ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված վերահսկողությունը և, լայնածավալ դիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով, 24 ժամով կամ երբեմն ավելի երկար ժամկետով կասեցվում է տնտեսվարողների գործունեությունը:
Այսօր էլ կասեցումները հաջորդել են միմյանց հանրապետության ողջ տարածքում. 24 ժամով աշխատանքը դադարեցրել են հարյուրից ավելի տնտեսավարողներ, դրանցից 2-ը՝ 48 ժամով:
Հայտնաբերված հիմնական խախտումներն են անձնակազմի դիմակ և ձեռնոցներ չկրելը կամ ոչ ճիշտ կրելը, հաճախորդների մուտքը օբյեկտ առանց ջերմաչափելու թույլ տալը, ջերմաչափման և ախտահանման վերաբերյալ գրանցամատյանների չվարելը կամ թերի վարելը, մուտքերի մոտ դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված առանձին-փակ աղբարկղերի բացակայությունը, սեղանների շուրջ նստած անձանց սոցիալական հեռավորությունը չապահովելը:
ՍԱՏՄ-ն իրականացրել է նաև ակտիվ ստուգայցեր՝ փորձելով բացառել պարետի սահմանած կանոնների շրջանցումը: Ընդհանուր դիտարկումները փաստում են, որ տնտեսավարողները ներկայում առավել բարեխիղճ մոտեցում են ցուցաբերում պարետի սահմանած կանոնների պահպանմանը։
Կարդացեք նաև
Տեսչական մարմնի մասնագետները տնտեսավարողներին տրամադրում են խորհրդատվություն, տալիս են ցուցումներ, նաև ներկայացնում կասեցումների հիմնական նպատակը. ոչ միայն պատժել կարգազանցներին, այլև տալ արձանագրված խախտումները վերացնելու ժամանակ:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին