Լրահոս
Օրվա լրահոսը

«Ֆոտոշոփին» պատասխանատվության ենթարկեք»,-առաջարկեց Աբովյանը Դավթյանին, նա էլ փաստաթուղթը ցույց տվեց. «Ի՞նչ ֆոտոշոփ, ի՞նչ նկարած թուղթ»

Հունիս 16,2020 13:41

Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդագիրը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու եւ կալանավորումը թույլատրելու հարցով: ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանն Արթուր Դավթյանին ասաց. «Պարոն դատախազ, շատ զվարճալի է նայել, թե ինչպես եք փորձում ապացուցել, որ մածունը սեւ է:

Ձեր ներկայացրած փաստարկների մեջ չկա ոչ մի բան, որն ուղղակի մատնանշում է պարոն Ծառուկյանին, եւ չի էլ կարող լինել: Պարոն Ծառուկյանը կուսակցության լիդեր է, մեր կուսակցությունը երկրորդ ուժն է ՀՀ-ում, առաջին ընդդիմադիրը: Իրականում բան չկա, դուք ոչ մի բան չներկայացրիք, որը թույլ կտար ենթադրել, որ կան հիմքեր՝ քրեական հետապնդումը շարունակելու համար: Ես էլ եմ հասկանում, դուք էլ եք հասկանում, որ հիմա մասնակցում եք քաղաքական հետապնդումների այս բուռն գործընթացին ձեր կողմից «սլիվներ» անելով իշխանական թեւին: Ձեզ վախեցրե՞լ են, ահաբեկե՞լ են, թե՞ սա ձեր ընտրությունն է, դո՞ւք եք որոշել: Այս պահին ԲՀԿ գրասենյակներն են շրջափակվում, մարդկանց բերման են ենթարկում: Ձեր կամավո՞ր ընտրությունն է այս «ցիրկին» մասնակցելը»:

Արթուր Դավթյանը պատասխանեց. «Եթե մտածում էիք, որ ինձ վախեցնելը կարող է ազդած լիներ, դուք էլ փորձեիք վախեցնել, պարոն Աբովյան: Կարող է մի բան դուրս գար: Ինձ որեւէ մեկը չի կարող վախեցնել: ՀՀ Սահմանադրությունը եւ օրենքները գլխավոր դատախազին տվել են այնքան գործիք, ուժ եւ պատասխանատվություն, որ երբեմն դատախազն ուղիղ չի էլ նայում, թե ում է հետապնդում: Հիմա հատուկ ձեր համար պարզ լեզվով ասեմ, թե ինչ ապացույցներ կան: Ունենք ընտրողների ցուցակներ, գումարներ, ստորագրություն, գումար բաժանողի տվյալներ, որը հարցաքննվում է ու ասում, որ բաժանել է այդ գումարը՝ «Ծառուկյան» դաշինքի օգտին քվեարկելու համար: Նա մատնանշում է թեկնածուին, նրա մոտից էլ մյուս ցուցակն է հայտնաբերվում, որում նա հաշվետվություն է ներկայացնում կուսակցության շտաբին, որում գրված է քվեի դիմաց տրվող գումարի չափը: Նա էլ հարցաքննվում է եւ հաստատում, որ դա իրականություն է, մատնանշում է, թե Գագիկ Ծառուկյանի հետ պայմանավորվածության արդյունքում որտեղից է վերցրել գումարները»:

Արման Աբովյանն արձագանքեց. «Դուք իրոք կարծում եք, որ ես ձեզ ուզում եմ վախեցնե՞լ: Ինչ վերաբերում է մնացածին, ոչ մի իրական ապացույց, բացի ենթադրություններից ու ֆոտոշոփային փառատոնից, դուք չներկայացրիք: Միջնորդություն ներկայացրեք, որ ֆոտոշոփին տանեք քրեական պատասխանատվության ենթարկելու: Այնքան ակնհայտ է, որ շինծու գործի հիման վրա քաղաքական հետապնդումներ են գնում, իսկ դուք մասնակից եք այս ամբողջին, մեղքը ձեր վիզը, ի՞նչ ասեմ»:

Դավթյանն էլ ի պատասխան ամբիոնից ցույց տվեց փաստաթղթերը, որոնցում նշված է, թե մեկ ձայնի դիմաց որքան գումար է վճարվել. «Այս թղթի հեղինակն է տվել համապատասխան տեղեկությունները: Ի՞նչ ֆոտոշոփ, ի՞նչ նկարած թուղթ…»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930