Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը հարկի-անհարկի օգտագործում է ռեպրեսիվ մեքենան՝ քրեական գործերով սպառնալով գրեթե բոլոր ընդդիմախոսներին». Արթուր Ղազինյան

Հունիս 15,2020 21:55

«Իսկ Դուք սպասում էիք, որ իշխանությունը պետք է խոստովանե՞ր, որ իրենք նախաձեռնել են քաղաքական բնույթի հետապնդում ակնհայտ քաղաքական դրդապատճառով հարուցված  քրեական գործերով»,- Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ կարծիք ունի վերջին օրերի զարգացումների մասին, քանի որ մի կողմից ԲՀԿ-ականները հայտարարում են, որ Գագիկ Ծառուկյանի հետ կատարվածը քաղաքական հետապնդում է, իսկ իշխանական թևից պնդում են, որ կան կոնկրետ խախտումներ և փաստեր,  այսպես պատասխանեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:

Ըստ նրա՝ աշխարհում ոչ մի իշխանություն չի ասելու, որ իրենք իրականացնում են քաղաքական հետապնդում: Դառնալով ՀՀ ներքաղաքական իրադարձություններին ՝ նա ասաց. «Ուղղակի փաստերի համադրությունն է տալիս այն եզրակացությունը, որ ամեն ինչ սկսվեց այն բանից  հետո, երբ հայտարարություն եղավ,  որ կառավարությունը պետք է փոխվի հարյուր տոկոսով: Սա դարձավ պատճառ, որպեսզի իշխանությունը ձեռնամուխ լինի իր համար արդեն գործելաոճ և ձեռագիր դարձած՝ քրեական գործերի հարուցման շքերթով: Իշխանությունը հարկի անհարկի օգտագործում է ռեպրեսիվ մեքենան՝ քրեական գործերով սպառնալով գրեթե բոլոր ընդդիմախոսներին. դա իրենց ոճն է՝ չունենալով բովանդակային հակադարձման որևէ ներուժ»:

Մեր հիշեցմանը՝ իշխանական թևից կոնկրետ թվեր, գումարի չափ են նշում, Արթուր Ղազինյանն արձագանքեց. «Ես չէի ցանկանա այս պահին քննարկել քրեական գործի առանձնահատկությունները, քանի որ լինելով իրավաբան, ինքս կցանկանայի մինչև վերջ տեղեկացված լինել, հետո նոր  գնահատական տալ քրեական գործի մեջ դրված մեղադրանքի հիմքերին, հետևաբար ես այս պահին ձեռնպահ կմնամ քրեական գործի մասով որևէ գնահատական տալուց: Կխոսեմ առերևույթ, առկա և ինձ համար արդեն տեսանելի ու ընկալելի քաղաքական հետապնդման մասին»:

Արթուր Ղազինյանը ոստիկանության գործողությունները ոչ համաչափ, ոչ համարժեք է համարում: Նա շարունակեց. «Հատկապես կանանց նկատմամբ կատարվածն ուղղակի անթույլատրելի էր: Ես չգիտեմ՝ այդ տղամարդիկ՝ ոստիկաններն, ի՞նչ զգացողություն ունեին կնոջ հետ նման կերպ վերաբերվելիս, հատկապես, երբ այդ կինը ԱԺ պատգամավոր է, որն օժտված է անձեռնմխելիությամբ: Թույլատրելի բոլոր բարոյականության նորմերն անցած էին. հայ տղամարդուն չէր սազում»:

Մեր այն փաստմանը՝ որոշ իրավաբաններ պնդում են, որ արտակարգ դրության պայմաններում բազմամարդ հավաքներն արգելված են, Արթուր Ղազինյանն այսպես պատասխանեց. «Երբ 150-200 բողոքող քաղաքացիների դեմ մի քանի հազար ոստիկանական ուժ է դուրս բերվում, ապա լավ կլիներ, որ ոստիկանությունն այդ մի քանի հազար ոստիկանների առողջության մասին մտածեր նախ, քանի որ նրանց թիվը մի քանի անգամ գերազանցում էր բողոքող անձանց թվին: Ուստի այդ փաստարկն աշխատող չէ, թե իրենք ինչ իրավունք ունեին համավարակի պայմաններում քաղաքացիական ակցիա իրականացնել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930