Լրահոս
Օրվա լրահոսը

«Այ այստեղ էիք՝ Սերժ Սարգսյանին ադամանդակուռ շղթայով հովազ էիք նվիրում». Արեն Մկրտչյանը Ծառուկյանի լուսանկարներն էր ցուցադրում ԱԺ-ում

Հունիս 16,2020 17:45

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ որեւէ պատգամավոր գլխավոր դատախազին հարց չուղղեց, որովհետեւ արդեն բոլոր հարցերը հնչել էին Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու քննարկման ժամանակ: ԱԺ նախագահը ԱԱԾ ղեկավարի հետ է կապվել՝ Գագիկ Ծառուկյանին իր ելույթի իրավունքի մասին հիշեցնելու համար, Ծառուկյանը հրաժարվել է ելույթ ունենալ:

Ելույթ ունեցավ միայն իմքայլական Արեն Մկրտչյանը, որն իր հետ բերել էր Գագիկ Ծառուկյանի՝ Սերժ Սարգսյանի հետ լուսանկարները:

Արեն Մկրտչյանն ասաց. «Մեզ ասում եք՝ ուր էիք մենք, երբ երկու օր առաջ ԱԺ կին պատգամավորների էին հեռացնում փողոցի բանուկ մասից: Ասում եմ՝ ո՞ւր էիք դուք, երբ Սերժ Սարգսյանի նախագահական պարիսպների մոտից քարշ էին տալիս սեւազգեստ մայրերին, այ այստեղ էիք», – ասաց Մկրտչյանն ու ցուցադրեց Սերժ Սարգսյանի հետ իրենց լուսանկարը:

Հետո հավելեց. «Մարտի 1-ից առաջ ստացած 300 հազար քվեն փաթեթով նվիրում էիք ՀՀԿ-ին, հետո կոալիցվում ու ՀՀԿ-ի մոտ ժամավճարով ընդդիմություն, ավելի ճիշտ՝ այլընտրանք աշխատում: Այ այստեղ էիք՝ Սերժ Սարգսյանին ադամանդակուռ շղթայով հովազ էիք նվիրում: Իմիջիայլոց, այս հովազը հայտարարագրված չի, կա՛մ դուք եք կեղծել հովազը, կա՛մ Սերժ Սարգսյանը՝ հայտարարագիրը: Պարզ է, որ մենք իրար հետ արժեքաբանական առումով անհամատեղելի ենք, որովհետեւ մենք կազինոներ ու ցեմենտի գործարաններ չունենք, սարի գլխին՝ դղյակ, դղյակի գլխին՝ դղյակ, դղյակի գլխի դղյակի գլխին՝ Բենթլիներով ու Ռոլս ռոյսերով լի գարաժներ չունենք, մեր տներում արջերի լեշեր չունենք փռած՝ բա ժողովուրդը սոված ա: Իրար հետ հանդիպելու ու պայմանավորվելու բան չունենք, քանի որ մենք անտառաճանաչ դեգեներալներ ու սավանաներում սատկած առյուծներ քշող չենք…Եկել մեզ ասում եք՝ պատասխան եք տալու, օրեր մնաց, ժամեր մնաց, որ դուք մինչեւ վերջ գնալու եք: Ժողովուրդը տեսել է, թե դուք ինչպես եք մինչեւ վերջ գնում 2015-ին ու ինչպես ենք մենք մինչեւ վերջ գնում 2018-ին: 2018-ի ապրիլի 12-ին Պտղնիում հեղափոխական թիմով իրար մահվան երդում ենք տվել, այդ երդումն ուժի մեջ է, եթե դուք մինչեւ վերջ գնացող եք, մենք էդ վերջում կանգնած ենք, եկեք տեսնենք ով եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930