Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդա Գրիգորյանը՝ Ֆիրդուսի թաղամասի, Իսպիրյանի ու Մեսչյանի «դիրքափոխության» մասին

Հունիս 16,2020 17:05

«Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ, վավերագրող ռեժիսոր Սեդա Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում խոսելով Ֆիրդուսի թաղամասի խնդրի մասին՝ նշեց, որ 19-րդ դարի շենքի ավերումը ազդակ հանդիսացավ, որպեսզի պարզեն, որ նախկիններից «ժառանգված» նախագիծը քննարկվում է եւ չի էլ վերանայվել:

Մեր հարցին՝ իր կարծիքով ինչո՞ւ հին ծրագիրը ռեինկարնացիայի ենթարկվեց՝ նոր պայմաններում, ինչո՞ւ կրկին բիզնես շահը շեշտադրվվեց, նախաձեռնության անդամը պատասխանեց, որ ծրագիրը հաստատվել էր նախորդ կառավարության կողմից եւ գերակա շահի որոշումը, որը կայացվել էր 2006 թ, հետո 2018թ-ին նորից թարմացվել է, նորովի չի քննվել, ծրագրի զարգացումը եւ իրականացումն էլ բխում է հին որոշումից:

«Իհարկե այդ որոշմանը հաջորդել է քաղաքապետարանի պայմանագիրը, ասում են, որ քանդման թույլտվություններն արվել են դեռ 2006 թ՝ գերակա շահի հիման վրա: Ես ճիշտն ասած մասնագետ չեմ, որ փաստաթղթերի պատճառահետեւանքային կապերը հասկանամ, դրանով պետք է իրավաբանները զբաղվեն: Ամեն դեպքում հասկանալի է, որ ծրագրի հիմքում ընկած են նախկինների կայացրած որոշումները եւ ստորագրած փաստաթղթերը: Վերջին քսան տարիների ընթացքում տեսել ենք, թե ինչպես է հանրային գերակա շահի մասին օրենքը բազմիցս շահարկվել՝ բիզնես շահին ծառայելու նպատակով, եւ տհաճ է, որ այդքան տարի պայքարելուց հետո նորից ենք բախվում դրան: Օրենքի անունը հանրային գերակա շահ է, սակայն ակնհայտորեն այդ շահը ոտնահարվում է, ծառայեցվում է բիզնես շահին: Հիասթափեցնող է, որ այս առումով գործողություններ չեն ձեռնարկվել եւ մենք հայտնվել ենք կոտրած տաշտակի առաջ»,-ասաց մեր զրուցակիցը:

Հավելեց, որ ի տարբերության կառավարության, քաղաքապետարանը համառորեն իրենց ահազանգերին չէր արձագանքում, Սեդա Գրիգորյանի ձեւակերպմամբ, ուղղակիորեն ձեռքերը լվանում էր եւ ասում, որ կապ չունի այդ թղթաբանության հետ, ամեն ինչ իրենցից առաջ է արվել: «Վարագ Սիսեռյանը կապի դուրս եկավ մեզ հետ, որոշակի շփում, պատրաստակամություն կա խոսելու, հարցերին պատասխանելու եւ իր հիմնավորումները ներկայացնելու, որքան էլ կարող ենք չհամաձայնել եւ դրանք չընդունել: Ինքը երկու տարվա ընթացքում կարողացել է կառուցապատողների, սեփականատերերի հետ հարցեր լուծել, բնակիչների համար բարձրացնել տարածքի գները, այսինքն` ծրագրերի շրջանակներում իրականացվել են ինչ-ինչ քայլեր: Բայց մեզ համար խնդիրն առհասարակ այս ծրագրի ու դրա վերաբերյալ կայացված որոշումների օրինականության մեջ է»,-հայտնեց մեր զրուցակիցը:

Սեդա Գրիգորյանը կարծում է, որ նախորդ կառավարության օրոք կայացված որոշումների, Նարեկ Սարգսյանի պարագայում գործ ունենք շահերի բախման հետ: Նա ընդգծում է, որ որեւէ մրցույթ չի եղել, Նարեկ Սարգսյանը ղեկավարել է Երեւանի պատմամշակութային շերտի քանդման երկարատեւ պետական ծրագիրը՝ լինելով պատասխանատու, նաեւ գործընթացում ներգրաված են նախկին կապալառու, կառուցապատող կազմակերպությունները. «Աֆրիկյանների շենքի քանդման ժամանակ գործ ունեինք մարդկանց հետ, հիմա անձը նույնն է, եւ կազմակերպության անունն է տարբեր, ինչը պատասխանատվությունից խուսափելու եւ նորովի ներկայանալու պարզունակ քայլ է: Ոչ միայն չէր կարելի հանցավոր անցյալ ունեցող այդ մարդկանց եւ կազմակերպությունների հետ գործ ունենալ, այլեւ պետք էր քննել նրանց գործողությունները, օրենքի դաշտ բերել եւ համապատասխան գնահատական տալ, ինչից հետո պետք է բացառվեր նրանց առկայությունը եւ ակտիվությունն այսօր:

Իրենք այնքա՜ն արատավոր անցյալ ունեն, բազմաթիվ դատական գործեր կան, առայսօր փոխհատուցում չստացած ընտանիքներ: Այժմ այս մութ, խրթին եւ պատասխաններ չստացած հարցերով լի նախապատմությունը աչքի առաջ ունենալով ՝ պահանջում ենք կասեցնել աշխատանքները եւ հետեւողական ենք քաղաքի ամենահին մշակութային թաղամասի ճակատագրի լուծման առումով, ընդ որում, խոսքը մեկ-երկու շենքի մասին չէ, այլ թաղամասի դիմագիծը պահպանելու:

Եթե քսան տարի սիստեմատիկ ոչնչացման ականատես ենք եղել, ապա այսօր պետք է առավելագույնս պայքարենք պահպանման համար, այսինքն` պետք է վերականգնել քանդված շինությունները, ամրակայել այն շինությունները, որոնք պահպանման ենթակա են եւ վերափոխել դրանց շրջակայքը: Մենք դատապարտել ենք եւ դատապարտում ենք քանդման քաղաքականությունը եւ առհասարակ կոչ ենք անում նայել զարգացած երկրների փորձը, որտեղ վաղուց չեն քանդում, ցանկացած նման հնարավորություն, նման շինություն օգտագործում են՝ քաղաքը ավելի գրավիչ եւ հետաքրքիր դարձնելու համար»:

Ինչ վերաբերում է Աֆիկյաններին, Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին եւ Արթուր Իսպիրյանին, այս մասին էլ Սեդա Գրիգորյանն ասաց. «Ցավալի է, որ քաղաքապետարանը պաշտոնապես անարձագանք էր թողնում մեր ահազանգերը, ցրողական արձագանքներ էին լինում: Վրդովվեցնող էր, որ քաղաքապետն ասաց, թե ասելու բան չունի, ընդամենը կլսի: Միեւնույն ժամանակ պետք է գնահատել ավագանու ակտիվությունը եւ այն աննախադեպ հանդիպումը, որին բոլոր պատասխանատու կողմերը ներկա էին: Մենք հազիվ առիթ ունեցանք խնդիրները վեր հանելու եւ ափսոս, որ ստացանք շատ զգացմունքային ու ոչ համարժեք արձագանք գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի կողմից: Նա իր դիրքը եւ իր մասնագիտությունը, ոլորտը հավասարեցրեց բիզնես շահին, որը դատապարտում ենք: Փաստորեն, իր պես հարգված, լավ ճարտարապետը հասնելով այդ դիրքին՝ գերակայությունը տալիս է բիզնես շահին եւ ոչ թե հանրության շահին, քաղաքի պատմամշակութային միջավայրի պահպանմանը:

Նույնը պարոն Իսպիրյանի պարագայում է: Նրա հետ Աֆրիկյանների ժամանակ մասնակցություն ենք ունեցել պայքարին, ինքս ներկա եմ եղել եւ ինչ-որ տեղ համակարգել եմ արվեստագետների հանդիպումը Նարեկ Սարգսյանի հետ դեռեւս 2016-ին ՝ «Դոլմամայի» տարածքի հետ կապված: Երբ աղմուկ բարձրացավ, մենք հավաքվեցինք մի խումբ արվեստագետներով, որոնց թվում նաեւ պարոն Իսպիրյանը: Իրար հետ շփումներ ունեցել ենք, եղել են քայլեր եւ նախաձեռնություններ, որոնց ինքը մասնակցել է: Ու մեկ էլ լսում ենք, որ նա այլ կերպ է արտահայտվում: Մենք տեսանք հարցազրույց, որտեղ ինքը դատապարտում էր այն մարդկանց, որոնք բարձրաձայնում են խնդիրները, դատապարտում էր մեր պահանջատիրությունը՝ քաղաքի պատմամշակութային շերտի պահպանման համար, ես տառացիորեն նախկինների բառապաշարով է արտահայտվում:

Իհարկե, գնահատում եմ իր ներողություն հայցելը ակտիվիստներից եւ ընդունելը, որ ճիշտ պատկերացում չի ունեցել, բայց հետո գիտակցել է իր սխալ ընկալումը եւ ներողություն է խնդրել: Սակայն ուզում եմ արձանագրել, որ իր գրառման մեջ Արթուր Իսպիրյանը որեւէ անդրադարձ չի արել Ֆիրդուսի թաղամասի հետ կապված իր վերաբերմունքի մասին, ըստ էության՝ իր վերաբերմունքը չի փոխել:

Սա որոշակի ցուցիչ է՝ ավագանու անդամի դիրքորոշման: Եթե ինքն ասում է., որ իր կարծիքով Ֆիրդուսի թաղամասը աղբանոց է, ամոթ է եւ պետք է քանդվի, դա է իր դիրքորոշումն է, որը մինչ օրս չի հերքել: Ես դատապարտում եմ դիրքափոխումը եւ մոտեցման փոփոխությունը խնդրին՝ ավագանի լինելուց առաջ եւ հետո»:

Նախաձեռնության անդամն ասում է՝ ակնկալում էին, որ լինելով ավագանի, իրենց գործընկերները, ընկերները եւ արվեստագետները ավելի ամուր կմնան իրենց դիրքորոշման մեջ եւ ատամներով կպահեն բոլոր պահպանման ենթակա կառույցները, հուշարձանները՝ անկախ նրանից, դրանք հուշարձանների ցուցակում կան, թե ոչ. «Մենք նրանց լիազորել ենք լինել ավագանի, լինել քաղաքապետարանում եւ մյուս կառույցներում՝ հենց նրա համար, որ ժամանակին միասին պայքարել ենք այդ խնդիրների համար, ցանկացել ենք, որ իրենք ավելի ամուր հարթակ ունենան այդ խնդիրները պաշտպանելիս: Սակայն տեսնելով, որ որոշները հետ են կանգնում, հիասթափվում ենք: Մյուս կողմից շատ ուրախ եմ, որ ավագանիում դեռ կան ընկերներ եւ գործընկերներ, որոնք հանգստությամբ, խիզախությամբ եւ պատրաստակամությամբ վեր են հանում խնդիրները եւ հետեւողականորեն աշխատում են դրանց հանգուցալուծման համար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930