Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն դատախազ, դիտավորյա՞լ չեք հարցաքննել հորս». ԲՀԿ-ական պատգամավորը՝ Արթուր Դավթյանին

Հունիս 16,2020 11:50

Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդագիրը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու եւ կալանավորումը թույլատրելու հարցով:

ԲՀԿ պատգամավոր Նորա Առուստամյանը հարցրեց. «Ձեր ներկայացրած միջնորդագրում ասվում է, որ Վազգեն Պողոսյանը գումար է ստացել Սեդրակ Առուստամյանից եւ Մանուկյանից, բայց իմ ստույգ տեղեկություններով հայրս՝ Սեդրակ Առուստամյանը, մինչեւ այս պահը չի հարցաքննվել տվյալ քրեական գործով: Սա ինձ համար հիմք է կարծելու, որ ձեր քրեական գործի միջնորդությունն անհիմն է: Ես պնդում եմ, որ պետք է արվեր առերես հարցաքննություն հորս՝ Սեդրակ Առուստամյանի եւ Պողոսյանի միջև, ինչը չի արվել: Ձեզ ոչինչ չի խանգարել, որ այս գործողությունն անելուց հետո միայն գաք ԱԺ: Պարոն դատախազ, դիտավորյա՞լ չեք հարցաքննել հորս»:

Արթուր Դավթյան. «Ոչ: Թույլ տվեք պարզաբանել, որ քննիչն ինքն է տակտիկապես որոշում, թե որ պահին ինչ գործողություն անի: Դա օրենքով է գրված եւ ապահովում է նախաքննության արդյունավետությունը: Եթե քննիչը ռոբոտի նման տեխնիկական գործողություններ անի, մենք չենք ունենա ոչ մի հանցագործության բացահայտում: Ձեր ասած գործողությունը պարտադիր կատարվելու է, իսկ այ թե քննության որ փուլում, արդեն ցույց կտա կրիմինիլիստիկայի հարյուրամյա պատմություն ունեցող դասագրքերում գրված քննության տակտիկան»:

Նորա Առուստամյան. «Պարզ էր, որ այդպես էիք պատասխանելու: Չեք հարցաքննել ԱԺ գալուց առաջ, որովհետեւ պարզ կլիներ, որ շինծու գործ է: Պնդում եմ, որ այս քրեական գործի միջնորդությունը դուրս է եկել իրավական տիրույթից այն պահից, երբ Սեդրակ Առուստամյանը չի հարցաքննվել: Դուք այս քրեական գործը հանել եք իրավական տիրույթից և ձեր իսկ թեթև ձեռքով բերել քաղաքական ասպարեզ, ինչն անընդունելի է»:

Արթուր Դավթյան. «Սեդրակ Առուստամյանն անպայման հարցաքննվելու է, եւ նրա տված ցուցմունքները լինելու են շարքային, հերթական ապացույցները, որոնք գնահատվելու են այլ ապացույցների հետ համակցությամբ: Նա կարող է հաստատել կամ բացառել այս տեղեկությունները: Եթե անգամ նա հարցաքննվեր այս պահին ու չընդուներ այս տեղեկությունները, ես եղած ապացույցները բավարար էի համարելու՝ այս միջնորդությունն ԱԺ բերելու համար»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930