Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Ավագյան․ Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակի խուզարկությունը իրավաչափ չենք համարում

Հունիս 16,2020 19:11

Երեքշաբթի առավոտյան Նաիրա Զոհրաբյանը ահազանգել  էր, որ Կենտրոնի քննչական բաժնի քննիչ ու հայտնել, որ պատրաստվում են ԲՀԿ կենտրոնական գրասենյակում գտնվող իր աշխատասենյակում խուզարկություն կատարել։

Այնուհետև Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ և պարզվել է, որ Նաիրա Զոհրաբյանը համախոհների հետ ունեցած խոսակցությունների ընթացքում բազմիցս ընդունել է այն փաստը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նախկին տարիներին անցկացված ընտրություններում անհրաժեշտ քանակի ձայներ կարողացել է ապահովել բացառապես ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք բաժանելու արդյունքում՝ բառացիորեն հայտնելով հետևյալը․ «…պարզվեց՝ ԲՀԿ-ն առանց ընտրակաշառքի Հայաստանում ձեն չունի…պիտի ճշմարտության երեսին նայե՞նք, թե՝ չէ, էդ ա…, իրականությունը էդ ա…»:

Aravot.am-ը այս մասին զրուցեց «Իրավական ուղի» Հ/Կ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանին ներկայացրած փաստաբան Դավիթ Ավագյանի հետ։

Ըստ նրա, ոստիկանության գործողությունները ակնհայտորեն իրավաչափ չէին․ «Կատարել է խուզարկություն քննչական գործողությունը Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում։ Սակայն, պետք է նշել, որ Նաիրա Զոհրաբյանը օժտված է պատգամավորական անձեռնմխելիությամբ, իսկ խուզարկություն քննչական գործողությունը ինքնին ենթադրում է արդեն բովանդակային առումով քրեական հետապնդում, ինչը պատգամավորական անձեռնմխելիության պայմաններում հնարավոր չէ։ Սակայն, Նաիրա Զոհրաբյանի պատգամավորական անձեռնմխելիությունը չհաղթահարած, փաստորեն կատարվել է խուզարկություն քննչական գործողություն, ինչը մենք իրավաչափ չենք համարում»։

Դավիթ Ավագյանը ընդգծեց, որ խուզարկությունը կատարվել է իրենց մասնակցությամբ․ «Իրենց հետաքրքրող փաստաթղթեր կամ իրեր չեն հայտնաբերվել, և որևէ առգրավում չի կատարվել»։

Անդրադառնալով ԱԱԾ-ի հաղորդագրությանը, հետաքրքրվեցինք, թե արդյոք նշանակում է, որ Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ առնվազն 2 տարի օպերատիվ հետախուզական միջոցառումներ են կիրառվել, Դավիթ Ավագյանը պատասխանեց, որ չի կարող վստահաբար պնդել, որ 2 տարի օպերատիվ հետախուզական միջոցառումներ են կիրառվել․ «Հայտարարությունը ինքնին մի փոքր լղոզված է այդ առումով․ նշված են ուղղակի այսպիսի խոսակցություններ, բայց դրանք հեռախոսային խոսակցություննե՞ր են, թե՞ ինչ են, նշված չէ։ Իսկ եթե նման գործողություններ իրականում կատարվել են, այսինքն՝ գաղտնալսվել է հեռախոսային խոսակցությունները, ապա դրանք ակնհայտորեն ապօրինի են»։

Հետաքրքրվեցինք նաև, թե որոնք են լինելու կողմի գործողությունները, Դավիթ Ավագյանը պատասխանեց, որ իր վստահորդի հետ լրացուցիչ քննարկումներից հետո կորոշեն, թե ինչ իրավական ընթացակարգերի են դիմելու։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930