Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը չի մասնակցում Սասուն Միքայելյանը եւ ինչպես են քվեարկելու իմքայլականները

Հունիս 16,2020 16:01

ԱԺ-ում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի փակ, գաղտնի քվեարկության ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ պատգամավորները միասնակա՞ն են քվեարկելու, թե՞ ազատ են՝ պատասխանեց, որ երեկ խմբակցության նիստում քննարկել են այդ հարցը, ինչպես նաեւ այսօր հետեւելով գլխավոր դատախազի ելույթին, պատգամավորների ելույթներին, որոշել են, որ պատգամավորները, իրենց խղճի եւ մտքի համոզմունքով կարտահայտեն իրենց կարծիքը՝ ինչպես միշտ առաջնորդվելով ԱԺ պատգամավորի առաքելության ու կոչման սկզբունքով:

Հարցին՝ ձեր խմբակցության պատգամավորներ կան, որ բացակայում են, օրինակ, Սասուն Միքայելյանը, ի՞նչն է պատճառը՝ Մակունցը պատասխանեց. «Սասուն Միքայելյանը նաեւ նախորդ քառօրյային ներկա չի եղել, առողջական խնդիրների հետ է կապված: Չհրապարակեմ, քանի դեռ նա ինքը չի արել»:

Հարցին՝ խմբակցությունում դեմ արտահայտվողներ եղե՞լ են, կամ գործընթացի իրավականության վերաբերյալ մտահոգություններ՝ Մակունցը պատասխանեց. «Խմբակցության նիստը փակ է եղել, բայց ես արդեն նշեցի, որ խմբակցության պատգամավորները քվեարկելու են իրենց խղճի եւ համոզմունքների համապատասխան»:

Դիտարկմանը, որ կարծես դուք միայնակ եք մնացել որոշման կայացման մեջ, որովհետեւ ընդդիմադիրները չեն մասնակցում՝ Մակունցը պատասխանեց. «Անկախ նրանից՝ քանի խմբակցություն է մասնակցում քվեարկությանը, ԱԺ է բերվել դատախազությունից միջնորդություն, որով ԱԺ պատգամավորները պետք է արտահայտեն դիրքորոշում՝ԱԺ-ն համաձա՞յն է, որ իրավապահ մարմիններին հնարավորություն տրվի լիարժեք քննություն իրականացնել, թե՞ ոչ: Ընդ որում, դա արվում է ՝առանց անմեղության կանխավարկածը խախտելու»:

Հարցին՝ եթե ձեր խմբակցությունից «դեմ» քվեարկողներ լինեն, դա պատասխանատվություն կենթադրի՞՝ Մակունցը պատասխանեց. «Ի՞նչ պատասխանատվության մասին է խոսքը: ԱԺ պատգամավորներն իրենց քվեարկության համար ի՞նչ պատասխանատվության պետք է ենթարկվեն, ինչպե՞ս կարող է նման բան լինել առհասարակ»:

Հարցին՝ երբ Ծառուկյանի հետ ժապավեն էիք կտրում, հուշագիր էիք ստորագրում, իր դստեր հարսանիքին էիք մասնակցում, այդ ժամանակ չգիտեի՞ք՝ Ծառուկյանը ենթադրյալ հանցագործ է, թե՞ ոչ՝ Մակունցը պատասխանեց, որ եթե նկատի ունեն արտահերթ ընտրությունների մասին հուշագիր ստորագրելու որոշումը, քաղաքական տարբեր հարցերում համաձայնություն չունենալու հանգամանքը որեւէ կերպ կարող է կաշկանդել իրավապահ մարմիներին, խնդիր կա քաղաքական ու իրավական գործընթացները զատելու:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930