Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ծառուկյան» քաղաքական երեւույթի մայրամուտը

Հունիս 16,2020 22:00

Ազգային անվտանգության ծառայության տարածած կիրակնօրյա երեք հաղորդագրություններն ամպրոպի էֆեկտ ունեցան Հայաստանում, քանզի ուղղակիորեն մեղադրանք է ներկայացվում խորհրդարանի երկրորդ ուժի՝ «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդին, նրա հետ կապակցված բիզնեսին եւ քաղաքական շրջանակին։ Բայց սա միայն հարցի ձեւական կողմն է։

Ըստ էության, սա մեղադրանք է, ուղղված նախկինից մնացած գործելակերպին, մտածելակերպին, «արժեքներին», որի մարմնավորողը եւ խորհրդանիշը ներկայիս խորհրդարանում, նախկինում «ահեղ» ՀՀԿ-ի անփառունակ քաղաքական վախճանից հետո՝ ԲՀԿ-ն է եւ նրա առաջնորդը։

Կա քրեական գործերի մի ողջ համալիր, որոնք, իհարկե, դեռ պետք է հասնեն դատավճռի փուլին, եւ անմեղության կանխավարկածը մնում է մինչ այդ ուժի մեջ։ Սակայն, այն ամենն, ինչը շարադրված է ԱԱԾ հաղորդագրություններում, ըստ էության, նկարագրությունն է Հայաստան պետությունը 1998-99-ին բռնազավթած մարդկանց խմբի, այդ բռնազավթման շահառուների առօրյայի, երբ գործում էր ոչ թե պետությանը, այլ կազմակերպված հանցավոր խմբավորմանը բնորոշ տրամաբանությունը։

Իմաստ չունի մանրամասն խոսել քրեական գործերից, դրանով կզբաղվեն համապատասխան մարմինները, նաեւ իմաստ չունի խոսել դասական գաղափարախոսական թեմաներից, քանզի դա մի ժամանակշրջան էր, երբ գերիշխողը եթե գաղափարախոսություն էլ էր, ապա դա բռունցքներով եւ անպատժելիությամբ զինված գռեհիկ մատերիալիզմն էր, պարուրված անսահման դեմագոգիայով եւ պարզ դատարկախոսությամբ, երբ նույնիսկ մայրենի լեզուն էր դեգրադացվում արժեզրկված խոսքի առատությունից, եւ երբ այդ ամենն աշխատում էր որպես ագրեսիվ պրոպագանդա։

Սակայն օգտակար է այդ ամենի խորապատկերին առանձին «գույքագրել», թե ինչպիսի քաղաքական «չոր մնացորդ» կա ԲՀԿ գործունեությունից Անկախ Հայաստանի քաղաքական պատմության մեջ, որից գոնե մեկ տարին՝ 2017-2018 թվականներն առանձնացան նրանով, որ այն ընտրություններից ընտրություններ կորցրեց իր ունեցած ձայների երեք քառորդը՝ 428 հազարից հասնելով 103 հազարի, համաձայն պաշտոնական արդյունքների։

ԲՀԿ-ն ստեղծվեց 2004-ին, այն ժամանակ, երբ Վրաստանի եւ Ուկրաինայի վարդերի եւ նարնջագույն՝ հակակրիմինալ հեղափոխությունները մահացու վախի մեջ էին գցել մնացած հետխորհրդային երկրներում ձեւավորված կրիմինալ-օլիգարխիկ ռեժիմներին։ Անհրաժեշտ էր կասեցնել հեղափոխական ալիքը, «ջրել» եւ թաղել հանուն ազատության եւ արդարության  պայքարի օրակարգը, եւ տարբեր երկրներում տարբեր քայլերի գնացին։ Հայաստանում բյուրեղացել էր մի ռեժիմ, որը տեւական եւ անողոք պայքարի արդյունքում արդեն թաղել էր Անկախության գաղափարը եւ հասել նեոսովետական ռեւանշի, հանդիսանում էր Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության ամբողջական քաղաքական շահառուն, հասցրել էր Ռուսաստանին «պարտքի դիմաց» հանձնել հայկական ռազմավարական ակտիվները, հասցրել էր 2004-ի ապրիլի 12-ին եւս մեկ անգամ, այս անգամ արդեն զանգվածային ծեծով ահաբեկել հանրությանը։ Եվ հայկական քաղաքական երկնակամարին 2004-ի ապրիլի 30-ին ծագեց մի նոր «քաղաքական աստղ»՝ ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի առաջնորդությամբ։

Լեգենդներ՝ «Մոնտե-Քրիստոյի» հեքիաթային ունեցվածքի եւ կարողությունների թեմաներից մինչեւ «Ռոբին Հուդի» արդարամտության թեմաներ, «պարապած» եւ անբռնազբոս, շատ խոսել չսիրող եւ պրոֆեսիոնալ կերպով ծեծող ջահելների մեծաթիվ խմբեր, անթիվ-անհամար-աղմկոտ բարեգործական ակցիաներ, նախընտրական տրամաբանության մեջ, «մենք կողմ ենք ամենայն լավին, դեմ ենք ամենայն վատին» բնույթի կարգախոսներ, եւ այս ամենի արդյունքում, երեք տարի անց՝ ԲՀԿ-ն դարձավ հայոց խորհրդարանի երկրորդ ուժը, մնալով այդպիսին մինչ օրս։

Հայաստանը, ինչպես եւ Վրաստանը եւ Ուկրաինան, նավթապետություն չէ, եւ հումքային ռենտայով չի օժտում իշխանությանը, եւ առանց իշխանություն-հասարակություն կոնսենսուսի՝ երկիրը կառավարել հնարավոր չէ, եթե նույնիսկ այն բռնազավթել ես։ Հետեւաբար, «պետք է պայմանավորվել», եւ քաղաքական հավկիթները մի զամբյուղում պահելն առնվազն խելացի չէ, եւ ստեղծվեցին նոր զամբյուղներ՝ ԲՀԿ եւ ՕԵԿ, որպեսզի լայն հնարավորություն բացվի «պայմանավորվելու» ի շահ բռնազավթողների։ Սա հասկանալի էր նույնիսկ «մատնոց ֆռացնողներին», որ անհրաժեշտ է առնվազն երեք մատնոց՝ իշխանության «շարիկը» ձեռքի հմուտ շարժումով մեկից մյուսը փոխանցելու համար։ Այսինքն, իշխանությունը կարիք ուներ «միջադիր» պսեւդո-քաղաքական ուժերի եւ խմբերի, որոնք կապահովագրեին իրեն դժգոհ հանրության հետ կոշտ բախվելուց։

Այդ ամենը պարզ դարձավ արդեն 2008-ի մարտի ողբերգությունից հետո, երբ բոլոր դիմակները շպրտվեցին, բոլոր խաղերը վերջացան, եւ պետք էր կողմնորոշվել, թե ով ում կողմից է՝ պետությունը զավթած իշխանության, թե դրա հակառակորդների, այն է՝ հասարակության։ «Միջադիրները» գնացին այնտեղ, ուր եւ պետք է գնային, ամրագրեցին հուշագրով, եւ «լեգենդը վերջացավ». օլիգարխիան ժամանակավոր ամրագրեց իր հաղթանակը, նաեւ Ազատության հրապարակի «հաղթական շքերթով» զոհվածների 40-րդ օրը։

Քաղաքականապես մեռած «լեգենդը», ցավոք, վերակենդանացվեց 2011-15թթ. անբովանդակ քաղաքական մանիպուլյացիաների արդյունքում. սկսած «հայկական Իվանիշվիլի» ներկայացումից, վերջացած անիմաստ «եռյակ-քառյակ» քաղաքական-կրկեսային «տոնավաճառներով», որոնց արդյունքը մեկն էր. հասարակական ապաթիա, զանգվածային զզվանք, իսկ Հայաստանն էլ ավելի էր թաղվում միջազգային հանցավորությունից խայտառակ կախման մեջ։

Երբ 2015-ին պարզ դարձավ, որ «լեգենդը» նաեւ քաղաքական չարիք է, սակայն, ոչ բիզնեսում, քանզի այն «համակարգաստեղծ» էր, դա չխանգարեց յուրովի «բազմակուսակցական համակարգի» շարունակականությունն ապահովելու համար։ Ի վերջո, որքան էլ ասես «չարիք», երբ այն անհրաժեշտ է համակարգին՝ ուրեմն անհրաժեշտ է։ Ի վերջո, ոչ ոքի պետք չէր ավելորդ աղմուկը մի ռեժիմում, երբ լավագույն պահվածքն էր «կեր ու սուս», բացի այդ՝ «ժամանակը՝ փող է», իսկ ամեն բան ժամանակավոր է, մշտական են միայն ժամանակավոր դժվարությունները։ Եվ թվում էր, թե ամեն բան վերջնականապես հանդարտվում է, երբ «լեգենդը», որը մինչ այդ «չարիք» էր, բայց կարող էր վերադառնալ եւ կրկին ստանձնել «երկրորդ ուժի» դերն արդեն նոր Սահմանադրության, խորհրդարանական կառավարման, երրորդ եւ անվերջ ժամկետների միտված Սերժ Սարգսյանի պայմաններում։

Սակայն, «Եդինայա Ռոսսիա»-ի, Յանուկովիչի «Ռեգիոնների կուսակցության», Չինաստանի կոմկուսի քույր-կուսակցություն ԲՀԿ-ին, որը 2014-ից արդեն սկսել էր «նվաճել» նույնիսկ Եվրոպան՝ որպես «պահպանողական եւ ռեֆորմիստ», տրված չէր վայելել այդ հովվերգությունը։

Ժողովրդավարության «դեկորի», «ոչ իշխանական», «այլընտրանքային», «ժողովրդական» ուժի առաքելությունը ստանձնած եւ իշխանության քրեա-օլիգարխիկ շահերի «տեղապահ» կառույցը լիովին կորցրեց իր իմաստը եւ «հմայքը» Թավշյա հեղափոխությունից հետո։ Երբ այլեւս չկա ՀՀԿ-ն, որից մնացած առանձին հատվածներ դեռ գոյության պայքար են մղում, ԲՀԿ-ի անելիքն ինքնըստինքյան կդառնար ինքնանպատակ, եթե ուղղված չլիներ նախկինի գործելակերպին, մտածելակերպին, «արժեքներին» շարունակաբար ծառայելու առաքելությանը, քանզի նրանք այլ բանի ուղղակի «չեն ծրագրավորվում»։ Այսինքն, տեղի ունեցողը միանգամայն օրինաչափական է եւ տրամաբանական, այդ թվում՝ այն լյուստրացիոն «համախմբումը», որի ականատեսն ենք այսօր։

Որքան էլ որ միամտաբար ասվում էր, թե «այլեւս չկան օլիգարխներ, կան միայն խոշոր գործարարներ», կյանքը ցույց տվեց, որ այն ավելի բարդ է, քան մեր ամենաբարդ պատկերացումները կյանքի մասին, այդ թվում՝ քաղաքական։ Եվ դեռ չտրված, այսքան սպասված քաղաքական գնահատականն առ այն, թե ի՞նչ էր տեղի ունեցել Հայաստանում, որ հեղափոխությունը դարձավ անխուսափելի՝ դեռ սպասում է իր ձեւակերպմանը եւ հռչակմանը։ Հասարակական-քաղաքական նենգափոխման եւ այլասերման ժամանակաշրջանն ավարտվել է, նոր քաղաքական սերնդի գիտակցությունն այլեւս մերժում է այս «պոստսովետը»՝ իր ճորտատերերով եւ ճորտերով, տերերով եւ ծառաներով, իր կերպարներով եւ պրակտիկայով, էթիկայով եւ էսթետիկայով։ Եվ հեղափոխությունն իրենով իսկ՝ «Ծառուկյան» քաղաքական երեւույթի մայրամուտն էր նշանավորում։ Երեւի թե մի ամբողջ երկու տարի ժամանակ էր պետք, որպեսզի ոմանք եւս՝ դա հասկանային։

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
16.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930