Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում ենք գործող իշխանություններից՝ դադարեցնել երկրում ճգնաժամը խորացնող ռեպրեսիվ  գործելաոճից և անհապաղ վերադարձնել գործընթացները քաղաքական հարթություն. ընդդիմադիր քաղաքական ուժերի հայտարարությունը

Հունիս 16,2020 17:21

Խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաև ԲՀԿ տարածքային կառույցների շուրջ ծավալվող իրադարձությունները ցավալի վկայությունն են այն իրողության, որ իշխանությունը՝ պատրաստ չլինելով և անկարող լինելով բովանդակային երկխոսությամբ հակադարձել խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմության կողմից հնչող հիմնավորված և փաստարկված քննադատություններին, ինչպես նաև սեփական իշխանությունն ամեն գնով պահպանելու, վարչախմբի կառավարչական ձախողումները քողարկելու նպատակով՝ պատրաստ է դիմել ցանկացած բնույթի բռնաճնշումների:

Ակներև է, որ ԲՀԿ նախագահի նկատմամբ քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումն ու նրա անձի վարկաբեկման արշավը սկսվեց այն բանից հետո, երբ վերջինս հանդես եկավ Կառավարության ամբողջական ձախողման և տապալման մասին քաղաքական գնահատականով և կառավարության ամբողջ կազմի հրաժարականի պահանջով։ Դրա վառ վկայությունը ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քննարկումներն էին Ազգային ժողովում։

Տարված լինելով ամբողջատիրական նկրտումներով և Նիկոլ Փաշինյանի բացարձակ իշխանությունը հաստատելու մոլուցքով, իշխանությունը մերժել է քաղաքական ընդդիմության կողմից մեր պետության և հասարակության առջև ծառացած խնդիրները համատեղ ուժերով լուծելու ցանկացած նախաձեռնություն։

Բազմաթիվ ներքին և արտաքին մարտահրավերներ դիմագրավող մեր երկրում, բռնաճնշումների, անհանդուրժողականության և ազգային պառակտումի այս մթնոլորտը Հայաստանի պետականության ընթացքը կանգնեցնում է անկանխատեսելի սպառնալիքների և կորուստների վտանգի առջև:

Պահանջում ենք գործող իշխանություններից՝ դադարեցնել երկրում ճգնաժամը խորացնող ռեպրեսիվ  գործելաոճից և անհապաղ վերադարձնել գործընթացները քաղաքական հարթություն։

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին, ինչպես նաև քաղաքական և հասարակական  ուժերին՝ համախմբվել ազգային-պետական իրական օրակարգի շուրջ, համազգային համախոհությամբ և ներուժով հաղթահարել մեր պետականությանն ուղղված մարտահրավերները։​

Կուսակցություններ՝

«Հայրենիք»
«Հ.Յ. Դաշնակցություն»
«Մեկ Հայաստան»

Տեղեկացում. հայտարարությունը բաց է այլ ուժերի միացման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930