Լրահոս
Օրվա լրահոսը

«Էդ ո՞նց եղավ, որ երբ պետք է՝ ԲՀԿ-ն լավ ուժ է, Գագիկ Ծառուկյանը՝ խոշոր սեփականատեր, իր տանը կարելի է քեֆ անել, հետո գալ մեզ ասել՝ բա իմացե՞լ եք ինչ է եղել». ԼՀԿ-ն չի քվեարկի

Հունիս 16,2020 14:56

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթում իշխանություններին հիշեցրեց, թե իշխանականներն ինչպես էին «ընկերություն» անում Ծառուկյանի հետ, ինչպես էր Նիկոլ Փաշինյանը հայտարարում, որ Հայաստանում օլիգարխներ չկան, Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, ինչպես էր քաղաքական հուշագիր ստորագրում, հետո ինչպես էին ԲՀԿ-ից ընտրում ԱԺ փոխխոսնակ՝ դրանով ճանաչելով ԲՀԿ-ի՝ առողջ ուժ լինելու հանգամանքը. «Այս ազնվության հանգամանքը քննարկման առարկա դարձնենք: Տեղի է ունենում ԲՀԿ նախագահի ընտանիքում արարողություն՝ հարսանիք, հարսանիքին մասնակցում է ողջ իշխանության, քաղաքական էլիտայից մարդիկ, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը ու այս օրերին ինչ հարցազրույցներ են տալիս Գագիկ Ծառուկյանի մասին»:

Մարուքյանը հիշեցրեց, թե ինչպես էին անձեռնմխելիությունից ԱԺ-ում զրկում ԲՀԿ-ի երկրորդ համարին՝ Վարդան Օսկանյանին՝ փողերի լվացման գործով ու այդ ժամանակ, երբ ընդդիմությունը բոյկոտեց քվեարկությունը, Փաշինյանը վեր կացավ ու ասաց, որ Օսկանյանը Մարտի 1-ի մահվան դատավճիռներ հրապարակած մարդ է, Քոչարյանի ռեժիմի ներկայացուցիչ ու նա պետք է հետապնդվի, խորհրդարանը պետք է հանձնի, ինչը շատ զարմանալի էր. «Ես գնացի դեմ քվեարկեցի, ընդդիմությունը բոյկոտեց ու հետո ի՞նչ եղավ՝ Օսկանյանի գործը փակվեց: Պարզվեց, որ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ իր պատգամավորին տվել է, որ այդ պատգամավորը դադարի հավակնել որեւէ քաղաքական բանի: Այդպես էլ եղավ, գործը փակվեց: Եկեք ազնիվ ու անկեղծ խոսենք, էդ ո՞նց եղավ, որ երբ պետք է՝ ԲՀԿ-ն լավ ուժ է, Գագիկ Ծառուկյանը՝ խոշոր սեփականատեր, իր տանը կարելի է քեֆ անել, հետ գալ մեզ ասել՝ բա իմացե՞լ եք, ինչ է եղել: Էդ ո՞նց եղավ, օրենքի ընտրողաբար կիրառման հանգամանք չկա՞: Ո՞վ է մեզ կանգնեցրել այս բարդ ընտրության առաջ: Երբ հուշագիր էիք կնքում, այդ ժամանակ ճանաչել եք այդ ուժի լեգիտիմությունը, հիմա ո՞նց եք ռեվերս անում»:

Մարուքյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի քվեարկությանը, որովհետեւ ֆարսի չի ուզում մասնակցել ու եթե ԲՀԿ-ն էլ չմասնակցի, շատ հետաքրքիր կլինի տեսնել՝ իմքայլական բոլոր 88 պատգամավորները կողմ կլինե՞ն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930