Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Գագիկ Ծառուկյանը, «Միասնական Ռուսաստան»-ի դաշնակի՞ց, խաղատան սեփականատե՞ր, թե՞ ընդդիմադիր. BBC

Հունիս 16,2020 13:14

Միլիոնատեր Գագիկ Ծառուկյանը Հայաստանում իշխանափոխությունից հետո պահպանել է բիզնեսը, խորհրդարանում իր կուսակցության տեղերը, հեռուստաալիքը, ինչպես նաև «Միասնական Ռուսաստան»-ի («Եդինայա Ռոսիա») դաշնակցի կարգավիճակը: Բայց երկու տարի անց քաղաքական կուսակցությունը և Ծառուկյանին պատկանող ընկերությունները հայտնվել են քրեական գործերի կենտրոնում, իսկ գործարարն էլ կարող է զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական զարգացումներին:

Իշխանության և Ծառուկյանի միջև պայքարը, որը համարվում է երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը, տեղի է ունենում իշխանության և ընդդիմության միջև տեղեկատվական պատերազմի, փողոցային ցույցերի, ինչպես նաև ուժային կառույցների ղեկավարների պաշտոնանկությունների ֆոնին, գրում է BBC-ն և հիշեցնում՝ պատգամավորի տան խուզարկությունը, 9 ժամ տևած հարցաքննությունն ուղեկցվել են նրա կողմնակիցների բողոքի ցույցերով:

Անօրինական խաղատուն և ընտրողների ձայների գնում

Կիրակի Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է մի քանի հանցագործությունների բացահայտման մասին. 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառքի բաժանում, որում կասկածվում է Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: Բացի այդ Ծառուկյանի հետ առնչություն ունեցող ընկերությունները մեղադրվում են առանց լիցենզիայի աշխատելու, հարկերը չվճարելու, հողատարածքներ յուրացնելու համար:

Ծառուկյանը պնդում է՝ դարձել է քաղաքական հետապնդման զոհ և հայտարարում, որ գնալու է մինչև վերջ:

Ընկերություն «Միասնական Ռուսաստան»-ի հետ և կոնֆլիկտ Նիկոլ Փաշինյանի հետ

Ծառուկյանն արտասովոր անձնավորություն է նույնիսկ հետխորհրդային քաղաքականության համար: Նախկինում լինելով պրոֆեսիոնալ բազկամարտիկ՝ նա իրեն համեմատում է Դոնալդ Թրամփի հետ, պահում է առյուծներ և այլ կենդանիներ, ղեկավարում է քաղաքական կուսակցություն և դաշնակիցներ է գտնում Մոսկվայում, Լոնդոնում և միշտ զարգացնում է իր բիզնեսը:

Բացի այդ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՌԴ-ում իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության վաղեմի գործընկերն է, ինչը չազդեց Երևանում իշխանափոխության վրա: 2019թ. փետրվարին կուսակցությունների ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության մասին հուշագիր, 2018թ. Մոսկվայում Ծառուկյանին ընդունել է Պետդումայում իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սերգեյ Նեվերովը:

Ընդդիմադիր լրագրող, այնուհետև հետհեղափոխական Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանի և Ծառուկյանի հարաբերությունները երկար պատմություն ունեն: Նրանք առաջին անգամ բախվել են 2004թ, երբ պայթեցվել էր Փաշինյանի ավտոմեքենան: Լրագրողը Ծառուկյանին մեղադրել էր մահափորձ կատարելու մեջ, վերջինս հերքել էր իր ներգրավվածությունը տեղի ունեցածին: Հաջորդ տասնամյակում քաղաքական գործիչները գտնվել են բարիկադների տարբեր կողմերում: Փաշինյանը կոշտ ընդդիմադիր էր, իսկ Ծառուկյանը զարգացնում էր իր բիզնես կայսրությունը: Բայց քաղաքական գործիչները 2018թ. հայտնվեցին բարիկադի նույն կողմում, երբ Փաշինյանը զանգվածային ցույցերից հետո եկավ իշխանության: Ծառուկյանի կուսակցությունն աջակցել է Փաշինյանի թեկնածությանը վարչապետի պաշտոնում և առանցքային դերակատարում ունեցել ռեժիմի փոփոխության գործում: Բայց նրանց միությունը երկար չտևեց, մի քանի ամիս անց Ծառուկյանի կուսակցությունը, աջակցելով հակահեղափոխական նախաձեռնությանը, կորցրեց նախարարական պորտֆելները: Միևնույն ժամանակ գործարարը խուսափեց նախորդ ռեժիմի մի շարք գործիչների ճակատագրից, որոնք քրեական հետապնդումների ենթարկվեցին: Չնայած իր կողմնակիցների հորդորներին՝ Փաշինյանը չէր շտապում Ծառուկյանի դեմ ելույթ ունենալ: 2018թ. ընտրություններին Ծառուկյանի կուսակցությունը հավաքեց ձայների 8 տոկոսը, ինչից հետո նա վերադարձավ ընդդիմադիր գործչի դիրքերին, որը գիտեր իր սահմանները:

Քրեական գործեր և տեղեկատվական պատերազմ

2020թ. հունիսի 5-ին գործարարը հանդես եկավ հայտարարությամբ՝ պահանջելով կառավարության հրաժարականը: Երեք օր անց, թերթը, որը խմբագրում է Փաշինյանի կինը, հրապարակեց 1979թ. խմբակային բռնաբարության մասին քրեական գործի մանրամասները, որում ներգրավված է եղել նաև Ծառուկյանը, ինչին հետևեց Ծառուկյանի տան խուզարկությունը, գրում է BBC-ն:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930