Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Նորագույն տեխնոլոգիաներով անցկացված մրցույթը մեծ մարտահրավեր էր». Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել Դիանա Ադամյանը

Հունիս 16,2020 16:45

Երեկ երեկոյան փակման գալա համերգի ընթացքում հայտարարվեցին Արամ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթողների անունները։ Առաջին մրցանակի է արժանացել Դիանա Ադամյանը (Հայաստան)‚ երկրորդ մրցանակը ստացել է Մայքլ Գերմերը (Դանիա)‚ իսկ երրորդ տեղը զբաղեցրել են Լորենց Կարլսը (Շվեդիա) և Բելլ Թինգը (Թայվան)։ Դափնեկրի դիպլոմ ստացավ Ֆելիքս Հարությունյանը։

Շնորհվեցին նաև մի շարք հատուկ մրցանակներ. «Յոհան Սեբաստիան Բախի Մենանվագ ջութակի համար ստեղծագործության լավագույն մեկնաբանություն» (1-ին փուլ) անվանակարգում հատուկ մրցանակ է ստացել Դիանա Ադամյանը‚ «Նիկոլո Պագանինիի Կապրիսի լավագույն մեկնաբանություն» (1-ին փուլ) անվանակարգում մրցանակ է ստացել Մայքլ Գերմերը‚ «Լյուդվիգ վան Բեթհովենի ռոմանսի լավագույն մեկնաբանություն» (1-ին փուլ) անվանակարգի հաղթող է ճանաչվել Լորենց Կարլսը։ «Արամ Խաչատրյանի Երգ պոեմի լավագույն մեկնաբանություն» (1-ին փուլ) անվանակարգում լավագույնը Բելլ Թինգն է։ «Արամ Խաչատրյանի Պարի լավագույն մեկնաբանություն» (2-րդ փուլ) անվանակարգը շնորհվել է Դիանա Ադամյանին։ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգին արժանացել է Բելլ Թինգը‚ այս անվանակարգում հաղթողն ընտրվել է առցանց քվեարկության միջոցով‚ նա 2021-2022 համերգաշրջանում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունենալու հնարավորություն կունենա։ 2020թ. «Գրեմիի» նոմինացված PARMA Recordings ձայնագրման ստուդիան Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակրին տրամադրելու է հատուկ մրցանակ՝ 25000 ԱՄՆ դոլարին համարժեք պայմանագիր։ Ձայնագրությունները կթողարկվեն PARMA Recordings ստուդիայի կազմում գտնվող Navona Records լեյբլի ներքո։

Փակման գալա համերգին տեսակապով իրենց ուղերձները հղեցին մրցույթի ժյուրիի անդամները։ Սանտանդերի երաժշտության և ակադեմիայի ժողովի գեղարվեստական ղեկավար Պիտեր Չաբան‚ անդրադառնալով խաչատրյանական մրցույթին‚ նշեց‚ որ 2020թ. մարտահրավերների պայմաններում մեծ սխրանք էր անցկացնել մրցույթը‚ ինչը հնարավորություն տվեց‚ որպեսզի երաժշտությունն իր բարերար ազդեցությունն ունենա մարդկանց վրա։ Նա նաև ընդգծեց Արամ Խաչատրյանի մեծ ճանաչումն աշխարհում։

Մադրիդի Ռինա Սոֆիայի երաժշտական և Կատարինա Գուրսկա բարձրագույն երաժշտական դպրոցների պրոֆեսոր Զոհրաբ Թադևոսյանը շնորհակալություն հայտնեց մրցույթի ժյուրիի անդամներին համատեղ աշխատանքի համար և մրցույթի կազմակերպիչներին‚ որոնք խիզախեցին և ստեղծված բարդ պայմաններում բարձր մակարդակով կյանքի կոչեցին երաժշտական այս ստուգատեսը։

Ժյուրիի անդամ‚ «Ալ Բուստան» փառատոնի գեղարվեստական ղեկավար‚ Մինսկի «Բոլշոյ» օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հրավիրյալ գլխավոր դիրիժոր Ջանլուկա Մարչիանոն նկատեց‚ որ մեծ պատիվ էր լինել մրցույթի ժյուրիի անդամ։ Ըստ նրա՝ բոլոր երեք փուլերն էլ լի էին գեղեցիկ երաժշտությամբ։ Ջանլուկա Մարչիանոյի կարծիքով՝ խաչատրյանական մրցույթը մեծ փորձառություն էր‚ քանի որ ինքը չէր պատկերացնում‚ թե ինչ պետք է տեղի ունենա‚ հատկապես երրորդ փուլում‚ որն ուղեկցվում էր արհեստական բանականության միջոցով. «Սա լավագույնն էր‚ որ կարելի էր անել տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների կիրառմամբ»։

Շանհայի կոնսերվատորիայի պրոֆեսոր‚ Շանհայի Իսահակ Ստեռնի ջութակի միջազգային մրցույթի համանախագահ‚ Հարբինի ջութակի միջազգային մրցույթի նախագահ Վերա Ցու Վեիլինգն էլ նկատեց‚ որ նորագույն տեխնոլոգիաներով անցկացված մրցույթը մեծ մարտահրավեր էր‚ սակայն ամեն ինչ գերազանց էր։

Դիանա Ադամյանն իր ուրախությունը հայտնեց մրցույթում հաղթող ճանաչվելու համար. «Արամ Խաչատրյան անունն ինձ համար շատ մեծ խորհուրդ ու նշանակություն ունի։ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը մի քանի անգամ կատարել եմ‚ և ամեն անգամ նորանոր զգացողություններ են առաջացել։ Ուրախ եմ մասնակցել առցանց մրցույթին՝ մի քիչ այլ ձևաչափով‚ սակայն ոչ պակաս հետաքրքիր։ Շատ ուսանելի էր առցանց մրցույթը‚ այն‚ ինչ յուրացրի‚ հետագայում կկարողանամ կիրառել»։

Մրցույթի փակման գալա համերգի ընթացքում Դիանա Ադամյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հեռավար կատարեց Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։

Հիշեցնենք‚ որ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթն այս տարի անցկացվում էր առցանց՝ բարձր տեխնոլոգիաների և արհեստական բանականության շնորհիվ։ Մրցույթի երրորդ փուլում մասնակիցներն ու նվագախումբը հանդես են եկել հեռավար։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ‚ ինչպես նաև մրցույթի միջոցով է՜լ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930