ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը ԱԺ-ում շարունակվում է:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը արտահերթ ելույթ ունեցավ՝ խոսքը սկսելով աստվածաշնչյան մեջբերումով՝ «Աստծունը՝ Աստծուն, կայսրինը՝ կայսրին»՝ հորդորելով զատել իրարից հարցի քաղաքական ու իրավական հատվածները. «Արդյոք ԲՀԿ միավորման, Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչի մասին ես էլ ունեմ իմ գնահատականներն ու պատկերացումները, որոնք տալուց առայժմ զերծ կմնամ, որպեսզի որեւէ մեկնաբանություն որեւէ պահի չմեկնաբանվի՝ որպես քաղաքական ուղղորդում իրավապահ համակարգին, կամ սրբորեն պահպանվող անմեղության կանխավարկածի ոտնահարում»:
Հետո Միրզոյանը հավելեց. «Գիտեք, շատ հեշտ է հանդես գալ կառավարության հրաժարականի պահանջով, երբ գիտես, որ վաղուց արդեն հարուցված են իրավական գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել քո այս կամ այն կերպ մասնակցությանը օրենքով արգելված որեւէ արարքի: Որպեսզի հասկանանք որը որից հետո է, պետք է պարզ հայացք նետենք ժամանակագրությանը, ճշմարտությունը ավելի քան ակնհայտ է»:
ԱԺ նախագահն ասաց, որ շատ լավ է, որ կարողանում են կառավարության հրաժարականը պահանջել մարդիկ, անկախ նրանից՝ դա հիմնավոր է, թե չէ. «Մենք լիահույս ենք, որ քննությունը կհանգեցնի նրան, որ կպարզվի՝ Գագիկ Ծառուկյանը չունի մեղք իրեն մեղսագրվող արարքում»: Նա հավելեց, որ օրենքի առջեւ բոլորը հավասար են՝ անկախ նրանից, թե գործարար են, ներդրումներ բերո՞ւմ են, թե՞ ոչ:
Կարդացեք նաև
ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն էլ «Իմ քայլի» անունից հայտարարեց, որ իրենց խմբակցության պատգամավորները Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի փակ, գաղտնի քվեարկության ժամանակ քվեարկելու են իրենց խղճի մտոք:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ