Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մայր բուհում դիմորդների թիվն ավելացել է․ ո՞րն է ամենահրապուրիչ բաժինը

Հունիս 15,2020 21:44

Dimord.am կայքի հրապարակած տվյալների համաձայն, Շիրակի պետական համալսարանի ամենաամեծ թվով դիմորդներ ունեցող բաժինը ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ են, որտեղ ընդունվելու համար դիմել են 84 հոգի, կա 5 անվճար և 30 վճարովի տեղեր։ Որոշակի մրցակցություն սպասվում է նաև անգլերեն լեզու և գրականություն բաժնում, որտեղ դիմել են 36 հոգի՝ 3 անվճար և 26 վճարովի տեղերի համար։ Դիմորդները հետաքրքրված են նաև հոգեբանություն բաժնով, թարգմանչական գործով։ Ամենաքիչ դիմորդ ունեցող բաժինը ֆիզիկան է, ընդամենը մեկ դիմորդ է՝ մեկ անվճար և 15 վճարովի տեղերի համար։ Մաթեմատիկա բաժինն ունի 3 դիմորդ՝ մեկ անվճար և 15 վճարովի տեղերի համար, նույն տխուր պատկերն է աշխարհագրություն բաժնում, դեղագործական բաժնում էլ ընդամենը 2 դիմորդ է ՝ 20 վճարովի տեղերի համար։

Aravot.am-ի հետ զրույցում բուհի ռեկտորի ժ/պ Երվանդ Սերոբյանն ասաց, որ դիմորդների ընդհանուր թիվը նախորդ տարվա հետ համեմատ մոտ 100-ով ավելացել է։ Բուհն այս տարի ունի 446 դիմորդ։ Համալսարանը չունի այդպիսի բաժին, որտեղ ընդհանրապես դիմորդներ չլինեն։ Թվարկելով, թե որ մասնագիտություններ են մրցակցային, բուհի ռեկտորի ժ/պ-ն արձանագրեց, որ բնագիտամաթեմատիկական առարկաների նկատմամբ հետաքրքրությունը նվազել է ոչ միայն Շիրակի պետական համալսարանում, այլ բոլոր բուհերում։

Մեր հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված դա, մի՞թե այդ ոլորտում հնարավոր չէ աշխատանք գտնել, ռեկտորի ժ/պ-ն պարզաբանեց, որ դիմորդները տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտ են տեղափոխվում։

«Խնդիրը բազմագործոնային է, կա նաև ձեր նշած փաստը․ նախ այդ մասնագիտություններով միայն աշխատասիրությունը քիչ է, բոլորս հասկանում ենք, այդ առարկաների գծով ինչ-որ չափով պետք է նաև օժտվածություն ունենան։ Համեմատաբար ավելի դժվար է տրվում և հետո կա հումանիտարիզացման փուլ։ Մենք հումանիտարիզացման փուլում ենք գտնվում, նայում եմ Եվրոպական երկրներն էլ ունեն այդ խնդիրը։ Պատճառը երևի գիտեք, մեզ մոտից շատ ինժեներներ, բժիշկներ մեծ հաճույքով ներառվում են եվրոպական համակարգ, աշխատաշուկա, գնում են, այնտեղ գործ են գտնում, աշխատում են։ Այստեղ մի քանի գործոններ կան, հատկապես ֆիզիկայի, միջուկային ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի մասնագիտությունները տեղափոխեցին դեպի IT ոլորտ»,-ասաց Երվանդ Սերոբյանը։

Նա նաև նշեց, որ երեք նոր մասնագիտություններ՝ կենսատեխնոլոգիա, լոգոպետիա և հատուկ մանկավարժություն են բացվել մագիստիրատուրայում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930