Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ԱԺ-ն թույլ տա կալանավորել, բայց պարզվի, որ Ծառուկյանը տեղյակ չի եղել փող բաժանելուց, դուք ի՞նչ եք ասելու ԱԺ-ին». Մարուքյան

Հունիս 16,2020 14:16

Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդագիրը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու եւ կալանավորումը թույլատրելու հարցով:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Էդմոն Մարուքյանը Դավթյանից հետաքրքրվեց. «Եթե այն գործով խուզարկությունը, որի ժամանակ հայտնաբերվել են նաեւ այս փաստաթղթերը, եղել է փետրվարին, ինչո՞ւ այն ժամանակ չէիք գալիս ԱԺ՝ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով: Եթե փետրվարին գայիք, ես ձեզ գուցե որեւէ հարց չտայի»:

Արթուր Դավթյան. «Եթե ես փետրվարին գայի միայն մեկ փաստաթղթով, հարցադրումների պատասխանները չէի ունենա, եւ կասեիք, որ այս փաստաթղթերը նկարած են: Այս ամիսներին քննչական օպերատիվ հետախուզական միջոցառումներ են եղել: Մինչեւ երեկ՝ միջնորդությունը մուտք անելու պահը, ձեռք էին բերվում առանցքային ապացույցներ»:

Էդմոն Մարուքյան. «2017թ.-ի ընտրությունների արդյունքների վերաբերյալ «Ելք» դաշինքը հայտարարեց, որ չնայած զանգվածային ընտրակաշառքներին, չկային դրանց մասին ապացույցներ, որի պատճառով չդիմեցինք ՍԴ-ին: Այդ ժամանակ, երբ օրը ցերեկով մարդիկ հերթ կանգնած՝ փող էին ստանում, որ ընտրեին, դուք գլխավոր դատախազ էիք, բայց երեք տարի առաջ եք գալիս-ասում, որ ընտրակաշառք են բաժանել»:

Արթուր Դավթյան. «Իմ այստեղ գալը ժամանակագրության հետ չի կապված, այլ կապված է ապացույցների հետ: Քանի տարի հետո որ դրանք ձեռք բերվեն, այդ ժամանակ էլ գալու եմ»:

Էդմոն Մարուքյան. «Կա՞ ցուցմունք, որ Գագիկ Ծառուկյանն է ասել ընտրակաշառք բաժանել: Եթե մենք՝ ԱԺ-ն, թույլ տանք նրան կալանավորել, բայց պարզվի, որ Ծառուկյանը տեղյակ չի եղել փող բաժանելուց, դուք ի՞նչ եք ասելու խորհրդարանին»:

Արթուր Դավթյան. «Թեկնածուն (նկատի ունի Վազգեն Պողոսյանին.-խմբ.) ցուցմունքում ասել է, որ Գագիկ Ծառուկյանն իրեն հրավիրել է եւ առաջարկել մասնակցել ընտրություններին՝ պայմանով, որ պետք է ապահովի 9 հազար ձայն: Ծառուկյանի հետ պայմանավորվածության համաձայն եւ անհրաժեշտ ծախսերն ապահովելու համար թեկնածուն դիմել է անձանց, որոնք զբաղվել են ֆինանսական միջոցներով»:

Էդմոն Մարուքյան. «Միեւնույնն է՝ բացառված չէ, որ քննության արդյունքում դուք հանգեք իմ նախանշած ելքին, այսինքն՝ դրա արդյունքում կխայտառակեք մի ամբողջ խորհրդարանի, որը թույլ է տվել կալանավորել խմբակցության ղեկավարի: Իսկ ՀՀԿ-ի գրասենյակը խուզարկե՞լ եք, կարող է՝ այնտեղ էլ կան նման թղթեր»:

Արթուր Դավթյան. «Խորհրդարանին խայտառակ անելով պետք չէ վախեցնել պատգամավորներին, խայտառակ անելու ոչինչ չկա: Հիմա անձին մեղադրանք առաջադրելու հարցն ենք լուծում: Ըստ ձեր ասածի՝ ցանկացած փուլում կարող է որպես ելք լինել, օրինակ, քրեական գործի վարույթը կարճելը: Բայց եթե պատկերացնում եք, որ այստեղ դատավճիռ է կայացվում, դա չի բխում տրամաբանությունից: Ոչ միայն ՀՀԿ-ի, այլ ցանկացած կուսակցության գրասենյակ կխուզարկվի՝ օրենքով սահմանված հիմք ունենալու դեպքում»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930