Լրահոս
Օրվա լրահոսը

Կրել թե չկրել՝ այս է խնդիրը

Հունիս 16,2020 12:00

Նոր կորոնավիրուսային վարակի աննախադեպ աճի հետ կապված՝ ցանկանում եմ մեկ անգամ եւս անդրադառնալ բժշկական դիմակներ կրելու չափից դուրս չարչրկված  թեմային: Անդրադարձ կատարելով դիմակների ստեղծման պատմությանը՝ նշեմ, որ առաջին բժշկական դիմակի նախատիպը եղել է  զգեստի մաս հանդիսացող, այսպես կոչված, «թռչնի կտուցը», որը 17-րդ դարի սկզբին ստեղծել է ֆրանսիացի բժիշկ Շարլ Լորմը՝ ժանտախտից պաշտպանվելու համար: Այդ զգեստը ներառում էր ձեռնոցներ, մոմապատ վերարկու, բաճկոն՝ իր գլխարկով եւ դիմակով, որը ծածկում էր ամբողջ դեմքը եւ ուներ երկար ձգված քիթ, որի մեջ նրանք դնում էին խոտ, չորացրած խոտաբույսեր, կամֆորա: Ի սկզբանե ստեղծված լինելով որպես վատ հոտից պաշտպանվելու միջոց՝ դիմակը աշխատել է որպես ռեսպիրատոր:

19-րդ դարի վերջին բժիշկներ Պոլ Բերժերը եւ Յոհան Միկուլիչ-Ռադեցկին միաժամանակ ստեղծեցին այնպիսի դիմակներ, որոնք նման էին արդեն ժամանակակից դիմակներին: Ստեղծման առիթ հանդիսացավ միկրոկենսաբան Կարլ Ֆլյուգգեի կողմից մարդկանց թքի մեջ պաթոգեն միկրոօրգանիզմների հայտնաբերումը:

1897-ի վերջին Պոլ Բերժերը սկսեց օգտագործել մարմաշի գործվածքի վեց շերտերից բաղկացած դիմակ, որը նախատեսված էր մարդուն՝ հիվանդների հազի եւ փռշտոցի, խոսելու ժամանակ առաջացող թքի կաթիլների հետ շփումից պաշտպանելու համար: Նա ավելի քան մեկ տարի տեւած դիտարկումների ընթացքում պարզեց, որ զգալիորեն նվազում են վարակները, երբ բժիշկներն աշխատում են բժշկական դիմակներով: Միեւնույն ժամանակ, վիրաբույժ Յոհան Միկուլիչ-Ռադեցկին սկսեց օգտագործել մարմաշի գործվածքից պատրաստված վիրակապ եւ ձեռնոցներ:

Արդեն 1920-ականներին բժշկական դիմակները սկսեցին կիրառվել համարյա բոլոր եվրոպական երկրների վիրահատարաններում: Դրանք լայնորեն օգտագործվել են ինչպես «Իսպանական» գրիպի համաճարակի, այնպես էլ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ քիմիական զենքից պաշտպանվելու համար:

Ժամանակակից մեկանգամյա օգտագործման բժշկական դիմակները պատրաստված են եռաշերտ SMS նյութից, որը բաղկացած է հետեւյալ շերտերից՝ Spunbond-meltblown- spunbond: SMS նյութերը ունեն բարձր կլանող հատկություններ, եւ գրեթե չեն թողնում կենսաբանորեն ակտիվ հեղուկների, քիմիական միացությունների, ճարպերի ներթափանցումը շնչուղիներ: SMS-ի հակաբակտերիալ հատկությունները մի քանի անգամ ավելի բարձր են ավանդական spunbond-ի հետ համեմատ:

Մեր երկրում դեռեւս խորհրդային տարիներից  ընդունված էր դիմակների կրումը սուր շնչառական վարակներով հիվանդների հետ շփվող անձանց՝ հիվանդապահների, հիվանդների ընտանիքի անդամների, բուժանձնակազմի կողմից, ինչպես նաեւ հիվանդների կողմից՝  հասարակական վայրերում գտնվելու դեպքում:

Ժամանակակից բժշկական դիմակները տարբերվում են իրենց պաշտպանիչ հատկություններով: Վիրուսի չափը ինքնին որեւէ դեր չի խաղում դիմակի կամ ռեսպիրատորի աշխատանքի մեջ: Վիրուսները չեն կարող ինքնուրույն օդում կախված լինել, եւ պետք է անպայման շրջապատված լինեն ջրի մոլեկուլներով, առանց որի նրանք միանգամից ոչնչանում են: Ակտիվ վիրուսները գտնվում են կաթիլների ներսում, որոնք տատանվում են 1-ից 200 միկրոմետրի սահմաններում: Աերոզոլային կաթիլների մեծ մասը չափերով մեծ է, ուստի դեմքի վրա նույնիսկ տնային պայմաններում սովորական կտորից կարված դիմակը, դեմքին փաթաթած շարֆը կամ գլխաշորը կարող են կանխել նրանց ներթափանցումը շնչուղիներ: Տանը պատրաստված քառաշերտ կտորից դիմակն իր արդյունավետությամբ բավականին մոտ է մեկանգամյա օգտագործման դիմակին: Թերեւս մեզանից շատերը կհիշեն դեռեւս խորհրդային տարիներից ծանոթ, սովորական թանզիֆից տնային պայմաններում պատրաստված բազմաշերտ դիմակները, որոնք հաջողությամբ կիրառվում էին թե բուժաշխատողների, եւ թե բնակչության կողմից:

Մեկանգամյա դիմակներն ունեն շատ բարձր արդյունավետություն եւ ի վիճակի են պահել 3 միկրոմետրից մեծ աերոզոլային կաթիլների ավելի քան 95% -ը: N95 բժշկական ռեսպիրատորը գրեթե բաց չի թողնում 3 միկրոմետրանոց կաթիլներ եւ պահում  է 0,3 միկրոմետր չափերով աերոզոլի 95% -ը, ինչը շատ փոքր քանակություն է վարակման հնարավորության տեսանկյունից:

Ավելի մանրամասն կանգ չառնելով դիմակների եւ ռեսպիրատորների որակի, օգտագործման ոլորտների եւ պաշտպանվածության աստիճանի վրա, ուզում եմ նշել, որ նույնիսկ ամենաբարձր պաշտպանվածության աստիճան ունեցող դիմակները՝ ԱՄՆ-ում եւ Չինաստանում՝  N95, N99, Եվրոպայում՝ FFP1, FFP2 եւ FFP3, որոնք պաշտպանում են օրգանիզմը միկրոմասնիկների 80% -ից 99%-ի ներթափանցումից, չեն կարող մարդուն լիովին ապահովել վիրուսային վարակներից: Սակայն դիմակների կրումը նաեւ (եւ հատկապե՛ս) հիվանդների կամ վիրուսակիրների կողմից, անհամեմատ իջեցնում է բնակչության վարակման ռիսկերը:  Ինչո՞ւ է դա անհրաժեշտ: Գիտնականները ապացուցել են, որ արտաշնչելիս 0,1 միկրոմետրից մեծ կաթիլները կախված իրենց չափից, օդի խոնավությունից եւ ջերմաստիճանից, կարող են մինչեւ 2 մ հեռավորություն հաղթահարել: Բայց հազալիս կամ փռշտալիս նրանք կարող են թռչել բերանից մինչեւ 50 մ/վ արագությամբ՝ փռշտալիս, կամ մինչեւ 10 մ/վ արագությամբ՝ հազալիս, եւ ի վիճակի են մինչեւ 6 մ տարածություն անցնել: Եթե դա այդպես է, ապա 2 մ անվտանգ հեռավորությունը, որը հաճախ կոչում են «սոցիալական հեռավորություն», կարող է բավարար չլինել, քանի դեռ չեք կրում սովորական դիմակ:  Իսկ երբ հիվանդ մարդն է կրում դիմակ, ապա արտաշնչելիս, խոսելիս, հազալիս կամ փռշտալիս, օդի հոսքի հետ արտանետվող հեղուկի միկրոկաթիլների արագությունը, քանակությունը, եւ որ ամենակարեւորն է՝ տարածման հեռավորությունը, զգալիորեն կրճատվում են, եւ դիմացինի կողմից սոցիալական որոշ հեռավորություն պահպանելու եւ դիմակ կրելու դեպքում վարակվելու հնարավորությունը համարյա զրոյացվում է: Ահա թե ինչու է պետք մեր երկրում դիմակ կրելու մշակույթ ձեւավորել, ինչպես դա արել են Չինաստանը, Ճապոնիան եւ մի շարք այլ ասիական երկրներ, որոնք նույնիսկ մինչ կորոնավիրուսային համավարակը համատարած դիմակ կրելու միջոցով պաշտպանվում  էին սեզոնային շնչառական վարակներից:

Հաճախ, զանգվածային լրատվամիջոցներով ելույթ ունենալով, որոշ վայ-բժիշկներ, նաեւ բժշկության հետ ընդհանրապես կապ չունեցող մարդիկ ոչ միայն կասկածի տակ են դնում դիմակների՝ տասնյակ տարիներով ապացուցված արդյունավետությունը՝ վիրուսային եւ այլ շնչառական համավարակներից պաշտպանվելու համար, այլեւ նույնիսկ շեշտում դրանց վտանգավորության մասին: Ասեմ, որ դիմակների կրումը համարյա չունի հակացուցումներ, բացառությամբ՝ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդություններ ունեցող հիվանդների եւ մինչեւ 3 տարեկան երեխաների համար: Բացի այդ, դիմակները ոչ միայն հակացուցված չեն սեզոնային ալերգիաներով  հիվանդների համար, այլեւ հանդիսանում են սրացումների կանխարգելման լավագույն միջոց, քանի որ սահմանափակում են շնչուղիների հետ ալերգենի անմիջական շփումը: Որոշ մեգապոլիսներում ընդունված է կրել դիմակ նաեւ անկախ սեզոնային վարակների առկայությունից, թոքերը եւ շնչուղիները փոշուց, մեքենաների արտանետումներից եւ այլ վնասակար նյութերից պաշտպանելու համար, որն առավել քան արդիական է նաեւ մեր՝ հայաստանյան պայմաններում: Դիմակները չեն առաջացնում թոքերի սնկային կամ այլ հիվանդություններ, այլ ընդհակառակը՝ օդը ֆիլտրում եւ մաքրում են սնկերի սպորներից եւ այլ վնասակար միկրոօրգանիզմներից:

Ներկայումս երկրագնդի վրա ընթանում են դեմոգրաֆիական անդառնալի պրոցեսներ` բնակչության գերբնակեցում, միգրացիա, ուրբանիզացիա, առաջացնելով աշխարհում դեմոգրաֆիական ճգնաժամ: Բնությունը դրան պատասխանում է նոր համավարակների ձեւավորմամբ՝ միտված յուրովի հանգուցալուծելու այդ զարգացումները: Մարդկության պատմությունը համավարակների առաջացման եւ հաղթահարման պատմություն է: Համավարակները չեն վերանալու, նրանք մարդկության պատմության անբաժանելի մասն են, նրանք միշտ եղել են, կան եւ կմնան: Երբ մարդկությանը հաջողվեց հաղթահարել ժանտախտի եւ ծաղիկի համաճարակները, սկսվեցին տիֆի եւ խոլերայի, տուբերկուլյոզի, կարմրուկի, դիֆթերիայի եւ այլ համաճարակներ, իսկ 20-րդ դարում նաեւ միլիոնավոր մարդկանց կյանքեր խլած գրիպի եւ ՄիԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակները: Բնությունը բացեր չի սիրում, եւ մի վարակի վերացմանը նա պատասխանում է մեկ այլ, նոր վարակի առաջացմամբ:

Ինչպես Երկրագնդի վրա ապրող ամեն մի կենդանի էակ, մարդը նույնպես բնության կողմից անընդհատ ենթարկվում է փորձությունների, եւ արդեն էականն այն չէ, ինչպիսին է այդ փորձության ուժգնությունը, այլ կարեւոր է՝ արդյո՞ք մարդկությունը հաղթանակած դուրս կգա այդ փորձությունից:

Եղեք առողջ, կրեք դիմակ:

Արտաշես ՂԱԶԱՐՅԱՆ

Բժիշկ, բ.գ.թ.

«Դիագնոստիկա» ԲՄ

Ընդհանուր բժշկության կլինիկայի ղեկավար

«Առավոտ» օրաթերթ
16.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930