ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քվեարկությունն է այս պահին ԱԺ-ում:
Մինչ այդ իր եզրափակիչ ելույթում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց. «Ես քաջ գիտակցում եմ իմ պատասխանատվությունը, քաջ գիտակցում եմ իմ նախաձեռնած գործընթացի նշանակությունը: Ըստ էության, ելույթներ ու հիմնականում քաղաքական, էմոցիոնալ խոսք հնչեց, հավանաբար դրանով փորձ արվեց, որ ես համարժեք արձագանք ներկայացնեմ, բայց իմ մասնագիտական էթիկան թույլ չի տալիս գնալ այդ գայթակղությանը: Սույն գործընթացը ավելի շատ քաղաքական է: Երեկ, այսօր, վաղը որ դատախազն էլ գա նման նախաձեռնությամբ, դահլիճի որեւէ կողմից հնչելու է «քաղաքական հետապնդում» խիստ սուբյեկտիվ գնահատականը»:
Դավթյանն իր անունից հայտարարեց, որ միշտ գործելու է օրենքի սահմանված կարգով, օրենքի պահանջին համապատասխան, իսկ օրենքի առջեւ հավասար են բոլորը, հանցանք կատարած յուրաքանչյուր անձ ենթակա է պատասխանատվության: Ըստ Դավթյանի, իր ներկայացրած միջնորդությունը մաքուր իրավական փաստաթուղթ էր, ապացույցների թվարկումով, որը պետք է հնարավորություն տա պատգամավորներին իր խղճի մտոք հետեւության գալ՝ միջնորդությունը հիմնավո՞ր է, թե՞ ոչ. «Իմ համար սա բացառապես իրավական գործընթաց է»:
Արթուր Դավթյանն ասաց, որ պատգամավորները պետք է իրենց սահմանների մեջ մնան ու իրականացնեն օրենքով նախատեսած իրենց գործառույթները. «Անվստահության գործընթա՞ց եք ուզում նախաձեռնեք: Նախաձեռնեիք երեկ, այսօր, վաղը, բայց ձեր խոսքի մեջ չանցնեք սահմանները»,- նկատի ունենալով Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ասաց գլխավոր դատախազը:
Կարդացեք նաև
Դիմելով ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանին՝ Արթուր Դավթյանն ասաց. «Պարո՛ն Արթուր Դալլաքյան, ինձ հետ խոսելիս զգույշ ընտրեք բառերը, առանց հասկանալու բառեր չարտաբերեք»:
Վերջում Դավթյանը հորդորեց պատգամավորներին քվեարկությամբ հնարավորություն տալ Գագիկ Ծառուկյանին ներգրավելու քրեադատավարական գործընթացի մեջ, օբյեկտիվ քննություն իրականացնելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ