Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստան-Իսրայել հարաբերություններին ընդդիմանալով. ի՞նչ նպատակ է հետապնդում Իրանը տարածաշրջանում

Հունիս 16,2020 21:12

Վերջին ամիսներին Իրանի և ԱՄՆ-ի միջև հիբրիդային և պրոքսի պատերազմի համատեքստում աշխարհի լրատվամիջոցների և քաղաքական շրջանակների ուշադրությունը կենտրոնացված է եղել Վաշինգտոն-Թեհրան քարոզչական փոխհրաձգության դաշտում տեղի ունեցող զարգացումների վրա։ Սակայն, Իրան-ԱՄՆ առճակատման մետաղադրամի մյուս երեսը կազմում է Իրան—Իսրայել առավել խորքային հակամարտությունն ու թշնամությունը Մերձավոր Արևելքի ամբողջ տարածաշրջանում։

Տարածաշրջանում և հատկապես Սիրիայում ընթացող պրոքսի պատերազմի շրջագծում վերջին ամիսներին, Մոսկվայի կանաչ լույսով, Իսրայելի բանակի օդուժի կործանիչները Իրանի դաշնակից՝ Ռուսաստանի բանակի կողմից Սիրիայում վերահսկվող տարածքներում շաբաթական քանի անգամ հրթիռային հարվածներ են հասցրել Իրանի և նրա շիա դաշնակից խմբերի թիրախներին ու ռազմական բազաներին: Արդյունքում մեծ վնասներ են կրել իրանցի ուժերն ու կորցրել զգալի զինտեխնիկա և կենդանի ուժ։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանն իրեն ձևացնում է իսլամական և արաբական աշխարհի բարեկամը և մյուս կողմից աջակցում է իրանական ուժերին Սիրիայում, դա Թեհրանի համար այնքան էլ ընդունելի չի կարող լինել, որ Սիրիայի պատերազմական դաշտում Իսրայելից ստացած հարվածներին չկարողանա պատասխանել տեղում և կաշկանդված մնալ Ռուսաստանի զսպիչ ուժի տակ:

Հետևաբար, Իրանը փորձում է Սիրիայի պատերազմի դաշտում Իսրայելից ստացած ռազմական հարվածին պատասխանել տարածաշրջանում մի այլ և ավելի անվնաս հարթակում, իսկ մյուս կողմից Ռուսաստանին ու նաև Իսրայելին այն ուղերձը հղել, որ այնքան էլ անտարբեր չի կարող մնալ իր շահերի դեմ ուղղված նրանց հակընթաց քայլերի նկատմամբ՝ Սիրիայում և Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Իսկ Ռուսաստանին և Իսրայելին իր ուղերձի բովանդակությունը հղելու համար այդ երկիրը անկասկած պետք է լինի ոչ մուսուլման, իսկ միաժամանակ սերտ հարաբերություններ ունենա թե Մոսկվայի և թե Թել Ավիվի հետ և քանի որ անտառը թույլ չի տալիս ծառը տեսնել, ուրեմն այդ պայմաններում գտնվող միակ երկիրը տարածաշրջանում կարող է լինել Հայաստանը։

Սիրիայում Իսրայելից ստացած հարվածներից հետո և Իսրայելի կողմից իրանական դիրքերի վրա ավելացող հարձակումների ֆոնին մայիսին Իրանի խորհրդարանի նախագահի հատուկ օգնական Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն իրանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նույնպես ասել էր․ «Թել Ավիվում դեսպանատուն բացելու Երևանի որոշումը զարմանալի է: Այդ որոշումն անկասկած հակասում է պաղեստինցիների շահերին, և բացասաբար է անդրադառնալու տարածաշրջանի կայունության ու անվտանգության վրա»:

Ամիր Աբդոլլահյանը Իրանի դիվանագիտական շրջանակում հայտի է իր ծայրահեղական մոտեցումներով և շատ սերտ կապեր ունի Սիրիայի կառավարության և Եմենի Անսարալլահ շարժման հետ։

Ավելի վաղ 2019 թվականի սեպտեմբերի 19-ի Հայաստանի կառավարությունը որոշում էր ընդունել Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում, ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին:

Աբդուլլահյանի կոշտ հայտարարության համահունչ, 2020 մայիսի 9-ին Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Սեյեդ Աբբաս Մուսավին հույս էր հայտնել, որ Երևանը կվերանայի իր որոշումը և հստակեցրել .«Մեր մտահոգությունը փոխանցվել է Հայաստանի կառավարությանը, որ նպատակ ունի իր դեսպանատունը բացել Թել-Ավիվում»:

Հատկանշական է, որ 2020 թ․-ի մայիսի 12-ին Իրանի իսլամական խորհրդարանն ընդունել է Իսրայելի կողմից ուղղված քայլերին դիմակայելու նախագիծ: Սա նշանակում է, որ Իրանը պաշտոնապես հանձն է առնում տարածաշրջանում և միջազգային հարթակում դիմակայել Իսրայելին և իր համար իրավունք է վերապահում միջամտել տարածաշրջանում այն երկրներ ներքին գործերին, որոնք փորձում են Իսրայելի հետ հարաբերություններն ընդլայնել։ Իհարկե Իսրայելի կողմից Իրանի դեմ ուղղված սպառնալիքների վերաբերյալ Իրանի մտահոգությունները տեղին են, սակայն դա չի կարող արդարացնել Իրանի ձգտումները հարևան երկրների ներքին գործերին միջամտելու համար։

Այնուհետև Հայաստան Իսրայել հարաբերությունների վերաձևավորման վերաբերյալ Իրանի կողմից նախկինում արված հայտարարություններին որևէ բան չավելացավ։ Սակայն, Իրանի և Իսրայելի միջև առկա լարվածության ֆոնին, հունիսի 7-ին, ի պատասխան Իրանի կողմից լրացուցիչ պայմանագրերին հավատարիմ մնալու վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի եռամսյա զեկույցի, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարեց, որ Իրանը արգելափակել է տեսուչների մուտքը մի քանի միջուկային կայքեր և խախտել է միջուկային գործարքի շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Այսպիսով` Իրանն զգաց, որ այնուամենայնիվ Իսրայելը Թեհրանի դեմ ուղղված հիբրիդային պատերազմի տիրույթը տարածել է միջազգային կազմակերպությունների սահմանները, որտեղ մեծ ազդեցություն ունեն հրեական լոբբիները։

Իսրայելի քայլերին դիմակայելու և Իրանի հարևան երկրներում Թել-Ավիավի և ԱՄՆ-ի ազդեցությունը թուլացնելու նպատակով՝ անշուշտ Ռուսաստանի ցուցմունքով, այս անգամ Իրանն իր քարոզչական արշավի սլաքն ուղղեց դեպի Հայաստան, Վրաստան և Միջին Ասիայի տարածաշրջանի որոշ երկրների կողմը։ Այս անգամ պատրվակ ծառայեցնելով այդ երկրներում ամերիկյան համագոյակցությամբ կենսաբանական լաբորատորիաներ ստեղծելու հարցը։

Հունիսի 1-ին Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Տարբեր երկրների կողմից իրենց տարածքներում լաբորատորիաներ հիմնելու և հետազոտություններ իրականացնելու համար ԱՄՆ-ին տրված թույլտվությունը կարող է ենթահող ստեղծել ահաբեկչական կենսաբանական հարձակումների համար, ինչը կսպառնա համաշխարհային անվտանգությանը»: Այս գործընթացի գլխավոր հեղինակն է անկասկած Ռուսաստանը։

Ռուսաստանի մտահոգությունը նախկին Խորհրդային միության հանրապետություններում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի վերաբերյալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների վիրտուալ ժողովի քննարկման հիմնական թեմաներից էր:

Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ Ռուսաստանը պահանջում է ռուս մասնագետների միջոցով ստուգումներ անցկացնել ԱՄՆ-ի կենսաբանական կենտրոններում:

«Կոմերսանտ» -ի հաղորդման համաձայն, կորոնավիրուսի տարածման պատճառով, Ռուսաստանը պահանջել է լաբորատորիաների գործունեության թափանցիկության մասին ստուգումներ անցկացնել ՀԱՊԿ երեք անդամ երկրներ Հայաստանում, Ղազախստանում և Տաջիկստանում:

Սա ևս մի նոր ճակատ է Ռուսաստանի և Իրանի կողմից բացված մասնավորապես ԱՄՆ-ի և ընդհանրապես Իսրայելի և Արևմուտքի դեմ, տարածաշրջանում իրենց համար անվտանգ գոտի ստեղծելու և հարևան երկրներին ճնշելու համար։

Այնուհետև, կրկին Իրանի որոշ քաղաքական շրջանակներում բարձրացավ Թել Ավիվում ՀՀ դեսպանատուն բացելու հարցը։ Ուշագրավ է, որ Իրանի ներքին քաղաքական թատերաբեմում ընթացող զարգացումներն և ցանկացած ակտ անուղղակիորեն առնչվում է նաև Իրանի Մերձավոր Արևելյան տարածաշրջանում վարած ռազմավարությանը: Տարածաշրջանը գտնվում է բարդ իրավիճակում հետևաբար Իրանը փորձում է ներքին և արտաքին ճակատում ստացած ձախողումները փոխարինելու նպատակով՝ տարածաշրջանային նոր ճակատ բացել և երկրի ներսում հոգևոր արմատական իշխանության և ԻՀՊԿ ծայրահեղական հրամանատրաության առջև ծառացած սոցիալ- տնտեսական բարդ իրավիճակը մեղմելու համար հասարակության ուշադրությունը շեղել արտասահմանյան մի նոր ճգնաժամի շուրջ»։

Հենց այս համատեքստում, հունիսի 9-ին Իրանում Հայաստանի դեսպանատան մոտ տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ կապված Հայաստանի կողմից Իսրայելում դեսպանատուն բացելու որոշման հետ։

Քաղաքագետ Հասմիկ Վարդանյանի խոսքերով Հայաստանի կողմից Իսրայելում դեսպանության բացման մասին լուրը՝ հատկապես այս շրջանում, երբ լուրջ և վտանգավոր սրացումներ կան մի կողմից Իրանի, մյուս կողմից Իսրայելի և վերջինսի դաշնակից ԱՄՆ հարաբերություններում, Թեհրանում չէր կարող անհանգստություն չառաջացել: Սա բնականաբար չի ենթադրում, որ Հայաստանը պետք է հրաժարվեր Իսրայելի հետ հարաբերությունները զարգացնելու հեռանկարներից, և տարածաշրջանում իր շահերն արդյունավետորեն պաշտպանելու ուղղությամբ աշխատանքներ չիրականացներ:

Այդուամենայնիվ Հայաստանի համար կարևոր է Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում բացել Երևանի պաշտոնական դեսպանատունը և ընդլայնել հարաբերությունները իսրայելի հետ։

Հայաստանի բարձրաստիճան պետական պաշտոնյաները և Իրանում Հայաստանի դեսպանությունը իրանցի հարգելի պաշտոնակից գործընկերներին պետք է հիշեցնեն և ընդգծեն, որ որքան Իրանի համար կարևոր է Լիբանանի և Սիրիայի շինաերի ճակատագիրը նույնքան՝ Հայաստանի պարտության և հայության համար կարևոր են Իսրայելի, Սիրիայի, Լիբանանի և Իրանի հայ համայնքների ճակատագիրը և Հայաստանը ու հայությունը չի կարող անտարբեր մնալ , Մերձավոր Արևելքի տագնապալից երկրներում բնակվող իր քրիստոնյա դավանակից և ազգակից համայնքների և նրանց պատմամշակութային ժառանգության և կրոնական- հասարակական կյանքի ճակատագրի նկատմամբ։

Հայաստանի քաղաքական փորձագետներն ու պետական մարմինները չպետք է իրենց ելույթներում անընդհատ ընդգծեն Իրան-Հայաստան սահմանը բաց պահելու և սահմանային առևտրի կարևորությունը։ Դա մեր խոցելի կետն է, որն օգտագործում են Իրանն ու Ռուսաստանը՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Իրանի հետ հարաբերություններում Երևաննը պետք է ավելի շատ խոսի մշակութային և քաղաքական հարաբերությունների ընդլայնման մասին։ Անկասկած Իրանի համար Հայաստանի հետ սահմանային 100-200 միլիոն դոլար արժողությամբ տարեկան առևտուրը այնքան մեծ նշանակություն չի կարող ունենալ, քան դա թերևս կարևոր է Հայաստանի համար։ Իրանի համար Հայաստանի Մեղրիի սահմանային անցակետից ավելի կարևոր է Հայաստանի՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը։ Փաստորեն, երբ Հայաստանում չկա դեպի հյուսիս բարեկարգված ճանապարհ, ապա ինչպես կարելի է իրանական ապրանքները հասցնել ԵԱՏՄ-ի շուկա։ Իրանի համար կարևորը Հայաստանի վրայով ԵԱՏՄ-ի և ապագայում նաև Եվրոպայի շուկաներին հասանելիություն ունենալն է։ Իսկ, ինչպես հայտնի է՝ Ռուսաստանը հենց սկզբից այնքան էլ համամիտ չեր Հայաստանի թավշյա հեղափոխությանը և Երևանում ձևավորված նոր իշխանությունների հետ։ Ավելի ուշ և անուղղակիորեն Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ նման մոտեցում ցուցաբերեցին Իրանի համակարգի որոշ արմատական շրջանակներ։ Իրանը հետևելով Ռուսաստանի քաղաքականությանը նույնպես չի վստահում Հայաստանի նոր իշխանություններին։

Արդեն ակնհայտ է, որ Ռուսաստանը բացարձակապես խոչընդոտում է Հայաստանում նոր իշխանությունների ձևավորմանը և ժողովրդավարական կարգերի հաստատման ուղղությամբ տարվող ջանքերին։ Մյուս կողմից Մոսկվան չի ցանկանում առանց իր մասնակցությամբ՝ Հայաստանում կառուցվի Հյուսիս-Հարավ ճանապարհը, քանի որ դա Հայաստանին հնարավորություն կտա ավելի ազատ առևտուր անել Իրանի կամ ցանկացած այլ երկրի հետ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանը փորձում է Հայաստանին պահել իր տնտեսա-քաղաքական ազդեցության գոտում։ Իսկ մյուս կողմից Մոսկվան ձգտում է Իրանին ևս թույլ չտալ Հայաստանի հետ համատեղ ծրագրեր իրականացնել տարածաշրջանում, քանի որ ուզում է նաև Իրանին պահել իր ռազմավարական և տնտեսական ազդեցության շրջանակում։ Իրանը Հայաստանին դիտում է, որպես Ռուսաստանին կախված պետություն և խորքում ցանկանում է Հայաստանին պահել հենց այդ վիճակում և Երևանի հետ գոնե ներկայումս հարցերը կարգավորել Մոսկվայի միջոցով։ Իսրայելի հետ Հայաստանի հարաբերությունը լավ պատրվակ է ստեղծել Իրանի և Ռուսաստանի համար ճնշում գործադրելու Հայաստանի վրա, որպեսզի Երևանին հասկացնեն, որ չփորձի շեղվել այս երկու տերությունների ցանկացած ուղղուց տարածաշրջանում։

Այնուամենայնիվ Հայաստանի համար կարևորն իր երկարատև շահերի պահպանումն է տարածաշրջանում, հետևաբար Իրանում բռնկված կորոնավիրուսի պանդեմիայի անկառավարելի ու օրավուր աճող Քովիդ -19 հիվանդության վտանգավոր պայմաններում, հակառակ Իրանի մյուս հարևան երկրներին՝ ինչպես Թուրքիան, Հայաստանը կշարունակի իր հարաբերությունները բարեկամական Իրանի հետ, բաց պահելով սահմանը և անտեսելով՝ հյուսիսային հարևան Ռուսաստանի կողմից, ներքին և արտաքին ճակատներում մեր երկրի պետական շահերին ուղղված ոչ կառուցողական քայլերին, Երևանը կընդլայնի իր հարաբերությունները տարածաշրջանում, մեր շահերին համապատասխանող ցանկացած երկրի՝ այդ թվում Իսրայելի հետ և անպայման Երևանի դեսպանատունը կբացվի Թել-Ավիվում։ Առ ի հիշեցում և շեշտադրում պետք է ասել, որ դա Հայաստանի ներքին հարցն ու լեգիտիմ իշխանությունների անշրջելի որոշումն է և ուղղված չէ որևէ այլ պետության շահերին։

Իսկ վերջում, նկատել տանք, պաղեստինցիների համար մտահոգ իրանցի ուսանողներից պետք է հարցնել, այդ երբ է պատահել, որ պաղեստինցիները իրենց տարածքներում կամ ցանկացած արաբական երկրում ցույցեր են անցկացրել Ադրբեջանի կամ Թուրքիայի ներկայացուցչությունների և դեսպանատների շենքի առջև և պահանջել՝ վերջ տալ Հայաստանի և Արցախի դեմ ադրբեջանական ճնշումներին և ագրեսիային, որ այժմ իրանցի հարգելի ուսանողներն, Թեհրանում Հայաստանի դեսպանատան շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացրել ի նշան բողոքի Հայաստանի և Իսրայելի հարաբերության դեմ՝ պահանջելով վերանայել Հայաստան-Իսրայել հարաբերությունները:

Վահե ԱՐԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930