«Պարոն դատախազ, չեն ստացվելու իմ վրա քրեական գործ կարելու ձեր ջանքերը: Դուք վատ դատախազ եք եւ իրավաբան: ԲՀԿ-ի գրասենյակի իմ աշխատասենյակում խուզարկությունն ավարտվեց, ինչ-որ լոլո եք գրել, թե իմ աշխատասենյակում կարող էին պահվել 2017թ.-ին ընտրողներին ընտրակաշառք տալը հավաստող փաստեր»,-ԱԺ ամբիոնից այսօր անդրադառնալով իր աշխատասենյակում իրականացված խուզարկությանը՝ ասաց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա շարունակեց դիմել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. «Գիտեք, ինձ շատ բաներում կարելի է մեղադրել, այդ թվում՝ էմոցիոնալության, բայց Նաիրա Զոհրաբյանն այստեղ ձեռքը կկտրի, եթե կապացուցվի, որ ինքը կարող է ինչ-որ մեկին կաշառք տալ: Գրել եք, թե հեռախոսազրույցներից մեկում ես ասել եմ՝ «ժողովուրդն առանց ընտրակաշառքի ձայն չի տալիս»: Սա ապացուցում է, որ երկու տարի շարունակ դուք լսել եք իմ հեռախոսազրույցները: Ես սա ուղարկելու եմ եվրոպական բոլոր կառույցներին, որոնք արդեն անհանգստացած են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ