Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հանցակցի շենքում են գտնվել այդ թղթերը». դատախազը՝ Ծառուկյանին առնչվող փաստաթղթերի մասին

Հունիս 16,2020 10:55

Ազգային ժողովն այսօր քննարկում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած միջնորդագիրը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու եւ կալանավորումը թույլատրելու հարցով:

«Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց.

-Այս ընթացքում եւ այս գործի շրջանակում միայն 2017թ.-ի փաստաթղթերն են, մինչ այդ չեք գտե՞լ որեւէ փաստաթուղթ ընտրակաշառքների վերաբերյալ: Եվ միայն «Ծառուկյան» դաշինքի՞ կողմից ընտրակաշառքի մասին տեղեկատվությանն եք տիրապետում: ՀՀԿ-ի ընտրակաշառքների մասին տեղյակ չե՞ք եղել, չե՞ք լսել: Բացի այդ, ինչպե՞ս է ստացվում, որ նախընտրական գաղտնիք պարունակող փաստաթղթերը հայտնվում են իշխող ուժի քաղաքական գործիչների «ֆեյսբուքյան» պատերին:

Արթուր Դավթյան-«Մենք չենք փնտրում որեւէ քաղաքական ուժի կամ կոնկրետ ընտրությունների ժամանակ եղած փաստաթղթեր: Քրեադատավարական գործողությունների ընթացքում ձեռք են բերվում այս կամ այն դեպքի, այդ թվում՝ ընտրությունների մասին տեղեկություններ, եւ անալիզ չի արվում, թե դա որ քաղաքական ուժին կամ ժամանակահատվածին է վերաբերվում: Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի հանցակցի շենքում են հայտնաբերվել փաստաթղթերը, որոնց մասին խոսեցի: Եթե հայտնաբերվեն այլ քաղաքական ուժին վերաբերող փաստաթղթեր, դրանք կունենան նույն ճակատագիրը…Եթե նախաքննական մարմինը որոշում է այս կամ այն տեղեկությունը հրապարակել, դա իր իրավունքն է, անգամ պարտականությունը՝ պայմանավորված հանրությանը տեղեկություններ տրամադրելով: Իսկ եթե նախաքննական տվյալների արտահոսք կլինի, դա անընդունելի է: Մեր հստակ պահանջն է՝ պարզել այդ փաստը, որովհետեւ գործ ունենք հանցագործության հետ»:

Մանե Թանդիլյան-«Այսինքն, դիտավորությամբ արտահոսք եք կազմակերպել եւ իշխող ուժի միջոցով հանրայնացրե՞լ դրանք: 2017թ.-ին ես ՀՀԿ շտաբից ընտրակաշառքի բաժանման դեպքեր էի արձանագրել, ցուցակներով, անուններով, ո՞ւր էր այդ ժամանակ դատախազը, ինձ կհիշեցնե՞ք՝ այն ժամանակ ո՞վ էր դատախազը: Մի անգամ ձեր մտքով անցա՞վ որեւէ մեկին հարց տալ, թե այդ ժամանակ նման «պահանջարկ» չկար»:

Արթուր Դավթյան-«Ես չեմ ասում, թե հատուկ արտահոսք ենք արել: Վարույթ իրականացնող մարմինն ինքն է որոշում, թե ինչ ծավալի տեղեկություն հաղորդի հանրությանը: Ես եմ եղել դատախազը, իսկ ձեր դեպքը չեմ կարող հիշել, բայց բացառված է, որ դրանով վարույթ իրականացված չլինի: Դուք պետք է քաջ գիտակցեք ձեր գործառույթները: Դատախազն ապացույց գնահատող է, թեեւ ձեր հարցի ենթատեքստը հասկանում եմ: Երբ համարժեք ապացույցներ ձեռք բերվեն, ճակատագիրը նույնը կլինի»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930