«Ես նման թուղթ չեմ գրել, բայց վստահ եմ՝ կաշկանդված չեմ կարծիքս արձանագրել ու ստորագրել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ուղղված նրա կուսակցության անդամների «հավատարմության թղթերին»: Էնֆիաջյանը նշեց. «Երբեք մեր քաղաքական թիմում ստիպողաբար որեւէ քայլ չի իրականացվել: Ինչ արել ենք՝ թիմով ենք քննարկել եւ արել: Որեւէ մեկը կաշկանդված չի եղել կարծիք հայտնել»: Հարցին ի պատասխան, որ եթե Գագիկ Ծառուկյանին կալանավորեն, ո՞վ կստանձնի կուսակցության ղեկավարումը, Էնֆիաջյանն ասաց, որ այս պահին նման հարց չեն քննարկել:
Ինչպես հայտնել էինք, ԱԺ-ն այսօր համաձայնություն տվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու եւ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդագրերին:
Հարցին՝ «Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀԿ-ի հետ համագործակցության ծրագրեր կա՞ն», Վահե Էնֆիաջյանն այսպես պատասխանեց. «Ժողովրդի կողմից մերժված, չընկալված քաղաքական ուժերի հետ մենք ճանապարհ չենք անցնելու»:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչու օրինակ Հովիկ Աբրահամյանը, ով Ծառուկյանի խնամին է, նրան զորակցող հայտարարություն չի անում: Էնֆիաջյանը հորդորեց հարցը հասցեատիրոջն ուղղել:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ