«Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու եւ ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ միջնորդագրերը ՀՀ գլխավոր դատախազը հղել է ԱԺ աշխատակազմին, ԱԺ-ի խորհուրդն էլ այսօր նիստում հաստատել է այդ նախագծերը, եւ վաղվա հերթական նիստում կքննարկենք նաեւ այս հարցը»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Անդրադառնալով ԲՀԿ-ականների պնդումներին, թե Գագիկ Ծառուկյանի հանդեպ կատարվողը քաղաքական հետապնդում է, Միրզոյանը նշեց. «Այդ մասին շատ ասելիք կա: Ընդգծեմ աներկբա իրողությունը՝ սա զուտ իրավական գործընթաց է, որը նախաձեռնված է շատ վաղուց: Դուք գիտեք, որ շատ գործեր են քննվում իրավապահ համակարգում՝ գործիչներին առնչվող: Բացառապես իրավական գործընթացի մասին է խոսքը, որն, անշուշտ, վերաբերում է քաղաքական կուսակցության ղեկավարին, եւ հասկանալի է, որ քաղաքական ենթատեքստ է հաղորդվում, բայց կատարվողն իրավական է: Թույլ տվեք այս պահին առավել մանրամասն չխոսել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ