Լրահոս
Օրվա լրահոսը

Ջավադյանին իր նոր պաշտոնում լուրջ փորձություններ են սպասվում․ դժվար է լինելու դրսից փող բերելը

Հունիս 16,2020 20:15

Այսօր քաղաքական թոհուբոհի մեջ հանրությունը գրեթե չնկատեց ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանի նշանակումը հատուկ հանձնարարությունների դեսպանի պաշտոնին։ Միանշանակ է, որ Արթուր Ջավադյանը չի զբաղվելու, օրինակ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, նրա  հիմնական գործը լինելու է  դրսից պարտքով փող բերելը, իսկ ավելի կոնկրետ՝ խորացող ֆինանսատնտեսական ճգնաժամը կասեցնելու համար արտաքին պարտքը ավելացնելը՝ բնականաբար օգտագործելով իր «հին և բարի» կապերը։ Հայտնի մոտեցում է, որ ճգնաժամը կասեցնելու և հետևանքները վերացնելու համար երկրները ներդրումներ են իրականացնում տնտեսության մեջ՝ հիմնականում ի հաշվի պետական պարտքի ավելացման։ Համեմատության համար նշեմ, որ մեր հարևան Վրաստանը նախնական պայմանավորվածություններ ունի շուրջ 3 մլրդ դոլարի միջոցներ ներգրավելու վերաբերյալ։

Սուրեն Պարսյանը

2008-2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար նախորդ իշխանությունները միջազգային տարբեր դոնորներից (Համաշխարհային բանկից, Ռուսաստանի Դաշնությունից, Արժույթի միջազգային հիմնադրամից, Ասիական զարգացման բանկից և այլն) ներգրավեցին շուրջ 2 մլրդ դոլար, ինչի հաշվին կտրուկ ավելացավ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը, որն ըստ իս ծախսվեց ոչ արդյունավետ և չնպաստեց երկարաժամկետ կայուն տնտեսական աճին, օրինակ՝ Գյումրու Մուշ թաղամասի կառուցումը, «Հյուսիս-հարավ» ճանապարհի ներդրումային ծրագիրը և այլն։

Ցավում եմ, որ գործող իշխանությունները իրենց «հույսը կապել են» Արթուր Ջավադյանի հետ, ով կենտրոնական բանկի թիմի մյուս ներկայացուցիչների հետ մեծ վնաս է  հասցրել Հայաստանի տնտեսությանը և ազգաբնակչությանը, ինչպես նաև մշտապես սպասարկել է օլիգարխիայի և բանկային համակարգի շահերը, մասնավորապես՝ ներդնելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը, վատնելով վարկային միջոցները, անտերության մատնելով «Հյուսիս-հարավ»-ը, պաշտպանելով վաշխառու ֆինանսական կազմակերպությունների շահերը և այլն։

Ներկայումս համաշխարհային տնտեսությունը գտնվում է խորը ճգնաժամի մեջ, դրանից անմասն չէ նաև Հայաստանը, և այս իրավիճակում մեզ հարկավոր է նոր որակի իշխանություն՝ հատկապես պետական կառավարման ֆինանսական հատվածում։ Հին ֆինանսական քաղաքականությամբ և հին կադրերով հնարավոր չէ այս ճգնաժամը հաղթահարել։ Այս ներքաղաքական պայմաններում շատ դժվար է լինելու դրսից փող բերելը, առավել դժվար է լինելու դրանք արդյունավետ ծախսելը։ Ելնելով ստեղծված իրավիճակից՝ հերթական անգամ առաջարկում եմ համախմբել և օգտագործել համահայկական մասնագիտական և կազմակերպչական ամբողջ ներուժը՝ մի կողմ թողնելով անձնական և քաղաքական բոլոր նկրտումները։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930