Տեղի ունեցավ Հայաստանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների զրույցը՝ տեսակապի ձևաչափով
Հունիսի 15-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակապի ձևաչափով զրույց ունեցավ Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Օլեգ Ցուլեայի հետ:
Նախարար Մնացականյանը շնորհավորեց իր մոլդովացի գործընկերոջը պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ հաջողություններ մաղթելով այդ կարևոր առաքելությունում։
Հայաստանի և Մոլդովայի արտգործնախարարները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված սոցիալ-տնտեսական մարտահրավերների հասցեագրման ուղղությամբ ազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերի շուրջ:
Անդրադառնալով հայ-մոլդովական երկկողմ հարաբերություններին՝ զրուցակիցները գոհունակություն հայտնեցին երկխոսության և համագործակցության դրական դինամիկայի կապակցությամբ և վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը՝ գործնական քայլեր ձեռնարկելու երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և խորացման ուղղությամբ:
Այդ համատեքստում առանձնահատուկ կարևորվեց տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության հետագա ակտիվացումը, այդ թվում՝ փոխայցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունների անցկացման միջոցով:
Որպես փոխգործակցության առաջնային ուղղություններ՝ ԱԳ նախարարները նշեցին գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության և ստեղծագործ կրթության, առողջապահական ոլորտները: Նախարարներ Մնացականյանն ու Ցուլեան ընդգծեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության կարևորությունը:
Զրուցակիցներն անդրադարձան համագործակցությանը տարածաշրջանային և միջազգային ձևաչափերում, այդ թվում՝ ԵՄ Արևելյան գործընկերության, ԵԱՏՄ, ՍԾՏՀ շրջանակներում:
Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները մտքեր փոխանակեցին նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:
ՀՀ ԱԳՆ