ԲՀԿ պատգամավոր Արթուր Դալլաքյանին իրենց քաղաքական առաջնորդի՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող իրադարձությունները հիշեցրել են իր խոսքերով՝ 90-ականների ռեպրեսիաները քաղաքական ուժերի նկատմամբ: ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության քննարկման ժամանակ նա ասաց. «Ես էլ եմ ենթարկվել քաղաքական ռեպրեսիայի: Տեսնում էինք, թե ոնց կարելի է քաղաքական մեծ ուժի ոչնչացրել, ուժեղ էին ԱԻՄ-ը, ՀՅԴ-ն: Ես չէի ուզենա այս ճանապարհը նույն ձեւի դուք անցնեք՝ շատ մեծ հարգանք ունենալով ձեր նկատմամբ: Մի համեմատվեք այդ անցյալի հետ: Իմ խորհուրդը ձեզ՝ մի անցեք էդ ճանապարհով, չեն հարգվել դրանք: Այդ մարդիկ կյանքեր են խլել, այդ մարդիկ անիմաստ շատ մարդկանց տարել են այնտեղ, որտեղից հետ չեն գալիս, անուններ են ջարդել, մարդու ապրած կյանք են ջարդել: Այսօր նույն ռեպրեսիան ես տեսնում եմ: Տեսնում եմ նաեւ իրավական բեսպրեդել: Սա այն ժամանակ էլ էի ես տեսնում, թե ոնց կարելի է մարդու վրա չեղած բան կարել: Հարգելի՛ պարոն Դավթյան, ձեր մասնագիտական ունակությունների վրա ոչ մի կասկած չունեմ, շատ ուժեղ մասնագիտական ունակություններ ունեք, բայց դուք չպիտի փորձեք դառնալ գործիք: Այն գործիքը, որն այսօրվա իշխանությանը ծառայի՝ այլ նպատակների համար: Ես չեմ ուզենա իմ գործընկերներն ապրեն այն ամեն ինչը, ինչ ես ապրել ու տեսել եմ»:
Դիմելով՝ Արթուր Դավթյանին՝ նա հորդորեց հետ կանգնել սրանից. «Գալու է ժամանակը, որ մարդիկ կհասկանան, որ այս ամեն ինչը ցիրկ էր, պարո՛ն Դավթյան, մենք մեր վախերը երիտասարդ տարիքում թողել ենք այլ տեղերում, չկա այդ վախը, Աստծո նկատմամբ է մնացել մի հատ ուժեղ վախ: Ու իմ խնդրանքը չի, իմ հորդորը չի, իմ ասելիքն է ձեզ՝ հետ կանգնեք այն ամենից, ինչ հիմա անում եք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ