Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք էլ առիթ կունենաք ձեզ հայտնի տեղեկությունները հայտնելու». դատախազը՝ Վահե Էնֆիաջյանին

Հունիս 16,2020 12:53

«Ի սկզբանե ասեմ, որ սա շինծու գործ է: Որտեղի՞ց է սկսվել այս ամենը: Հունիսի 5-ին ԲՀԿ քաղաքական թիմի հավաքում տարբեր խնդիրներ քննարկվեցին, մատնանշվեցին բացթողումները: Դրանից հետո սկսվեցին քաղաքական օրակարգ չպարունակող գնահատականներն ու վիրավորանքները»,-ԱԺ նիստում այսօր հայտարարեց խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:

Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդագիրը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու եւ կալանավորումը թույլատրելու հարցով:

«Խոսքը տարբեր փաստաթղթեր հրապարակայնացնելու մասին է: Սա այն պարագայում, երբ մենք խոսում ենք խորհրդարանական երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի մասին: Գագիկ Ծառուկյանի բարի համբավը ոչ միայն ՀՀ-ում է տարածված, այլեւ ՀՀ-ից դուրս: Մենք խոսում ենք ՀՀ-ի ամենախոշոր ընդդիմադիր քաղաքական ուժի ղեկավարի մասին, որի գործունեությունը պատմության մեջ ամրագրված է որպես փառահեղ ճանապարհ: Պարոն դատախազ, ես ԲՀԿ հիմնադիր անդամ եմ, եւ ձեր կողմից հրապարակված անուն ազգանունները, որոնք սարքվել են փաստաթուղթ, դրանց կեսից ավելին չեմ ճանաչում»,-ասաց Էնֆիաջյանն Արթուր Դավթյանին:

Նա էլ արձագանքեց. «Դուք էլ առիթ կունենաք ձեզ հայտնի տեղեկություններն այս քրեական գործով հայտնելու, եւ ոչ թե այս ամբիոնից ասելու, որ չեք ճանաչում: Ինչ վերաբերում է քաղաքական գործընթացներին, ասեմ, որ այս փաստաթղթերը հայտնաբերվել են դեռեւս փետրվարին հարուցված քրեական գործով: Սա բացարձակապես իրավական գործընթաց է, որը կապ չունի ձեր հիշատակած ժամանակագրության հետ ու քաղաքական բաների հետ: Իմ միջնորդագիրն իրավական գործընթաց է»:

Վահե Էնֆիաջյանը պատասխանեց. «Ոչ միայն ես, այլեւ խորհրդարանական ուժերն են համոզված, որ սա իրավական չէ: Արտախորհրդարանական ուժերը, հ/կ-ները, իրավապաշտպանները եւս այսպես են կարծում: Պարզապես ուզում եք արատավորել Գագիկ Ծառուկյանի բարի համբավը»:

Արթուր Դավթյանը պատասխանեց. «Ստիպված եմ ասել, որ մենք իրականացնում ենք բացարձակապես քրեաիրավական գործընթաց: Թե դրանից ում պատվի կամ բարի համբավի համար ինչ խնդիրներ կլինեն, կներեք, դրանք քրեադատավարական կատեգորիաներ չեն: Իսկ ձեր նշած սուբյեկտներն այս քրեադատավարական գործընթացում չեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930