Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իշխանության թեթև ձեռամբ համավարակի հետևանքով ստեղծված տնտեսական ճգնաժամին ավելացավ նաև քաղաքականը»․ Արթուր Համբարձումյան

Հունիս 16,2020 19:22

Aravot.am-ի հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համահիմնադիր, այժմ արդեն նախկին անդամ Արթուր Համբարձումյանը կարծիք հայտնեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին զրկելով անձեռնմխելիությունից՝ երկրում համավարակի պատճառով առաջացած տնտեսական ու սոցիալական ճգնաժամին զուգընթաց՝ կխորանա քաղաքական ճգնաժամը։

«Ես համաձայն չեմ այն բնորոշմանը, թե Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում են իրականացնում, որովհետև քաղաքական հետապնդում լինելու համար նախ պետք է քաղաքականություն լինի։ Սա ուղղակի մեկ դերասանի կողմից կազմակերպված գործողություններն են, որը ո’չ քաղաքականության հետ կապ ունի, ո՛չ էլ քաղաքական հետապնդման հետ։ Ինչ վերաբերում է նախկին դատախազի, որը դարձել է նոր Հայաստանի դատախազ, արտաբերածին, ես ուղղակի զերծ կմնայի փաստարկներ որակելուց, դրանք փաստարկի հետ որևէ առնչություն չունեն։

Ես ուզում եմ հիշեցնեմ, որ 2017 թվականին ընտրություններով ձևավորված իշխանությունը Փաշինյան Նիկոլը գնահատել է որպես լեգիտիմ, գլխավոր դատախազը որևէ իրավական խախտումներ, ըստ էության, չի գտել։ Նաև ասեմ, որ Շիրակի մարզում գլխավոր դատախազի ներկայացուցիչը՝ մարզի դատախազը ելույթ է ունեցել և ասել, որ մարզում որևէ ընտրական խախտումներ չեն հայտնաբերվել։ Կարող եմ ենթադրել, որ եթե Շիրակի մարզում չի հայտնաբերվել, այլ մարզերում էլ չեն հայտնաբերվել, հետևապես և սա խեղկատակություն է»,- ասաց Արթուր Համբարձումյանը։

Գլխավոր դատախազի կողմից Ազգային ժողովում ընտրակաշառքի վերաբերյալ ներկայացրածն Արթուր Համբարձումյանը համարում է ոչ թե փաստաթուղթ, այլ թղթի կտոր։

«Բոլոր հիմքերն ունեմ մտածելու, որ սարքած է եղել, մինչև գործի հարուցումը գործին առնչվող բոլոր նյութերը տարածվում են համացանցում իշխանական պատգամավորների կողմից, սա օրենքի կոպտագույն խախտում է։ Երեկ էլ տիկին Մակունցը հայտարարեց, թե խմբակցության կողմից որոշում է կայացվել, որ խմբակցությունը քվեարկելու է կողմ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցում։ Նրանք նույնիսկ չգիտեն՝ ինչը պետք է ասել, ինչը չպետք է ասել։ Տեսեք մինչև դատախազի միջնորդությունը, մինչև դատախազի խոսքը, մինչև պարոն Ծառուկյանի խոսքը, մինչև հարցուպատասխանն իրենք այնտեղ որոշում են կայացրել։ Այսինքն, պատգամավորը, որը պետք է առաջնորդվի միայն իր խղճով, համոզմունքներով, պետք է որ որոշում կայացներ այդ պրոցեսից հետո, բայց իրենք որոշում են կայացրել»:

Ըստ մեր զրուցակցի, ՀՀ-ում երկու տարի փորձում են լռեցնել ընդդիմադիր խոսքը։

«16-րդ վարչապետը իրեն իրավունք է վերապահել որոշելու՝ ով պետք է լավ ապրի, ով պետք է վատ ապրի, ով պետք է քաղաքականությամբ զբաղվի, ով պետք է քաղաքականությամբ չզբաղվի։ Եվ այն անհատները, ովքեր ընդդիմադիր խոսքով են հանդես գալիս, այդ մարդկանց փորձում են լռեցնել ֆեյքերի միջոցով և տարբեր տեսակի ֆունդամենտալ իրավունքներից զրկելու միջոցով։

Իսկ այն անհատները, որոնք հասարակության վրա ունենան որոշակի ազդեցություն, այդ մարդկանց նկատմամբ պետք է հարուցվեն քրեական գործեր։ Սա ընտրանքային գործընթաց է, որը առնչություն չունի որևէ քաղաքականության հետ, առավել ևս իրավական գործընթացի հետ։ Սա ճանապարհ է, որը տանում է Փաշինյանին փակուղի, նոր իշխանափոխության։

Իսկ կարո՞ղ է հետո պարզվի, որ այն հանցագործությունները, որոնք մեղսագրվում են Գագիկ Ծառուկյանին, նմանատիպ գործունեությամբ աշխատել են նաև Փաշինյան Նիկոլի ռեյտինգային թեկնածուները՝ տարբեր մարզերում, օրինակ՝ Շիրակի մարզում։ Իմիջիայլոց, այս տեղեկությունը ես ստացել եմ ռեյտինգային այլ թեկնածուներից, նրանք բողոքում էին այլ թեկնածուներից այս նույն գործելաոճի մեջ: Փող չի բաժանվել, բայց եղել են նույն ցուցակները, նույն հրահանգավորումները, այդ թվում պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներին, գյուղապետերի նկատմամբ՝ ձայներ ապահովելու համար»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Արթուր Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930