Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սա իրականում քաղաքական գործընթաց է, որը համեմված է լինելու կրիմինալ տարրերով»

Հունիս 16,2020 10:15

«Իմ դիտարկմամբ, այդ ուժերն առայժմ զանգվածներին փողոց հանելու պոտենցիալը չունեն եւ այդ դեպքում, առանց փողոցի աջակցության, կարող են հույսները դնել բացառապես ներքին դավադրության կազմակերպման միջոցով կառավարության հեռացման տարբերակի վրա»,- «Առավոտի» զրուցակիցն է ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը:

– ԲՀԿ-իշխանություն բանավեճը հասավ իր կուլմինացիային, ինչը, ինչպես սպասվում էր, ավարտվեց ԲՀԿ առաջնորդի տան խուզարկությամբ, ԱԱԾ-ում հարցաքննությամբ, ապօրինի ձեռնարկատիրության եւ պետությունից հարկային պարտավորություններ թաքցնելու «բացահայտումներով» ու Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու, նրան մեղադրանք առաջադրելու հարցի քննարկումով ԱԺ-ում: ԲՀԿ-ում պնդում են, որ այս ամենը քաղաքական հետապնդում է, իշխանությունում հակադարձում են՝ երկրում օրինականություն է հաստատվում: Ձեր գնահատականներով՝ ի՞նչ է կատարվում ԲՀԿ-ՔՊ կամ «Իմ քայլը» հարաբերություններում, ո՞վ եւ ինչո՞ւ որոշեց առաջին «թիկունքից» հարվածը հասցնել՝ համատեղ գործունեության մասին հետհեղափոխական հուշագրի ստորագրումից եւ համատեղ խնջույքներից հետո:

– Եթե հետեւելու լինենք 2018 թվականի ամառվանից ի վեր վարչապետ Փաշինյանի կառավարության գործունեությանը ներքաղաքական ոլորտում, ապա տեսանելի է ՀՀ իշխանական համակարգի ղեկի մոտ կանգնած նախկին խմբավորումը ներկայացնող հնարավոր քաղաքական հակառակորդների եւ դրանց հետ փոխկապակցված ֆինանսա-տնտեսական օլիգարխիկ կառույցների աստիճանական չեզոքացմանն ուղղված գործողությունների  շարքը: Այդ համատեքստում հատկապես կարեւոր էր ուժային կառույցների՝ ԱԱԾ եւ Ոստիկանության այնպիսի վերափոխումը, որի շնորհիվ դրանք «կհեղափոխականացվեին», այսինքն հրապարակավ կկատարեին  այնպիսի գործողություններ, որոնք կընդգծեին վերջիններիս հավատարմությունը նոր իշխանությունների գաղափարական մոտեցումներին, բայց նաեւ, միաժամանակ, ղեկավար կազմի մակարդակում, կսահմանազատվեին նախորդ իշխանություններից: Այդ առումով  «Երկրապահ կամավորականների միության» նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը, նրան պատկանող շենքերի ու շինությունների ցուցադրական խուզարկություններն ու դրանց հետ կապված տեղեկատվության հանրայնացումը որոշակի, շատ կոնկրետ բացասական տրամադրվածություն ձեւավորեց պարոն Գրիգորյանի հանդեպ, բայց, եւ սա առավել կարեւորն է՝ այդ բացասական տրամադրվածությունը վերահասցեագրվեց նաեւ նախորդ ողջ իշխանական խմբավորման վերնախավին եւ այդ շրջանում անգամ դրա ներկայացուցիչների կողմից գեներալ Գրիգորյանի հասցեին հնչեցված մեղադրանքներն ու նրանից սահմանազատվելու փորձերն աշխատեցին հօգուտ ՀՀ նոր իշխանությունների: Իսկ օրվա հերոս դարձավ ԱԱԾ նորանշանակ պետը՝ պարոն Վանեցյանը, որը շատ չանցած նաեւ գեներալի կոչում ստացավ: Հետո տեղի ունեցավ պարոն Վանեցյանի հրաժարականն ու վարչապետ Փաշինյանի քաղաքական հակառակորդը դառնալու նրա կողմից կայացված որոշումը: Բայց գործն արդեն արված էր՝ նախ ԱԱԾ-ն սահմանազատվեց նախկիններից, ապա այդ սահմանազատումն անձնապես իրականացրած պարոն Վանեցյանն իր հրաժարականով սահմանազատվեց վարչապետից: Հընթացս այս կամ այն կերպ  նախկինների հետ անմիջականորեն փոխկապակցված մի շարք դերակատարներ հայտնվեցին իրավապահների հետաքրքրության ոլորտում՝ Գագիկ Խաչատրյանը, Միհրան Պողոսյանը, Արմեն Ավետիսյանը եւ ուրիշներ:  Այս ամենը զարմանալի չէ, քանի որ Հայաստանում, ինչպես եւ բազմաթիվ այլ երկրներում խոշոր կապիտալն ու քաղաքականությունը սերտորեն փոխկապակցված են եղել, սնել ու պահպանել են միմյանց: Հավանաբար այժմ էլ եկել է պարոն Ծառուկյանի հետ հարաբերությունները ճշգրտելու պահը: Գործող իշխանության համար սա կարեւոր խնդիր է հատկապես այն պատճառով, որ այժմ տեսանելի է նախկինների հետ այս կամ այն չափով փոխկապակցված շրջանակների կոնսոլիդացման գործընթաց եւ հնչեցվում են կառավարության հրաժարականի, այն հեռացնելու կոչեր: Չեմ կարծում, որ այստեղ թիկունքից հարվածելու խնդիր կա՝ կողմերը դժվար թե երբեւէ միմյանց նպատակների ու մղումների վերաբերյալ պատրանքներ են ունեցել: Սա իրականում քաղաքական գործընթաց է, որը համեմված է լինելու կրիմինալ տարրերով:

– ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցող այս զարգացումները զուգահեռելի՞ են 2015-ի իրադարձությունների հետ: Ի՞նչ ավարտ կունենա այս ամենը՝ Գագիկ Ծառուկյանի երդման ֆոնին՝ «անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»:

-Դեռ վաղ է այդ մասին վերջնական տեսակետ արտահայտելը: 2015 թվականին ամեն ինչ բավականին արագ հանգուցալուծվեց՝ պարոն Սերժ Սարգսյանը ՀՀԿ նիստ հրավիրեց, որի ընթացքում, փաստորեն, հստակ նկարագրեց, թե ինչով է պարոն Ծառուկյանն անձամբ իրեն պարտական, իրեն ձայնակցեցին իր թիմակիցները: Պարոն Ծառուկյանն ու ԲՀԿ-ն լուռ ընդունեցին սեփական քաղաքական պարտությունը եւ լքելով դաշնակիցներին նահանջեցին ելման դիրք՝ առանց նյութական կորուստներ կրելու: Դրա շնորհիվ այն ժամանակ ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացը լիովին տապալվեց: Այսօր, ստեղծված իրավիճակի այսօրինակ պարպման տարբերակը քիչ հավանական եմ համարում:

– Համավարակ-համաճարակով պայմանավորված ընդդիմադիր դաշտը կոնսոլիդացրել է իշխանության դեմ պայքարը՝ կառավարության հրաժարականի հրապարակային պահանջ դնելով: Սա ինչպե՞ս եք գնահատում:

– Գործող կառավարության ակտիվ հակառակորդները հանդիսացող տարաբնույթ ուժերը կարող են օգտագործել նաեւ այլ առիթներ՝ իշխանությանն ու վարչապետ Փաշինյանին քաղաքական վերջնագիր ներկայացնելու համար: Բայց  իմ դիտարկմամբ, այդ ուժերն առայժմ զանգվածներին փողոց հանելու պոտենցիալը չունեն եւ այդ դեպքում, առանց փողոցի աջակցության, կարող են հույսները դնել բացառապես ներքին  դավադրության կազմակերպման միջոցով կառավարության հեռացման տարբերակի վրա: Անկախ ելքից, այս քաղաքական բախումն, այդուամենայնիվ, իրականում դժվար թե առաջիկայում ներգրավված կողմերից որեւէ մեկի դիրքերն էապես ամրապնդի:

– Ձեր կարծիքով ի՞նչ քայլերի է պատրաստ իշխանությունը՝ ընդդիմախոսներին սաստելու համար: Համենայնդեպս, կիրակի օրվա զարգացումները՝ ոստիկանության պահվածքը, ինչ-որ առումով կարծես լակմուսի թուղթ էր: Ուժային կառույցներում վերջին նշանակումները որքանով էին կապված ավելի կոշտ գործողությունների գնալու նախապատրաստություններով: Ի դեպ, վարչապետ Փաշինյանը օրերս «բացիլ» էր անվանել իշխանության ընդդիմախոսներին՝ նրանց «քաղաքական գերեզմանով» սպառնալով:

– Կանխատեսում եմ, որ կողմերը, հավանաբար, կփորձեն կիրառել իրենց ձեռքի տակ եղած միջոցների ողջ զինանոցը եւ այդ տեսանկյունից, ինչ խոսք, գործող իշխանությունն իր հակառակորդների նկատմամբ առնվազն զգալի նյութատեխնիկական առավելություններ ունի: Ուժային կառույցների նոր ղեկավարների նշանակումը, թերեւս պետք է դիտարկել հենց այս համատեքստում: Կարծում եմ նաեւ, որ միմյանց բնութագրելու համար կողմերը գնալով ավելի սուր, նվաստացնող ու կոպիտ հռետորաբանություն են կիրառելու:

– Իսկ առաջին նախագահի մոտեցումը ընդունելի՞ է Ձեզ համար, որ կորոնավիրուսը պատերազմ է Հայաստանի համար եւ պատերազմական իրավիճակում իշխանությանը քննադատողները ազգի դավաճաններ են:

– Բազմիցս ասվել է, որ կորոնավիրուսի պատմությունը երկար է ձգվելու եւ, ամենայն հավանականությամբ, այդ վարակն այլեւս մնալու է մեզ հետ առհավետ: Վաղը նույն ընդդիմադիրները կմեղադրեն գործող իշխանություններին այն բանի համար, որ փորձում են թաքնվել կորոնավիրուսային համավարակի թիկունքում՝ սեփական իշխանությունն անվերջ երկարաձգելու հույսով: Ծագող խնդիրները լուծել է պետք:

Զրույցը` Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
16.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Իրականում նմանվեց 2015թ-ի բարձրաձայնմանը։Բոլոր առաջացած խնդիրները կստանան լուծում օրենքի և իրավական չափորոշների շրջանակում։

    Մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք:Սիրելի՛ հանրապետականներ,Հարգելի ներկանե՛ր,:
    Սիրելի հայրենակիցներ կարծես մոտենում են մեր երազած միասնական և հզոր հայրենիքի կառուցման նախադրյալները: Կարծում եմ պարոն՛ Ս.Սարգսյանի ուղերծը բոլորիս է վերաբերվում:

    Գագիկ Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930