«Սեփական օրինակով համոզվեցի դիմակ կրելու արդյունավետության մեջ»,-այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ երեկ լրացել է իր՝ կորոնավիրուսով դրական ախտորոշման 14 օրը, եւ վերլուծելով այդ օրերին իր հանրային շփումները, պարզել է.«Որեւէ մեկին չեմ վարակել, որովհետեւ իմ հիվանդության առաջին օրից եղել եմ դիմակով: Այն քաղաքացիները, ում հետ շփվել եմ, անընդհատ կապի մեջ ենք եղել, եւ երեկ ինկուբացիոն շրջանը ավարտեց, կրկին կապ ենք հաստատել ու համոզվել՝ բոլորի ախտորոշումը բացասական է, ինչի համար ուրախ եմ»:
Փաշինյանը սեփական փորձի վրա հիմնված, ասաց՝ դիմակի կրումը գրեթե երաշխավորում է, որ դիմակ կրողները չեն վարակվի ու չեն վարակի:
Բացի այս,Փաշինյանը նաեւ հիշեցրեց՝ դեռեւս մոտ մեկ շաբաթ առաջ, պարետի որոշմամբ, ձեռնոցի պարտադիր կրելը հանվել էր՝ կապված կորոնավիրուսի մասին նոր գիտելիքների հետ: Ըստ վարչապետի, փորձը ցույց էր տալիս, որ ձեռնոցներ արագ կուտակում են որոշակի նյութեր, ուստի ավելի լավ է ձեռքերը պարբերաբար ախտահանել:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև