Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդագիրը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու եւ կալանավորումը թույլատրելու հարցով:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմեց գլխավոր դատախազին. «Ես հույս ունեմ, որ դուք հարգում եք ձեր ուսադիրները: 2018թ.-ի մայիսին դուք ԱԺ-ում միջնորդություն ներկայացրիք մեր նախկին ընդդիմադիր գործընկեր Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Հետո, ի պատասխան պետաիրավական հանձնաժողովում Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչու հետ վերցրիք ձեր միջնորդությունը, դուք պատասխանել եք՝ այո, ինձ նամակով դիմեց ՀՀ փոխվարչապետը եւ խնդրեց հետ վերցնել միջնորդությունն ԱԺ-ից: Դրանից հետո ես նամակով դիմել եմ ԱԺ նախագահին եւ խնդրել օրակարգից հանել այդ հարցը…Հիմա դուք պնդո՞ւմ եք, որ երբ միջնորդություն ներկայացրիք Նիկոլ Փաշինյանին զրկելու պատգամավորական անձեռնմխելիությունից, այն եղել է քաղաքական պատվեր, իսկ ես վստահ եմ, որ ձեր միջնորդությունը եղել է քաղաքական պատվեր: Եթե դուք վստահ էիք, որ տեղի է ունեցել հանցագործություն, դուք փոխվարչապետի նամակով պետք է հետ չկանչեիք ձեր միջնորդությունը: Հիմա պնդո՞ւմ եք, որ ձեր հիմքերը բավարար էին Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Հիմա այդպես զարմացած մի նայեք ինձ, դուք ունեք բոլոր հարցերի պատասխանը, բայց դրան քիչ է մնացել: Ինչո՞ւ հետ կանչեցիք ձեր միջնորդությունը, ո՞վ եղավ փոխվարչապետը, որ ձեզ նամակով դիմի: Ինչո՞ւ հետ կանչեցիք ձեր միջնորդությունը, եթե դա քաղաքական պատվեր չէր եւ իրավիճակի փոփոխությամբ օրվա իշխանությունը չզանգեց «սուպերով» եւ չասեց՝ գնա միջնորդությունդ հետ վեկալ»:
Արթուր Դավթյան. «Դուք վկայակոչում եք իմ հրապարակային խոսքերը, հետեւաբար՝ այդտեղ պնդելու, հաստատելու բան չկա: Հիմա որպեսզի ձեր հարցին ձեր ուզած ձեւով պատասխանեմ, խնդրում եմ ասեք, թե այսօրվա քննության առարկայի հետ դա ի՞նչ կապ ունի»:
Նաիրա Զոհրաբյան. «Վստահ եմ, որ վաղը, իսկ այն շատ հեռու չի, դուք անհարմար վիճակում եք հայտնվելու, եւ այստեղ նստած մի պատգամավոր ձեզ հարցնելու է՝ դուք պնդո՞ւմ եք, որ այն, ինչ այսօր անում եք, իրավական գործընթաց է եւ ոչ թե քաղաքական հաշվեհարդար: Եվ մի հարց էլ՝ դուք ձեզ անհարմար չե՞ք զգում»:
Կարդացեք նաև
Արթուր Դավթյան. «Հուսով եմ՝ դուք ձեր հարցի պատասխանը շատ լավ գիտեք: Դուք շատ լավ գիտեք, որ ես երբեք անհարմար զգալու իմ պաշտոնեական գործունեության առումով առիթ չեմ ունեցել: Այսօրվա առումով էլ եւս չեմ ունենա: Ես այսօր ամենայն պատասխանատվությամբ կատարում եմ իմ պաշտոնեական պարտականությունը: Իսկ այն շատ հստակ է՝ հանցանք կատարած յուրաքանչյուր անձ, անկախ բոլոր չափանիշներից, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Ես երբեք այս դահլիճում կոռեկտության սահմանը չեմ անցել, այսօր էլ չեմ անցնի, տիկին Զոհրաբյան, բայց բարեկամաբար խորհուրդ կտամ՝ էմոցիոնալ հայտարարությունները ձեզ վնասում են, ձեզ անհարմար վիճակի մեջ են դնում, տիկին Զոհրաբյան ջան»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ