Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ր օլիգարխի հետեւից է գալու հաջորդ իշխանությունը

Հունիս 16,2020 10:00

Հեռու եմ այն մտքից, որ Գագիկ Ծառուկյանն իր ավելի քան 25 տարի տեւող բիզնես գործունեության ընթացքում ոչ մի օրենք չի խախտել: Նա աշխատել է այդ տարիներին ընդունված չգրված կանոններին համապատասխան: Արդյոք այդ կանոնները փոխվե՞լ են: Խիստ կասկածում եմ, որովհետեւ հիմա էլ իշխանությանը լոյալություն ցուցաբերող գործարարներին (ներառյալ լեգենդար «Սաշիկին») հանգիստ են թողնում, եւ հենց դա՛ է գլխավոր «կանոնը», որը գործում է առնվազն 1998 թվականից: Օրենք են խախտել բոլոր գործարարները, եւ ցանկության դեպքում նրանցից յուրաքանչյուրի վրա հնարավոր է քրեական գործ բացել: Երբ պետության ռեպրեսիվ ապարատը կիրառվում է 100-ից մեկի նկատմամբ, դա նշանակում է, որ իշխանությունն, ինչպես եւ անցյալում, այդ ապարատը օգտագործում է ընտրողաբար՝ ինչ-որ քաղաքական կամ անձնական հարցեր լուծելու համար:

Եվ ինչպես միշտ, այս դեպքում էլ ես մտածում եմ խնդրի սկզբունքային լուծման մասին: Քանի որ իշխանությունների գործողությունները կրկնվում են արդեն գրեթե երեք տասնամյակ, ուրեմն կա օրինաչափություն, որը պայմանավորված չէ անձերի առանձնահատկություններով: Ամենացայտուն դեպքերը հայտնի են. հիշենք թեկուզ Խաչատուր Սուքիասյանին, որը 2008 թվականին «պատժվում էր» Տեր-Պետրոսյանին միանալու համար կամ նույն Ծառուկյանին, որին 2015 թվականին ՀՀԿ-ն հետապնդում էր, քանի որ նա ՀԱԿ-ի հետ «բուրժուա-դեմոկրատական հեղափոխություն» էր անում: Ծառուկյանի «երկու դեպքերի» տարբերությունն այն է, որ 2015 թվականին այդ գործարարին փնովելու «արարողությունն» իրականացվում էր ՀՀԿ խորհրդի նիստում, իսկ այժմ «Իմ քայլի» պատգամավորներն ու իշխանության երկրպագուները նույնն անում են ֆեյսբուքով:

Ինչպե՞ս հանգուցալուծվեցին վերոհիշյալ խնդիրները: Սուքիասյանն, ի վերջո, «լեզու գտավ» Սերժ Սարգսյանի հետ, իսկ Ծառուկյանը 2015 թվականին «փակեց քաղաքական էջը»: Չի բացառվում, որ հիմա էլ նա հնարավորություն ստանա «պատվով հանձնվելու» եւ խոստանա այլեւս «ծպտուն չհանել», ինչպես խորհրդարանի վերջին նիստերից մեկում ակնարկել էր վարչապետը: Թե՛ Սուքիասյանի եւ թե՛ Ծառուկյանի դեպքում իշխանությունն ասում է, որ քաղաքականությունն այստեղ կապ չունի, խոսքը հարկեր չվճարելու եւ նման այլ բաների մասին է: Բայց կրկնեմ՝ նման մեղադրանք կարելի է առաջադրել Հայաստանի բոլո՛ր խոշոր գործարարներին:

Ամբողջ խնդիրն այն է, որ մենք գործ ունենք ոչ թե պարզապես օրինաչափության, այլեւ բումերանգի կամ, եթե ուզում եք, կարմայի հետ: Ագրեսիվ հռետորաբանությամբ ուղեկցվող «իրար պատժելու», իրարից վրեժ լուծելու շղթան շարունակվելու է նաեւ հաջորդ իշխանությունների ժամանակ: Որքան մեծ է ագրեսիան այսօր, այնքան մեծ կլինի այն վաղը՝ չնայած կասկածից վեր է, որ հաջորդ իշխանությունը նույնպես կհայտարարի, որ վենդետա չի լինելու: «Պատժվելու» են այսօրվա իշխանությանը լոյալ «հին» օլիգարխները եւ, առավել եւս՝ այսօր աճած «նորերը»: Կամ նրանք, ովքեր ծպտուն կհանեն: Այդպես է շարունակվելու, մինչեւ չգա այնպիսի մի իմաստուն իշխանություն, որն իսկապես կկարողանա գիծ քաշել եւ սկսել զրոյից: Իմ կյանքի օրոք դա դժվար թե տեղի ունենա:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Իմ պատկերացմամբ, իշխանությունն ունի երեք բաղկացուցիչ մասեր՝ ուժային, քաղաքական եւ տնտեսական, գործող զինվորականն իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, գործող գործարարը իրավունք չունի զբաղվել քաղաքականությամբ, գործող քաղաքական գործիչն իրավունք չունի զբաղվել զինվորական կամ տնտեսական հարցերով, ինչպես նաեւ զինվորականը տնտեսական կամ գործարարը՝ զինվորական հարցերով, սրանք երեք իրարից անկախ ուժեր են եւ ցանկացած իրար խառնոց բերելու է ազգի կտրուկ թուլացման: Բայց այս երեքի ներդաշնակ գործունեության շնորհիվ է ազգն ու պետությունը հզորանում: Կարող ես հզոր բանակ ունենաս կամ հզոր տնտեսություն, բայց նրանց ներդաշնակ իրար է կապում ներքին եւ արտաքին քաղաքականությունները, այս երեքն իրարից են սնվում եւ իրար ծառայում: Սառը թե տաք պատերազմական իրավիճակում ճակատն առանց թիկունքի երկար չի կարող կռվել, իսկ թիկունքը՝ դա զինվորի ուտելիքն է եւ համազգեստը, զենքն ու պահեստամասերը, եթե բանակը զինվորի ուսերի վրա է, ապա թիկունքը՝ գործարարի ուսերի վրա է, զինվորի հաղթանակը գործարարի հաղթանակն է եւ հակառակը: Գլխավոր պայմանը պետական ծառայության՝ մեղավորության ու չգիտեմ հերոսության կանխավարկածն է եւ մեր բոլոր զինվորականներն ու գործարարները պետք է մեր Հայ դատում ներկայացվեն եւ շքանշանների ու կոչումների լավագույն դեպքերում եւ դրանցից զրկելը՝ վատագույն դեպքերում:

  2. Սարգիս Զեյթունյան says:

    Metamorphosis
    https://www.youtube.com/watch?v=yLj-mnn_YXk
    https://www.youtube.com/watch?v=UIx3s0jfuVc
    Երկրորդ հարցազրույցը բացահայտում է, թե որն էր երիտասարդի՝ ավելի քան 20 տարի առաջ սկսած «սեփական խաղը» (տե՛ս առաջին հարցազրույցը 10:10-ից) և, իմ կարծիքով, բացատրում հոդվածի հեղինակի հոռետեսական տրամադրությունը.
    …«Այդպես է շարունակվելու, մինչեւ չգա այնպիսի մի իմաստուն իշխանություն, որն իսկապես կկարողանա գիծ քաշել եւ սկսել զրոյից: Իմ կյանքի օրոք դա դժվար թե տեղի ունենա:»
    Հարգելի՛ խմբագիր, հուսով եմ, սխալվում եք:

  3. Gagik says:

    Սուքիասյանի դեպքում հենց կարելիա ասել, որ ժողովրդից թալանածն են վերադարձրել բյուջե։
    Բջնին իրոք համաժողովրդական սեփականությունա եղել, որը գռզոն սեփականացրելա, օգտագործելով իշխանական կապերը։ Ու հարկեր էլ իրոք չի վճարել կամ կոպեկներա վճարել։
    Իսկ Շանգրի Լան զրոյից կառուցվածա ու խոշոր հարկատույա, տարեկան ավելի քան 10միլիոն դոլլար հարկցա վճարում։
    Նոր Հայաստանի իշխանությունը գտնումա, որ իբր նույն տարածքում 2կազինոյա գործե հետևաբար պիտի կրկնակի շատ հարկ վճարեին։
    Այսինքն էս դեպքում էլ ֆիքսում ենք, որ Քոչարյանը ու անգամ Սերժը անհամեմատ ավելի լավ ղեկավար են, քան ձեր Նիկոլը։

  4. Gagik says:

    Հա ու շատ կարևոր հարց։ Քոչարյանը երբևէ չի կուրծք ծեծել, թե ես նոր Հայաստան եմ կառուցում, բոլորը օրենքի առաջ հավասար են։ Իսկ նորերը եկել են էտ լոզունգներով ու Ծառուկյանի հետ կապված դեպքերով պարզ դարձավ, որ ստում են։
    Շանգր լայի դեմ ֆինանսների նախարարությունը վարույթա հարուցում մի քանի ամիս քննումա, վարույթը կարճումա, այսինքն ֆիսումա, որ խախտում չկա, 2շաբաթ հետո նոր “սրբերը” քրեկան գործ են թխում, թե բա Շանգրի լան 60միլիոն դոլլարի չափով հարկերից խուսափելա։
    Խի քաղաքական հետապնդումը պոզով պոչովա լինում՞

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930