վաղը ԱԺ էլ գան իմ հետևից, միևնույն է, շարժումը շարունակվելու է»:

Դիտարկմանը՝ կարծես 2015-ի դեժավյու լինի և հարցին՝ հնարավո՞ր է նորից հետ կանգնի Գագիկ Ծառուկյանը, ինչպես 2015-ին,  Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց. «Ոչ, հնարավոր չէ: Գագիկ Ծառուկյանը մնալու է քաղաքականության մեջ: Էս փորձությունները քաղաքական գործչի համար են, մեզնից յուրաքանչյուրի»:

Հիշեցմանը՝ 2014-ին էլ էր ասում, որ հետ կանգնող չէ, բայց նախադեպն ունեցանք, Նաիրա Զոհրաբյանը պնդեց. «Ասում եմ՝ ոչ: Կհարցնեք՝ ինչո՞ւ հիմա ոչ, ես այդ հարցի պատասխանը գիտեմ, բայց այս պահին հարցի պատասխանը չեմ տա»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այժմ Գագիկ Ծառուկյանը ՀՀ ԱԱԾ-ում է, քանի որ նախօրեի քննությունը կիսատ էր մնացել:

Հարցին՝ հնարավո՞ր է համագործակցեն Միքայել Մինասյանի հետ, քանի որ պահանջների համընկնումներ կան, նա պատասխանեց. «Բացառում եմ: Շատերի հետ կարող է շատ բաներ համընկնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930