Վաղվանից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է լինելու անձը հաստատող փաստաթղթի կրումը: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անձը հաստատող փաստաթղթի պարտադիր առկայությունը վարչապետը բացատրեց այն հանգամանքով, որ երբ հակահամաճարակային կանոնների խախտման դեպքեր են լինում եւ հարկ է լինում վարչական վարույթ սկսել, խնդիր է առաջանում, երբ քաղաքացիների մոտ անձը հաստատող փաստաթուղթ չի լինում, արդյունքում գործընթացը տուժում է: Փաշինյանն ասաց՝ անձը հաստատող փաստաթուղթ չունենալու եւ դիմակ չկրելու համար կիրառվելու տուգանք՝ 10 հազարական դրամ:
«Մենք ուժեղացնելու ենք վերահսկողությունը դիմակներ կրելու կարգապահության վերաբերյալ: Մինչեւ հիմա ոստիկանությունն էր այդ գործառույթն իրականացնում, հիմա էլ վարչական վարույթի առումով ոստիկանությունը կշարունակի, բայց որպեսզի ոստիկանության ուժերն առավել արդյունավետ օգտագործենք, նաեւ պետական այլ մարմիններից ներկայացուցիչներ կուղեկցեն, եւ ամեն կարգախմբում կլինի ոստիկան, եւ դրանով վարչական վերահսկողություն իրականացնող մարմինների թիվն ու վերահսկողությունը կրկնապատկվեն»,-ասաց Փաշինյանը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Կարդացեք նաև