Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Հայաստանում գործող որեւէ ընդդիմադիր ուժ, առանձին վերցրած, ի զորու չէ հաղթել այսօրվա հրեշին». «Հրապարակ»

Հունիս 16,2020 11:29

Հարցազրույց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ

– Դուք այս ամենի մեջ քաղաքական ենթատեքստ տեսնո՞ւմ եք, ինչպես հայտարարեց Ծառուկյանը։

– Դեռ 2 տարի առաջ զգուշացնում էինք, որ Նիկոլ Փաշինյան կոչվող քաղաքական չոռը հերթով չոքելու է բոլոր այն մարդկանց ու քաղաքական ուժերի դուռը, որոնք ժամանակի ընթացքում իրենց թույլ կտան քննադատել գործող վարչակազմին, եւ, ինչպես տեսնում ենք, մենք իրավացի ենք դուրս եկել։ Եթե կես տարի առաջ որոշ շրջանակների թվում էր, որ դա վերաբերելու է միայն արտախորհրդարանական ընդդիմությանը, իսկ խորհրդարանական ընդդիմությունը լինելու է պաշտպանված, ապա այս վերջին զարգացումները՝ սկսած «Լուսավոր Հայաստանի» նկատմամբ դահլիճում ցուցաբերված ճնշումներից, վիրավորանքներից, վերջացրած ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներով, վկայում են այն մասին, որ խորհրդարանի պատերը եւ մանդատը չունեն պաշտպանիչ զորություն Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ եւ անձնակենտրոն իշխանատենչության դեմ։ Իհարկե, այս ամենն ունի քաղաքական ենթատեքստ՝ իմ խորին համոզմամբ։ Իշխանության ներկայացուցիչների այն մանկամիտ պնդումները, թե քրեական գործերը վաղուց էին հարուցված, եւ պրոցեսը կապ չունի ԲՀԿ-ի վերջին հայտարարությունների հետ, քննադատության չեն դիմանում, որովհետեւ Փաշինյանի համար նման քրեական գործերը խավիարի զակատի բանկեքի նման են՝ նա պահեստավորում է, զակատ է անում այդ գործերը եւ բացում է ըստ սեփական քաղաքական անհրաժեշտության։ Այդպիսին է, օրինակ, իմ նկատմամբ ձեռնարկված քաղաքական գործընթացը:

– ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, այլ քաղաքական ուժեր այս օրերին կոնսուլտացիաներ են ունենում, որին ՀՀԿ-ն չի մասնակցում, դատելով նրանց հայտարարություններից՝ չեն ուզում, որ ՀՀԿ-ն միանա իրենց։ Ինչո՞ւ ՀՀԿ-ին չեն ներգրավում այդ հանդիպումներին, եթե առաջարկ լինի, կմիանա՞ք։

– Ես վաղուց եմ հայտարարել, որ Հայաստանում գործող որեւէ ընդդիմադիր ուժ, առանձին վերցրած, ի զորու չէ հաղթել այսօրվա հրեշին՝ Նիկոլ Փաշինյանին։ Եթե առաջ «հրեշ» բառը չակերտների մեջ կարելի էր դնել ու գրել «քաղաքական հրեշ», ապա այսօր ամենայն պատասխանատվությամբ կարելի է այդ բառը Փաշինյանի հանդեպ օգտագործել առանց չակերտների։ Եվ հրեշին հաղթելու համար պետք է միավորվեն բոլոր այն ուժերը, որոնք մտահոգված են երկրի ներկայով եւ ապագայով։ Ինչ վերաբերում է հարաբերություններին այլ ընդդիմադիր ուժերի հետ, ապա հայտնեմ, որ ՀՀԿ-ն մշտապես աշխատանքային ինտենսիվ փոխհարաբերությունների մեջ է եղել եւ կա տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժերի եւ գործիչների հետ, դրանք շատ աշխատանքային են ու բովանդակային։ Ինչ վերաբերում է ընդհանուր քաղաքական պլատֆորմի ձեւավորմանը, ապա՝ այո, դա  օրհասական է դառնում։ ՀՀԿ-ն վերջին անգամ այս իշխանությունների կողմից մանիպուլացված ու էյֆորիկ միջավայրում անցկացված ընտրությունների արդյունքում չորրորդ քաղաքական ուժն է, ստացել է 60 հազար քվե 2018-ի դեկտեմբերին։ Ակնհայտ է, որ մենք մեր կայուն տեղն ունենք ընդդիմադիր քաղաքական դաշտում։ Եթե կան ուժեր, որոնց մոտ կստացվի այդ օրակարգի մշակումը եւ իրագործումն առանց ՀՀԿ-ի, ապա ռուսերեն ասած՝ «կառտի վ ռուկի»։ Իրականում, ո՛չ քաղաքական միավորումը պետք է լինի ինքնանպատակ, ո՛չ էլ ընդդիմադիր դաշտում պառակտումները կամ նախկին տարաձայնությունները պետք է դառնան պարարտ հող Նիկոլ Փաշինյանի համար՝ երկարաձգելու սեփական իշխանությունը։ ՀՀԿ-ն որեւէ հավելյալ ամբիցիաներ չունի, բայց մենք գիտենք մեր արժեքը, ուստի պատրաստ ենք աշխատել նաեւ ինստիտուցիոնալ ձեւաչափերում՝ հարկ եղած դեպքում նաեւ առողջ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930