Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մելիքյան․ Ոստիկանության գործողությունները համարում եմ տոտալ անօրինականություն և տոտալ հակաիրավականություն

Հունիս 16,2020 16:07

Ազգային ժողովի հարակից տարածքում երեքշաբթի հավաքվել էին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցները։

Ոստիկանությունը առավոտից բերման է ենթարկել 127 քաղաքացիների։

Aravot.am-ը «Իրավական ուղի» Հ/Կ հիմնադիր Ռուբեն Մելիքյանին խնդրեց անդրադառնալ ոստիկանության գործողություններին։ Նա իրավիճակը գնահատեց որպես տոտալ անօրինականություն, որը պայմանավորված է քաղաքական բռնաճնշումով և ժողովրդավարության լրջագույն հետընթացով․ «Ոստիկանությունը հետևողականորեն իրականացնում է քաղաքացիների սրբազան սահմանադրական իրավունքի կոպտագույն խախտում։ Դա այսօր չէ, որ սկսվել է։

Կա մի արմատավորված մոլորություն, ինչպես իշխող քաղաքական ուժի, այնպես էլ ոստիկանության մոտ, թերևս մենք չտարանջատենք այս երկուսը, առ այն, որ նրանք իրավունք ունեն ցրել խաղաղ հավաքները։ Այդպիսի իրավունք ոստիկանությունը չունի, անկախ այն հանգամանքից՝ մենք համարում ենք խաղաղ հավաքը օրինական, թե ոչ իրավական, սա շատ կարևոր է։ Մենք հետևողականորեն պնդում ենք, որ խաղաղ հավաքների տոտալ արգելքը անօրինական է։ Ե՛վ ես անձամբ, և՛ մեր կազմակերպությունը այդ մասին բարձրաձայնում ենք արդեն ավելի քան մեկ ամիս։ Բայց անգամ, եթե մենք ընդունում ենք, որ այդ արգելքը գոյություն ունի, «Հավաքների ազատության մասին» օրենքի 32-րդ հոդվածը շատ ուղիղ սահմանում է, որ եթե հավաքների բնույթը խաղաղ է, ապա ոստիկանության միակ գործառույթը շարունակում է մնալ անվտանգության ապահովումը, և ցրելու որևէ լիազորության մասին խոսք լինել չի կարող։ Նորից կրկնեմ, եթե հավաքը կրում է խաղաղ բնույթ։

Ես կուզեի ուշադրություն հրավիրել, և այդ տեսանյութը իմ սոցիալական ցանցի էջում տեղադրել եմ, որ բառացիորեն նույն բառերը, ինչ որ նոր դուք լսեցիք ինձնից արտասանում է ներկայումս վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2015 թվականին, երբ նոր էր ընդունվել «Հավաքների ազատության մասին» օրենքը։ Այդ դրույթները այս ընթացքում, իհարկե՛, չեն փոխվել, ավելին՝ 2018 թվականին ձևավորվել է հավաքների ազատության շատ ավելի ամուր սահմանադրական սովորույթ։ Այդ կապակցությամբ՝ ոստիկանության գործողությունները ես համարում եմ տոտալ անօրինականություն և տոտալ հակաիրավականություն»։

Ոստիկանությունը բերման էր ենթարկել նաև Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանին, որը դիմադրություն էր ցույց տվել։ Խնդրեցինք մեկնաբանել նաև այս դեպքը։

«Ես այն կարծիքին եմ, որ չակերտավոր պասիվ դիմադրություն ցուցաբերելու իրավունք անօրինականության նկատմամբ ունի ցանկացած մարդ և բնականաբար, ցանկացած քաղաքացի։ Ինչ վերաբերվում է նրան, որ խոսքը Ռոման Ամոյանի մասին է, բարոյական տեսանկյունից, իհարկե՛, դա մեծագույն խայտառակություն է, սակայն, քաղաքացիները հավասար են օրենքի առջև։ Եվ ես վստահ եմ, որ նույն կոշտությամբ ձերբակալություններ են իրականացվել նաև այլ անձանց նկատմամբ ևս»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Լուսանկարները՝ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930