Կենտրոնական բանկի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցումը 0.5 տոկոսային կետով սպասելի էր, բայց չափազանց ուշացած: Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Կենտրոնական բանկի որոշմանն, այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը:
Նրա խոսքով, այս տարվա փետրվար, մարտ ամիսներից սկսած բազմաթիվ երկրներ արդեն իսկ կտրուկ նվազեցրել էին վերաֆինանսավորման իրենց տոկոսադրույքները, ինչը թույլ էր տվել իրենց երկրներում ապահովել տնտեսական ակտիվություն:
Հիշեցնենք, որ այսօր Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցնել 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 4.5%:
Սուրեն Պարսյանի խոսքով, ցածր վերաֆինանսավորման տոկոսադրույքի պայմաններում տվյալ երկրի ազգային արժույթը որոշակի չափով արժեզրկվում է. «Այսինքն՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը նպաստում է այդ երկրների արժույթի արժեզրկմանը եւ նաեւ որոշակի գնաճին, բայց այդ երկրները կարողացել դրա հաշվին դեռեւս մի քանի ամիս պահպանել իրենց տնտեսական ակտիվությունը, իրենց կազմակերպությունների մրցունակությունը»:
Ըստ Պարսյանի, հայկական կողմը, ցավոք, շատ դանդաղ իրականացրեց այդ քաղաքականությունը. «Մարտ ամսին 0,25 տոկոսով նվազեցրեց, ապրիլին՝ դարձյալ 0,25 տոկոսով նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը տնտեսական ակտիվության խթանման տեսանկյունից գրեթե որեւէ արդյունք չտվեց, որեւիցե էական ազդեցություն չունեցավ: Հաշվի առնելով, որ վերջին ամիսներին մենք չունենք գնաճային մեծ տատանումներ, Կենտրոնական բանկը հասկացավ, որ իր նախկին կանխատեսումները կամ մոտեցումները չափից շատ պահպանողական են եւ հիմա կտրուկ՝ կես տոկոսով նվազեցնում է:
Կարդացեք նաև
Նպատակը դարձյալ նույնն է՝ տնտեսական ակտիվությունը խթանելը: Այսինքն՝ ցածր տոկոսներով փողերն ավելի մատչելի կդառնան բիզնեսի համար, բայց այս ֆինանսատնտեսական ճգնաժամի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ցածր տոկոսով փողը դեռ բավարար չէ, որ տնտեսական ակտիվությունը խթանվի, քանի որ հիմա ե՛ւ առաջարկի եւ պահանջարկի դեպքում լուրջ խնդիրներ կան: Այս համավարակը թույլ չի տալիս արտադրություններ կազմակերպել, ձեռնարկատիրական գործունեություն կազմակերպել: Հետեւաբար մենք պետք է բավականին խորը մտածենք ե՛ւ այդ գործիքի հետագա արդյունավետության ե՛ւ դրա արդյունքների մասին»:
Սուրեն Պարսյանի խոսքով, հիմա կտրուկ՝ 0,5 տոկոսի իջեցումը կարող է նպաստել դրամի արժեզրկմանը մոտակա շաբաթների ընթացքում եւ դրա արդյունքում էլ նաեւ կարող է որոշակի գնաճային ճնշումներ լինեն, եթե կառավարությունը շարունակի իր կողմից դրամի ներարկումները տնտեսության մեջ. «Հիմա կառավարությունն իր տարբեր հակաճգնաժամային ծրագրերով դրամով ներարկումներ է իրականացնում տնտեսության մեջ եւ այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումով կարող է որոշակի գնաճային ճնշումներ առաջացնել: Բայց ես դարձյալ մեծ հույսեր չեմ կապի, որ այդ վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցումը կխթանի մեր տնտեսական ակտիվությունը, բիզնեսում որոշակի աշխուժություն կնկատվի եւ այլն, սա ուղղակի դասագրքային քայլեր են: Ստեղծված իրավիճակում, կարծում եմ, պետք է նոր, հեղափոխական մոտեցումներ ձեռնարկել, քանի որ այդպիսի միջոցներ իրականացնում են բոլոր երկրները, եւ Հայաստանի տնտեսությունը, հաստատ, այդ առումով շահեկան ու մրցակցային չէ: Այսինքն՝ մինչ մյուս երկրների քայլերն ավելի արդյունավետ են, բիզնեսը կգնա հենց այդ երկրներ քան՝ կգա Հայաստան»:
Հիշեցնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն գործիքն է, որը թույլ է տալիս Կենտրոնական բանկին իրականացնել առանցքային գործառույթներից մեկը` ապահովել գների կայունություն Հայաստանի տարածքում: Այսինքն՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման եւ նվազեցման միջոցով ԿԲ-ն ազդում է գնաճի եւ ֆինանսական շուկայում առկա տոկոսադրույքների վրա։
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ