Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը թողնում է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնը: Նա ծանուցվել է, որ իր հետ պայմանագիրը չի շարունակվելու:
Ի պատասխան Aravot.am-ի հարցին, թե որն է նրանից ազատվելու պատճառը` ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից ընդամենը հայտնեցին, որ Արման Ծատուրյանի հինգ տարվա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի 18-ին, եւ այդ հիմքով էլ ազատվում է զբաղեցրած պաշտոնից, կարգի համաձայն էլ հայտարարվելու է նոր մրցույթ:
Aravot.am-ը չկարողացավ կապվել Արման Ծատուրյանի հետ, քանի որ նա անջատել է իր հեռախոսը, բայց մեզ հայտնի է, որ պայմանագրի չերկարացվելու պատճառներից մեկն այն է, որ նա նախկինների հետ է ասոցացվում` Արման Ծատուրյանը պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի սանիկն է: Ի դեպ, հենց Արման Ծատուրյանի տնօրինության տարիներին է Պատկերասրահում բավականին աշխատանք կատարվել, նա թողել է ճոխ արտաբյուջե, իրականացրել մի շարք նախագծեր, իսկ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի շնորհիվ պատկերասրահը գրանցել է ռեկորդային այցելություններ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ